Հունիսի 22-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գրությամբ դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Նա ներկայացրել է հիմնավորումներ այն մասին, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։ Ինչպես հայտնի է, 2019թ. սեպտեմբերի 6-ին Արման Բաբաջանյանը հայտնել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու եւ անկախ պատգամավոր դառնալու մասին, եւ, ահա, Էդմոն Մարուքյանն իր դիմումով պահանջում է այդ մեկ մանդատը վերադարձնել: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ:
-Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մի քանի օր առաջ տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով հունիսի 22-ին դիմում է ներկայացրել՝ պահանջելով հետ վերադարձնել իրենց պատկանող մեկ մանդատը: Իրավական առումով որքանո՞վ է ուժեղ Ձեր դիմումը, հստակ, որ, ի վերջո, ԿԸՀ-ն կորոշի հետ վերադարձնել Ձեր մանդատը, որովհետեւ մյուս կողմն այլ դիրքորոշում է ներկայացնում՝ ասելով, որ անհնար է՝ ԼՀԿ-ն մանդատը հետ ստանա:
-Մեր պահանջը բխում է Սահմանադրությունից, Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքից եւ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքից, եւ տրամաբանությունը շատ պարզ է: Եղել են համամասնական ընտրություններ, ընտրական սուբյեկտ, այսինքն՝ ընտրողների կողմից քվեարկվել են կուսակցությունները կամ դաշինքները. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է 18 մանդատ եւ լինելով ընդդիմադիր խմբակցություն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ խորհրդարանում որոշակի սահմանադրական փոքրամասնություն է կազմել, որը 1/3-ով հնարավորություն է տալիս իրականացնել տարբեր գործառույթներ: Հիմա ստացվում է այնպես, որ 1 պատգամավոր դուրս է եկել խմբակցությունից, իրեն հռչակել է անկախ, որը չի նախատեսվում մեր որեւէ իրավական բազայով, եւ դրանով, ըստ էության, խախտել է երաշխիքը սահմանադրական, որը տարբեր լիազորություններ է ընձեռում ընդդիմությանը:
Սրանից բացի, մենք պետք է արձանագրենք, որ նույնիսկ քաղաքական, բարոյական տեսանկյունից, եթե ստանում ես 300 ձայն եւ անցնում ես համամասնական ցուցակով, որեւէ կերպ չես կարող պնդել, որ դա քեզ տրված մանդատ է, որովհետեւ դա առաջին հերթին կուսակցությանը տրված մանդատ է, բայց մենք մեր խմբակցությունում ունենք մարդիկ, որոնք մեծամասնական ընտրակարգով, այսինքն՝ իրենք իրենց քվեներով անցել են: Թեպետ դա եւս պատկանում է կուսակցությանը, որովհետեւ կրկին թերթիկը եղել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, բայց, այդուհանդերձ, այդ մարդիկ իրենց թիկունքում ունեն մի քանի հազար ձայն: Բայց կոնկրետ Արման Բաբաջանյանի դեպքում նա պնդում է, որ անկախ պատգամավոր է, եւ այդ 300 ձայնով մանդատը իրենն է, բնականաբար, չկա նման բան, քանի որ որեւէ մեկը անհատ Բաբաջանյանին նախ մեծ քանակությամբ ձայն չի տվել, եղել է ընդամենը այդ 300 ձայնը, եւ մարդիկ քվեարկել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրին, թիմին, գաղափարախոսությանը: Եվ հիմա, եթե մեկն ասում է, որ մանդատին առանձին արժանացել է, բնականաբար այդպես չէ: Բացի դրանից էլ խորհրդարանական առումով խնդիր է առաջանում: Եվ մենք կարծում ենք, որ ԿԸՀ-ն պետք է շահագրգիռ լինի հարցը լուծելուն, քանի որ, իմ համոզմամբ, հետագայում սա կարող է բերել քաղաքական կամ սահմանադրական ճգնաժամի:
-Բայց իրավական առումով ճգնաժամ չկա՞: «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքն այլ բան է ասում, պատգամավորը հրաժարվում է մանդատից երեք դեպքում: Իրավական առումով դա ապացուցելի է ԿԸՀ-ի կողմից:
-Բաբաջանյանից մանդատը վերցնելը ընդամենը լուծումներից մի ուղղությունն է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է գնալ այլ ուղղությամբ: Բայց հարցը հետեւյալ է. ակնհայտ է, որ այդ մասով կա բաց, եւ իմպերտիվ նորմ մենք չենք տեսնում, որովհետեւ կասի, երբ պատգամավորը դադարեցնում է խմբակցության անդամակցությունը, պետք է դադարի նաեւ իր մանդատի գործունեությունը: Բայց այդ բացը պետք է լրացվի նախադեպային որոշումով, եթե ոչ ԿԸՀ-ի կողմից, ապա ավելի բարձր մարմնի կողմից, եւ դրա տրամաբանությունը հետեւյալն է. այդ բացը պետք է լրացվի նախադեպային վճռով, եւ նախադեպի տրամաբանությունը լինի հետեւյալը՝ չկա անկախ պատգամավորի ինստիտուտ՝ մեր Սահմանադրությամբ նախատեսված, եւ կա 1/3 ընդդիմության պարտադիր լինելու երաշխիքը: Հիմա մենք այս երկու կետով ունենք Սահմանադրության էության խախտում, որը պետք է վերականգնվի: Իհարկե, կարելի է տեխնիկական իմաստով ամեն ինչի առաջ աչք փակել եւ ասել՝ ունենք այն, ինչ ունենք, բայց դրանից հետագայում խնդիրներ են առաջանալու: Եվ երկրորդ՝ տեսեք՝ ինչ է ստացվում. ԼՀԿ-ն 4-5 տարվա գործունեություն է ծավալել, միավորել խմբակցություն, ու մի մարդ հիմա դրանից դուրս է եկել եւ ինքն այլ մանդատ է իրացնում, գնում է ուրիշ կուսակցություն է ստեղծում, բոլորովին այլ գաղափարախոսությամբ եւ ուղենիշերով: Էստեղ եւս ստացվում է, որ ընտրողների տված ձայնը չի վերացվել այն մանդատին, որին ընտրողները տվել էին: Հետեւաբար, ում է ներկայացում այդ անկախ պատգամավոր՝ հասկանալի չէ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՎԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԾՆՆԴՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսով վարակվել է իր փեսայի` Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի ընտանիքում վերջերս տեղի ունեցած ծննդյան արարողության ժամանակ:
Ըստ մեր տեղեկությունների՝ Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքով մասնակցել է այդ արարողությանը, եւ այնտեղ էլ արդեն ընտանիքի բոլոր անդամները վարակվել են կորոնավիրուսով: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանի ընտանիքը բազմանդամ է, ու գրեթե բոլորը ներկա են գտնվել այդ ծննդյան արարողությանը: Տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանի խնամին՝ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը եւս իր ընտանիքով ներկա է գտնվել այդ արարողությանը, ինչի պատճառով էլ նրա ընտանիքի անդամները եւս վարակվել էին ու բավական երկար ժամանակ է՝ բուժում էին ստանում տարբեր բժշկական հաստատություններում:
Նշենք նաեւ, որ Հովիկ Աբրահամյանի որդին՝ քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանի փեսան է, իսկ Կարապետ Գուլոյանն էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է: Հավելենք, որ Գուլոյանները զբաղվում են բիզնեսով, որոնցից մի մասը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ: Ինչեւէ, արդեն մի քանի օր է՝ մենք փորձում ենք այս տեղեկությունը պարզել Կարապետ եւ Մուրադ Գուլոյաններից, սակայն վերջիններս մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի պատասխանատու Իվետա Տոնոյանը եւս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ փոխանցեց, որ Գագիկ Ծառուկյանի՝ վիրուսով վարակվելու մասին որեւէ տեղեկություն չունի:
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՌԱՋԱԴՐԵԼ Է
Երեկ ՀՀ կառավարության նիստում չզեկուցվող հարցերի թվում է ընդգրկված նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հարցը: Նախագծից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:
Նշենք, որ Կարեն Սեդրակյանը 2019 թվականի հունիսի 28-ից կրկին հանդիսանում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ, իսկ մինչ այդ՝ 2018-2019 թվականներին, եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական:
«ԸՆԴՀԱՏԱԿ Է ԱՆՑԵԼ»
Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «ընդհատակ է անցել»: Բանն այն է, որ վերջին օրերին խորհրդարանում քննարկված նախագծերի, դրանց շուրջ քննադատությունների համար, բացի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, մեղադրում են նաեւ Վլադիմիր Վարդանյանին: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սահմանադրական դատարանի հարցի լուծմանը, որին իշխանությունները ներգրավվել են խորհրդարանի ձեւավորումից ի վեր եւ, այսպես ասած, հինգ փուլ անցել, տարբեր նախագծեր ներկայացրել, սակայն լուծման այդպես էլ չեն հասել: Այդ ամենի հետ մեկտեղ առկա են քննադատություններ նաեւ եվրոպական կառույցների, արտախորհրդարանական, խորհրդարանական ուժերի կողմից, եւ թիրախում երկու անձ է՝ Ռուստամ Բադասյանն ու Վլադիմիր Վարդանյանը:
Դրան զուգահեռ վերջինիս համարում են նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, սակայն միեւնույն ժամանակ մտածում են, թե այդ դեպքում ԱԺ պետաիրավական հանձնաժողովն ավելի կթուլանա, առանց այն էլ մշտապես քննադատությունների թիրախում է: Սակայն, ամեն դեպքում, մի քանի օր է՝ Վլադիմիր Վարդանյանը «անհետացել է»՝ չցանկանալով հանդես գալ պարզաբանումներով: Նկատենք, որ նա պասիվ էր նաեւ հունիսի 30-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ նիստի ժամանակ: Թերեւս պատճառը հենց քննադատություններն են նրա հանդեպ: