ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՍՏՈՒԳԱՅՑԵՐ ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ՀՀ կառավարության որոշմամբ, կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են կատարվել Էրեբունի վարչական շրջանում։ ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, փոխգործակցելով ՀՀ ոստիկանության հետ, եղել է Էրեբունի վարչական շրջանում: Մասնագիտական թիմը շրջել է Ազատամարտիկների զբոսայգում եւ իրականացված մշտադիտարկումների արդյունքում գրանցել դիմակները ոչ ճիշտ կրելու, երբեմն նաեւ սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը խախտելու դեպքեր։ Տեղում տրվել են խախտումները վերացնելու վերաբերյալ ցուցումներ եւ բաժանվել մեկանգամյա օգտագործման դիմակներ։

 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնք  կանգնած ուղեւորներով փոխադրում են իրականացրել։ Տաքսամոտորային ուղեւորափոխադրման համակարգում հայտնաբերվել են դիմացի նստատեղին ուղեւորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաեւ առանց դեմակի վարորդներ: Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ մի քանի խախտումներ են հայտնաբերվել բենզինի լցակայաններում ու շինանյութի առեւտրի կետերում: Խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Էրեբունի վարչական շրջանում նախկինում խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ կրկնայցերի ժամանակ խախտումներ չեն հայտնաբերվել: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ։ Տեսչական մարմինը կատարել է նաեւ կասեցումներ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում? 24 ժամով դադարեցվել է մի շարք շինանյութի խանութների ու բենզինի լցակայանների գործունեությունը: Նշված վայրերում արձանագրված հիմնական խախտումը դիմակների եւ ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի եւ ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունն է:

Հիշեցնենք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առեւտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում։

Կրթության տեսչական մարմինը Էրեբունի վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում հետեւել է ՀՀ պարետի որոշմամբ հաստատված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը` մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությանը, մանրէազերծման աշխատանքների կատարմանը, գրանցամատյանների վարման կարգին, ինչպես նաեւ  խոհանոցային հատվածի համար սահմանված կանոնների պահպանմանը: Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար, սակայն լինում են թերացումներ, որոնք տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրված անհրաժեշտ ցուցումների եւ խորհրդատվության արդյունքում արագ վերացվում են՝ նվազեցնելով համաճարակի տարածման հավանականությունը:

 

 

ՈՒԶՈՒՄ Է ԳՏՆԵԼ ՍՊԱՆՈՂԻՆ

2019 թվականի դեկտեմբերի 2-ին մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայող, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատները դեռ անպատասխան հարցեր ունեն: Այսօր Աջամյանի մայրը՝ տիկին Գոհարը, կրկին Ազգային ժողովի դիմաց էր եկել՝ հանդիպելու համար Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, որը խոստացել էր մշտապես կապ պահել զինծառայողի հարազատների հետ:

 

Տիկին Գոհարն Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե կրկին անպատասխան հարցեր կան, եւ ցանկանում է ի վերջո իմանալ, թե ով է սպանել իր որդուն, ինչպես է տեղի ունեցել դեպքը: Տիկին Գոհարը մեզ հետ զրույցում նաեւ այլ խնդիրների մասին բարձրաձայնեց. «Այս ընթացքում  փորձել եմ մի քանի անդամ Անդրանիկ Քոչարյանին մոտենալ, ոչ մեկը չի մոտեցել: Ես խնդիրներ շատ ունեմ, նաեւ առողջական խնդիրներ, բնակարանի հարց եւ որեւէ մեկը չի աջակցում ինձ: Ես միայնակ եմ, իմ երեխան զոհվել է, որեւէ մեկը չի աջակցում»: Արթուր Աջամյանի մոր խոսքով՝ դեպքից 7 ամիս անց որեւէ մեկն իրեն հստակ պատասխան չի տվել, չեն էլ աջակցել: «Զոհվածի մայր եմ, միայնակ, ո՛չ բնակարան ունեմ, ո՛չ որեւէ բան: Միայնակ եմ, ինչո՞վ ես  ինձ ապահովեմ, միայնակ ինչպե՞ս ապրեմ: Ես ուզում եմ սպանողին գտնեմ, չի բացահայտվում՝ ով է իմ երեխուն սպանել, ինչու իմ երեխան զոհվեց», – հավելեց մայրը:

Մեկնաբանության համար ArmLur.am-ը զրուցեց նաեւ խորհրդարանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ վերջին անգամ հունիսի 29-ին է Ազգային ժողովի շենքի դիմաց պատահաբար հանդիպել Արթուր Աջամյանի մայրիկին, սակայն վստահեցրեց, թե մշտապես կապ է պահպանում զոհված զինծառայողի պապիկի հետ: «Ես պատահաբար եմ տեսել, քանի որ իրենք Անդրանիկ Քոչարյանի մոտ էին եկել, բայց եթե չեմ սխալվում, զոհված զինծառայողի հետ կապված օրենք կա, որ թոշակ կամ ինչ-որ օգնություն են ստանում: Ես հանդիպել եմ, խոսել եմ, խոստացել եմ, որ այդ հարցերով կզբաղվեմ, ինչը որ մեզանից է կախված, մենք այդ աջակցությունը կտրամադրենք», – նշեց Բաքոյանը:

Պատգամավորը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հարուցված քրեական գործն ընթացքի մեջ է, սակայն ավել բան չեն կարող այս պահին ասել: «Հետեւողական ենք այդ գործին, ինչպես նաեւ ինչով կկարողանանք, կաջակցենք իրենց», – հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ի հաղորդագրության համաձայն՝ Արթուր Աջամյանը մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է դեկտեմբերի 2-ին՝ ժամը 6:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, իսկ նրա ծառայակից 20-ամյա Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել էր: Դեկտեմբերի 2-ի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանություն) քրեական գործ է հարուցվել։ Դեկտեմբերի 4-ին Աջամյանի հարազատները իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Ազգային ժողովի դիմաց, իսկ դեկտեմբերի 26-ին էլ նրանց ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿՈՅՈՒՂԱԳԾԵՐ ՉԿԱՆ

Տավուշի մարզի գյուղական  բնակավայրերում եւ  քաղաքային բնակավայրերի որոշ թաղամասերում կոյուղագծեր չկան, դրա պատճառով  խաթարվում է բնական միջավայրը։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ մարզում կոյուղաջրերի մաքրման կայաններ չկան, կոյուղաջրերը  թափվում  են գետերը։ Մարզպետի խոսքերով՝ ներկա փուլում կոյուղագծերը կառուցումը համայնքների առաջնահերթ  խնդիրների մեջ չի մտնում, այժմ առաջնային են  խմելու ջրագծերի կառուցումը,  բազմաբնակարան  շենքերի տանիքների վերանորոգումը։

 

ԱՌԵՎԱՆԳԵԼ Է, ՓՈՐՁԵԼ ԲՌՆԱԲԱՐԵԼ

Իջեւան քաղաքի բնակիչ, 1995թ. ծնված Նարեկ Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ, Իջեւան քաղաքի  35-ամյա բնակչուհուն խաբեությամբ՝ միմյանց փոխհարաբերությունների շուրջ պարզաբանումներ կատարելու պատրվակով, 2020թ. հունվարի 13-ին առաջարկել է նստել իր կողմից շահագործվող «Ուրալ» մակնիշի  ավտոմեքենան, ինչը վերջինս կատարել է։ Դրանից անմիջապես հետո՝ ժամը 18?00-ի սահմաններում,  նա խաբեության միջոցով նշված ավտոմեքենայով  Իջեւան քաղաքի  Մայիսի 28 փողոցից 35-ամյա  կնոջը բացահայտ առեւանգելով՝ փոխադրել է Իջեւան քաղաքի վարչական  տարածքում գտնվող  «Խոլարքեր»  հանդամասում իր կողմից որպես ամառանոց օգտագործվող տնակ, որտեղ, կնոջ կամքին  հակառակ, նրա հագուստներից  քաշքշելու, նրան հրելու միջոցով, բռնություն գործադրելով՝ փորձել է սեռական հարաբերություն  ունենալ նրա հետ։ Ն. Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգքրի 131 հոդվածի 1-ին մասով («Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը»)  եւ  34-138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարության փորձը»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

 

ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ

Տավուշի մարզի բնակավայրերում բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք  բնակարան չունեն եւ ապրում են վագոն-տնակներում։ Այդ ընտանիքները բազմիցս դիմել են կառավարություն, Տավուշի մարզպետարան, որպեսզի իրենց խնդրին լուծում տրվի։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ընդունելով, որ ներկա ժամանակաշրջանում հարիր չէ վագոն-տնակներում բնակվելը. հայտնեց, որ  կառավարությունը ներկայումս առաջնահերթ  ուշադրություն է դարձնում աղետի գոտու բնակարանաշինությանը, 2019թ.-ից մեկնարկել է արցախյան պատերազմի ժամանակ Հայաստան գաղթած մեր հայրենակիցների համար բնակարանային  ծրագիրը։ Մարզպետը հորդորում է Տավուշի  մարզի վագոն-տնակներում ապրողներին մշտական կապ հաստատել մարզպետարանի հետ, որպեսզի տարբեր կազմակերօությունների միջոցով որոշ ընտանիքների բնակարանային խնդիրը լուծվի։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս