Լուսանկարն արվել է Տիգրան Մեծ փողոցում
Մեքենան կայանած է հենց հետիոտնի համար նախատեսված վայրում՝ մայթին։ Հուսանք՝ շարքային քաղաքացիներին դիմակի համար տուգանող ոստիկանների աչքից չի վրիպի այս մեքենան, եւ նրանք կհամարձակվեն մեքենայի վարորդին ենթարկել վարչական պատասխանատվության։
ՀԱՐԿԵՐ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ շրջանառության հարկ վճարողի կողմից շրջանառության հարկով հարկվող օբյեկտը թաքցնելու դեպքում ինչ պատասխանատվություն է կիրառվում:
Վահան Սահակյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Սահակյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շրջանառության հարկ վճարողների կողմից հարկվող օբյեկտը թաքցնելու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված շրջանառության հարկի գումարը, ինչպես նաեւ տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ շրջանառության հարկ վճարողների կողմից հարկվող օբյեկտը թաքցնելու դեպքում հաշվարկված հարկային պարտավորությունները պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է գրավի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածվում:
Գագիկ Իսկանդարյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր, պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին: Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը:
Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձեւով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ, ինչպես նաեւ խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն եւ գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի՝ գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով: