Ի՞ՆՉ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԿԱՐԺԱՆԱՆԱ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը երեկ ստացել է  նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու իր կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայության պաշտոնական պատասխանը։  «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարներից մեկում  գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, եւ կուսակցության նախագահն արդեն ստացել է այն: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՔԾ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու (ՀՀ քր. օր. 278 հոդված), ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով:

 

Նկատենք, որ առողջապահության պատասխանատուների իրականացրած քայլերը կորոնավիրուսի դեմ պայքարի եւ բուժման գործընթացում սկսվել է հետաքննության առարկա դառնալ նաեւ Ֆրանսիայում: Մասնավորապես, Փարիզի դատախազությունը դեռեւս հունիսի 9-ին սկսել էր հետաքննել երկրի իշխանությունների կողմից իրականացված գործողությունները կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում։ Հետաքննությամբ կորոշվի, թե արդյոք իշխանությունների կողմից որեւէ քրեական հանցագործություն կատարվել է, թե ոչ։ Ուշագրավ է, որ Ֆրանսիայի պարագայում դատախազություն էր հանձնվել 62 բողոք՝ կապված պետական մարմինների, այդ թվում՝ նախարարությունների, տեղական մարմինների եւ ծերանոցների կողմից ճգնաժամի կարգավորման հետ։ Իտալիայում եւս նմանատիպ գործընթաց է գնում:

Իսկ, ահա, Հայաստանում եւս փորձ է արվում հասկանալ, թե որքանով են իշխանությունների եւ հատկապես Առողջապահության նախարարության քայլերն եղել հիմնավոր, եւ արդյոք չեն եղել պաշտոնական դիրքը չարաշահելու կամ տեղեկատվություն թաքցնելու, աղավաղելու դեպքեր:

Դրան զուգահեռ հավելենք, որ ԱԺ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները,  պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը  կքննարկվի միայն Ազգային ժողովի՝ 2020թ. սեպտեմբեր ամսվա  առաջին  հերթական նիստում:  Եվ հետաքրքիր է, որ երեկ սոցիալական ցանցերում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն արդեն դժգոհում են, որ այս համավարակի օրերին ընդդիմադիր խմբակցությունները նման նախաձեռնությամբ են հանդես եկել:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հույս հայտնեց, թե այս նախաձեռնությունը չի արժանանա Երեւանի քաղաքապետարանի աշխատանքների շուրջ ստեղծված քննիչ հանձնաժողովի ճակատագրին: Բանն այն է, որ այժմ խորհրդարանում կրկին իրավունքի ուժող հանձնաժողով է ստեղծված, սակայն անդամների քանակն այդպես էլ չի որոշվել, եւ հետեւաբար աշխատանքներ չեն կատարվում: Ընդգծենք, որ այդ հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր քաղաքապետարանին տրված նվիրատվությունները, սակայն իշխող խմբակցությունը դեմ էր եղել: Հետաքրքիր է՝ ինչպես կդրսեւորեն իրենց այս անգամ, երբ արդեն խոսք է գնում ամբողջ կառավարության աշխատանքի մասին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ: Արայիկ Դոլուխանյանը նշանակվել է ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից: Արմինե Մուսայելյանը նշանակվել է ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Կամո Քոչարյանը նշանակվել է ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ՝ ազատվելով ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Դավիթ Ավանեսյանը նշանակվել է ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ:

 

 

ՄԻԱՑԱՎ

Սպիտակի բժշկական կենտրոնը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով։ ԲԿ-ն արդեն 6 պացիենտ է ընդունել:

Ազդեցություն՝ բենզինի շուկայի վրա

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի փոխանցմամբ՝ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի  եւ Ղազախստանի միջեւ նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ: «Համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով եւ չափաքանակներով ԵԱՏՄԱՏԳԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների՝ Ղազախստանից Հայաստան առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից: Համաձայնագրով կողմերի իրավասու մարմինները մինչեւ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա ՀՀ-ում ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման եւ արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում»: Սրանով հնարավորություն է տրվելու, որ ղազախական վառելիքը որոշակի ավելի բարելավված պայմաններով ներկրվի Հայաստան. «Դա մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծելու: Այսինքն՝ սա ազդելու է Հայաստանում բենզինի շուկայի վրա»:

 

 

ԱԶԱՏՈՒՄ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նոր տեղակալ ունի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Արման Ուդումյանն ազատվել է այդ պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվել է Աննա Ժամակոչյանը:

 

 

ՈՒԺԻ ՄԵՋ

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել աջակցության հետեւյալ ծրագրերը. 1-ին երեխայի ծնվելու դեպքում միանվագ նպաստը նախկին 50 000-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ; 2-րդ երեխայի դեպքում միանվագ վճարը նախկին 150 հզ-ի փոխարեն դարձել է 300 հզ. դրամ; Ամենամսյա խնամքի նպաստը աճել է 18 հզ. դրամից 26.5-53 հզ. դրամ, մասնավորապես՝ գյուղաբնակ չաշխատող մայրերը, ովքեր նախկինում ոչ մի աջակցություն չէին ստանում, ամեն ամիս կստանան նպաստ` 26.5 հզ. դրամ։

 

 

ՀՍԿԻՉՆԵՐԻՆ ԿԿՐՃԱՏԵՆ

Առաջիկայում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում կրճատումներ են լինելու: Այս մասին օրեր առաջ հայտարարել էր նաեւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը՝ նշելով, որ «Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու 1000 աշխատող կրճատել: Նրա խոսքով` կրճատումների պատճառը լինելու է հաստատված նոր սակագինը, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»: Կրճատվելու են հիմնականում հսկիչները՝ շուրջ 7-8 հարյուր հոգի: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, կրճատումներից բացի, սպասվում են նաեւ աշխատավարձերի կրճատումներ: Այդ որոշումը, Թադեւոսյանի խոսքով, արդեն կայացվել է մեկ տարի առաջ՝ ՀԾԿՀ-ի 2019թ-ի որոշմամբ: Սա դեռ ամենը չէ. պարզվում է, որ, կրճատումներից բացի, սպասվում են նաեւ աշխատավարձերի կրճատումներ: Ըստ որոշ տեղեկությունների՝ ընկերությունն արդեն իր աշխատակիցներին ստիպել է ստորագրել աշխատանքային պայմանագրի հատուկ տարբերակ, որտեղ նշված է, որ իրենք համաձայն են 20 տոկոսանոց կրճատմանը:

 

ԿՔՆՆԱՐԿԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը  կքննարկվի Ազգային ժողովի՝ 2020թ. սեպտեմբեր ամսվա  առաջին  հերթական նիստում»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: Հիշեցնենք՝ երեկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։

 

 




Լրահոս