Երգիչ Ավո Ադամյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ստեղծագործական նորությունների, «Խաբկանք» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկի, անավարտ երազանքների եւ այլնի մասին:
-Ավո՛, վերջին շրջանում բավականին պասիվ եք, ինչո՞վ է դա պայմանավորված: Ստեղծագործական ի՞նչ նորություններ ունեք Ձեր երկրպագուների համար:
-Առաջին հերթին ասեմ, որ ես երբեք պասիվ չեմ լինում եւ չեմ էլ եղել: Ես չեմ սիրում եմ աղմկել, բայցեւ լռել էլ չեմ սիրում: Սա իմ կարգախոսն է: Նախ ոչ թե պասիվությունս, այլ մի քիչ չգործելս պայմանավորված էր աշխարհի դրությունից ելնելով: Համատարած հիվանդություն, նեղություն, ուստի երգերս, նոր ստեղծագործություններս պատրաստ պահված են, բայց չեմ հրապարակում: Տեսահոլովակ ունեմ նկարահանած «Կարոտ» երգի հիման վրա, շատ հզոր տեսահոլովակ է, բայց հիմա ճիշտ ժամանակը չեմ գտնում հանդիսատեսի դատին ներկայացնելու համար: Խոստացել էի շրջադարձային փոփոխություն անել իմ կյանքում բացի իմ երգարվեստով զբաղվելը, մի ամբողջ արսենալ եմ պատրաստել երկրպագուներիս համար, նկարահանվում եմ ֆիլմում: Կարծում եմ՝ այնքան էլ պասիվ գործունեություն չեմ ծավալում: Շատ նորություններ ունեմ հիմնականում երգի, նոր տեսահոլովակի տեսքով: Սովորաբար չեմ սիրում գովաբանել իմ աշխատանքը կամ իմ երգերը, բայց պետք է ասեմ, որ չքնաղ երգեր եմ պատրաստել մի քանի հատ իմ հանդիսատեսի համար, որոնցից մեկն արդեն տեսահոլովակ ունի: Ստեղծագործական դադար ոչ մի վայրկյան չեմ ունեցել, աշխատել եմ, պրպտել եմ, շատ նորություններ եմ պատրաստել:
-Ինչպե՞ս «Խաբկանք» հեռուստասերիալում գլխավոր հերոսի դերում հանդես գալու առաջարկ ստացաք: Ու՞մ կողմից է եղել հրավերը:
-«Խաբկանք» հեռուստանովելում նկարահանվելու առաջարկը ստացել եմ Միացյալ Նահանգներում սցենարիստ Անուշ Պետրոսյանի կողմից, ում հետ շատ լավ ընկերներ ենք դարձել: Սկզբում, անկեղծ ասած, երկմտում էի, բայց Անուշն ինձ շատ ճիշտ խորհուրդներով օգնեց կողմնորոշվել, ու այդպես սկսեցինք աշխատել միասին: Ինձ համար շատ լավ նախագիծ է: Մարմնավորում եմ գլխավոր հերոսին, հետո Անուշի հետ որոշեցինք, որ հերոսի անունը հենց Ավո մնա, որովհետեւ իրական կյանքում ինձ շատ նման է կերպարը: Շնորհակալ եմ Անուշ Պետրոսյանին:
-Նախկինում երբեւէ նման փորձ ունեցե՞լ եք:
-Բազմիցս հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ ստացել եմ, պարզապես սուղ ժամանակի պատճառով հրաժարվել եմ, բայց ես շատ եմ սիրում կինոն, թատրոնը: Առաջին մասնագիտությամբ հենց դերասան եմ, հետո նոր երգիչ: Երկու մասնագիտություններս էլ ձեռք եմ բերել բարձրագույն կրթությամբ: Ֆիլմերում առհասարակ շատ եմ նկարահանվել, բայց ոչ գլխավոր դերերում, եւ հենց վերջին ֆիլմը եղել է Հրաչ Քեշիշյանի «Պատվի համար» պիեսը, դրանից առաջ նկարահանվել եմ «Եղնիկների կածանը» ֆիլմում, որը, իմ կարծիքով, հրաշք ֆիլմ է: Ի դեպ, ֆիլմերում եւ նման այլ նախագծերում նկարահանվելու փորձ ունեցել եմ 8-րդ դասարանից մինչեւ այսօր: Շատ-շատ ուրախ եմ, որ այնպիսի ուսուցիչներ եմ ունեցել, ինչպիսիք են Երվանդ Մանարյանը, վոկալի մասնագետ Սերգեյ Դանիելյանը, նման հրաշք մարդկանց հետ եմ շփվել, նրանց դասարանում սովորել:
-Ո՞ր ոլորտն է Ձեզ ավելի հարազատ՝ երգարվե՞ստը, թե՞ սերիալում նկարահանվելը:
-Ինձ հարազատ է բեմը, էկրանը, տեսախցիկը: Ես կարող եմ շատ տկար, հիվանդ լինել, բայց եթե գիտեմ, որ պետք է ելույթ ունենամ, ինձ թվում է, թե ես պարզապես ճախրում եմ: Եղել են դեպքեր, երբ մտածել եմ՝ այս ինչ լավ է տաքության մեջ երգելը, այնքան եմ ինձ տրամադրել, որ ինձ թվացել է՝ երանի միշտ տաքություն ունենամ, որ այդպես լավ երգեմ: Բեմի վրա բոլոր ցավերը մոռանում ես, մտածում ես միայն հանդիսատեսի, լավ ելույթի մասին: Միգուցե ես այդպես ճանաչված չեմ, բայց վստահ եմ՝ ինձ ճանաչողների կողմից շատ սիրված եմ: Սա մեծամտություն չէ, այլ շատ նուրբ համեստություն է: Սերիալների մասին հիմնականում հնչում են բացասական կարծիքներ, բայց կարծում եմ՝ խնդիրը բյուջեի եւ ռեսուրսների մեջ է: Եթե Հայաստանն այնքան հարուստ երկիր լինի, վստահ եմ, որ մեր սերիալ արտադրողները կարող են այնպիսի սերիալներ ցուցադրել, որ մարդիկ ուղղակի զարմանան: Օրինակ` «Խաբկանք» հեռուստասերիալի ռեժիսորը` Վարշամ Շահվարզյանը կախարդական տղա է, ամբողջ ծանրությունն ուսերին նկարահանում է սերիալ, առանց տրտնջալու: Երկու ոլորտներն էլ ինձ հարազատ են, մեկը մյուսին լրացնում են:
-Ո՞ր դերասանի հետ կցանկանայիք խաղալ:
-Բոլորի հետ կցանկանայի խաղալ բացի մեծամիտ դատարկությունների: Կցանկանայի, որ ցանկանային ինձ հետ խաղալ:
-Ավո՛, ավելի շատ խորհուրդներ լսո՞ղ եք, թե՞ տվող:
-Ե՛վ խորհուրդներ լսող եմ, ե՛ւ տվող: Եթե մարդ կարողանում է իրենից մի բան ներկայացնել եւ վստահ է, որ իր խորհուրդնրեը օգտակար կլինեն, անպայման պետք է տա՝ անկախ դիմացինի կամքից:
-Ո՞վ կարող է Ձեզ կոտրել:
-Ինձ կարող է կոտրել անարդարությունը, չնայած դեռ նման բան չի եղել, քանի որ ես ինքս տեսակով պայքարող եմ: Շատ ուշ եմ թքում, բայց թքածս հետո չեմ լիզում:
-Ու՞մ դավաճանությունը չեք ների:
-Ընկերների:
-Ո՞ւմ եք համարում ավելի հավատարիմ ընկեր` կնո՞ջը, թե՞ տղամարդուն:
-Իհարկե տղամարդուն, դա ի վերուստ բնությունից եկած է:
-Ե՞րբ է Ավոն ինքն իր հետ հաշտ:
-Կարծում եմ՝ երբեք, քանի որ հաշտությունը խաղաղություն է բերում, իսկ ես չեմ կարծում, որ այն կյանքով եւ կյանքում ենք պարում, որ պետք է հաշտ ապրենք: Ես ինքս ինձ միշտ քննադատող եմ: Մեկ-մեկ է լինում, այն էլ երբ լինում եմ եկեղեցում, հոգուս հետ հաշտ եմ:
-Անավարտ երազանք…
-Դեռեւս մանկուս շատ երազանքներ եմ ունեցել, ու միգուցե անահավատալի թվա, բայց երազանքներս գրեթե իրականացել են: Երազում եմ Աշտարակի Ծիրանավոր կամ Սպիտակավոր եկեղեցիներից մեկը վերանորոգել:
-Սիրելի բանաստեղծը:
-Պարույր Սեւակ, Վահան Տերյան, Համո Սահյան:
-Վերջին կարդացած գիրքը:
-Վերջերս աչքի տակով անցկացնում էի Գեւորգ Էմինի գրքերից:
-Կյանքի երեք կանոն Ձեզ համար:
-Սիրել, հավատալ, վախենալ: Առանց այս երեք երեւույթների մարդկային կյանքը կվերածվի կենդանական կյանքի:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ՀԻՄԱ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՊԼԱՆԱՎՈՐԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ». ՀՐԱՉՈՒՀԻ ՈՒԹՄԱԶՅԱՆ
Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, սակայն այս տարի աշխարահն ուրիշ պլաններ էր նախատեսել մարդկանց համար` համաշխարհային համաճարակ, որը ճեղքում է յուրաքանչյուր պատնեշ:
«Ժողովուրդ» օրաթերթը սիրված հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանից հետաքրքրվել է, թե այս ամառային հանգիստն ինչպես եւ ում հետ է պատրաստվում անցկացնել:
Հրաչուհի Ութմազյանը մեզ հետ զրույցում նշում է, թե դեռ չի որոշել՝ որտեղ եւ ինչպես է անցկացնելու ամառային հանգիստը:
«Անկեղծ ասած, դեռ չեմ որոշել, չեմ մտածել այդ ուղղությամբ, քանի որ այս պահին ամբողջությամբ աշխատանքի մեջ եմ, բացի դա կարծում եմ՝ հիմա ինչ-որ բան պլանավորելը ճիշտ չէ, քանի դեռ համավարակը շարունակվում է»,- հավելում է հաղորդավարուհին:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը պատմել է, թե ինչպես է անցկացնում ժամանակը կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում՝ հրապարակելով լուսանկարներ։ «Վաղուց չէինք հանդիպել, բայց հիմա արդեն վերադարձել եմ աշխատանքին եւ կյանք։ Շատերիդ նման սովորել եմ աշխատել հեռավար։ Դա կատարյալ տարբերակ չէ, բայց կարող է շատ ժամանակ խնայել։ Մյուս նորությունն այն է, որ վերջին շրջանում այնքան եմ ուտեստներ պատրաստել, որ դրանք արդեն ուտելու համար պիտանի են։ Սովորականի նման շատ երաժշտություն եմ լսել, բացահայտել եմ նոր կատարողների։ Հիմնականում ժամանակն անցկացնում եմ Երեւանում, երբեմն ընկերներիս հետ գնում ենք քաղաքից դուրս։ Մի փոքր նյարդայնացնում է այն, որ կարանտինի պատճառով լիարժեք մարզանքներ չեմ անում, բայց առայժմ թեթեւ քաշեր եւ հիմնական վարժություններ եմ անում տանը Պոնչիկի հետ»,-նշել է Լ. Արոնյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակավոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում հունիսի 12-ին Լեւոն Արոնյանը 6։12 հաշվով պարտվել էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։
ԳՈԼ Է ԽՓԵԼ
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգնետինացի հարձակվող Լիոնել Մեսին 700-րդ գոլն է խփել կարիերայում «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում (2։2)՝ իրացնելով 11 մետրանոց հարված։ Մեսին «Բարսելոնայում» անցկացրած 724 խաղում խփել 630 գոլ։ Արգենտինայի հավաքականի հետ Մեսին մասնակցել է 138 հանդիպման, խփել 70 գոլ։ 33-ամյա Մեսին Իսպանիայի ընթացիկ առաջնության 28 խաղում խփել է 22 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։
ԳՈՀ Է
Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի արտագնա խաղում «Բարսելոնայի» հետ ոչ ոքի (2։2) արդյունքից։
«Մենք հավասար հանդիպում անցկացրինք եւ ստացանք համապատասխան արդյունք։ Լավ սկսեցինք հանդիպումը։ Մրցակցի նպատակն էր կոմպակտ, փակ խաղով հասնել արդյունքի։ Մեր նպատակն էր առավելագույն դժվարություններ ստեղծել մի մրցակցի համար, որը լավ է պահում գնդակը։ Մինչեւ վերջին վայրկյանը մնացինք խաղի մեջ։ Շատ լավ աշխատանք կատարեցինք։ Մեր թիմը ցույց տվեց, որ շատ մրցունակ է։ Ես երջանիկ եմ»,-ասել է Սիմեոնեն։
«Բարսելոնան» 70 միավորով երկրորդն է եւ 1 միավոր հետ է առաջատար «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աթլետիկոն» 59 միավորով երրորդն է։ «Ռեալը» հուլիսի 2-ին կընդունի «Խետաֆեին»։