ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս առերեսվել է իր դեմ ցուցմունք տված «Երեւանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանի հետ: Երեկ այդ մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբան Էմին Խաչատրյանը։ Նշենք, որ հարուցված քրեական գործի համաձայն՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը դեռ փետրվարին է իրավապահներին հայտնել ընտրակաշաքի բաժանման մասին։
Երեկ Վերաքննիչ քրեական դատարանում նախատեսված էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված եւ ընտրակաշառքի գործով մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցին վերաբերող դիմումների քննությունը, որը, սակայն, հետաձգվեց։ Սակայն պատճառը զուտ տեխնիկական էր: Ամեն դեպքում, նկատենք, որ 63-ամյա Գագիկ Ծառուկյանը ներկա չէր, քանի որ վարակված է կորոնավիրուսով։ Փաստաբանը հայտնեց, թե տանն է մեկուսացած, թոքաբորբի նշաններ ունի: «Բավականին լավ է պարոն Ծառուկյանի վիճակը, ուղղակի ժամանակ առ ժամանակ, ըստ բժիշկների ցուցումների, կաթիլային է ստանում», – հայտնեց նա:
Սակայն նկատենք, որ Վերաքննիչ բողոք են ներկայացրել ինչպես փաստաբանները, այնպես էլ Գլխավոր դատախազությունը։ Երկու շաբաթ առաջ առաջին ատյանի դատարանը, քննարկելով Ազգային անվտանգության ծառայության կալանքի միջնորդությունը, եզրահանգել էր, թե Ծառուկյանը կարող է գտնվել ազատության մեջ։ Սակայն միեւնույն ժամանակ դատարանը գտել էր՝ հիմնավոր կասկածներ կան, որ ԲՀԿ առաջնորդը 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կազմակերպել է ընտրակաշառքի բաժանումը։ Ծառուկյանի փաստաբանները վերաքննիչում վիճարկում են ինչպես այս, այնպես էլ այն հանգամանքը, որ այս գործն ի սկզբանե պետք է հարուցվեր եւ քննվեր ոչ թե ԱԱԾ-ում, այլ ՀՔԾ-ում։ Դատախազությունն իր հերթին վիճարկում է Ծառուկյանին ազատության մեջ թողնելու որոշումը։
Հավելենք, որ ԲՀԿ առաջնորդին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդագրում նշվում է, որ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանին պատկանող ընկերությունում խուզարկությամբ հայտնաբերել են Գեղարքունիքի մարզում բաժանված ընտրակաշառքների մասին փաստաթղթեր։ Իսկ Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017-ին Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Եվ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն դիմել է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին եւ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 11 համարը զբաղեցնող Աբրահամ Մանուկյանին՝ անհրաժեշտ գումարը ստանալու համար։ Ըստ դատախազության՝ հենց նրանք են զբաղվել ֆինանսական հարցերով։ Իրավապահներին Վազգեն Պողոսյանը պատմել է, որ նրանցից ստացել է 10 հազարական դրամներից բաղկացած տրցակ, ընդհանուր առմամբ՝ 90 միլիոն դրամ։ Ձայների ապահովման համար այս գումարը բաժանել է ԲՀԿ անդամներին ու կուսակցության ակտիվիստներին, որոնք էլ ցուցակներով իր մոտ են եկել, ստացել են այդ գումարները, որոնք պետք է բաժանեին ընտրողներին։
Իսկ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները հերքում են իրենց պաշտպանյալի մասնակցությունը տեղի ունեցածին՝ շեշտելով՝ 2017-ի ընտրություններից հետո ընտրակաշառքի բաժանման գործերով որեւէ մեկը չի դատապարտվել։ Փաստաբանները անդրադարձան նաեւ վերջերս ՀՔԾ-ում հարուցված ընտրակաշառք տալու գործին, երբ քաղաքացին ահազանգել է, որ դեռ 2017-ին ԲՀԿ-ին ձայն տալու համար իր, կնոջ եւ մոր քվեի համար 15 հազար դրամ է ստացել: Հավելենք, որ ընտրակաշառքի գործով կալանքի տակ է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով մեղադրվում է ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու, Գագիկ Ծառուկյանին եւ այլոց հանցակցելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։
Սակայն, բացի ընտրակաշառքի գործից, կան եւս երկու քրեական գործեր, որոնցով Ծառուկյանը որպես վկա է անցնում։ Մեկը Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ է։ Երրորդ քրեական գործն էլ այն մասին է, որ Առինջ համայնքի պաշտոնյաների կողմից ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Ծառուկյանին պատկանող «Ֆիրմա Նյու» ընկերությանը։ ԱԱԾ-ից հայտնում են՝ ապօրինության հետեւանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել ավելի քան 370 միլիոն դրամ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավարի կողմից առերեւույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ: Պառավաքար համայնքի ղեկավարը, 2002թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող, 10.358.821 ՀՀ դրամ կադաստրային արժողությամբ գույքի մասին, նշված անշարժ գույքի շուկայական արժեքի մասին տեղեկություններ ստանալու նպատակով 2015թ. ապրիլի 18-ին համապատասխան հարցում է կատարել ՀՀ տարածքում անշարժ գույքի գնահատում իրականացնող լիցենզավորված ՍՊ ընկերությանը, որի տնօրենը 2015թ. ապրիլի 20-ին կազմել է 10.358.821 ՀՀ դրամ կադաստրային արժողությամբ, փաստացի 8.720.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, այնուհետեւ համայնքի ղեկավարին տրամադրել գնահատման հաշվետվությանն ի լրումն գրությունն այն մասին, որ նշված անշարժ գույքի շուկայական արժեքը, 20.04.2015թ. դրությամբ, կարող է կազմել 1.150.000 ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Պառավաքար համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Երեւան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Կարեն Լորիկի Մովսիսյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ շարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, քաղաքացու իրավունքներին եւ օրինական շահերին։ Կ. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբակային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»): Կ. Մովսիսյանի նկատամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՀՔԾ
«Հայ հեղափոխական դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան» ու «Հայրենիք» կուսակցությունների ներկայացրած հաղորդումը Գլխավոր դատախազությունից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին երեկ, ArmLur.am-ի հարցին ի պատասխան, նշեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նշենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ երեք ուժերը Գլխավոր դատախազություն են ներկայացրել հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ՝ կապված խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման հետ:
Նկատենք, որ իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են ընթացել, եւ մասնագետները տարակուսած էին՝ ինչպես վարվել՝ ուղարկել նախաքննական մարմին թե միանգամից մերժել: Փաստորեն ընտրվել է առաջին տարբերակը: Իսկ ի՞նչ են սահմանում Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները.
հոդված 180. Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը
- Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից՝ 10 օրվա ընթացքում:
- Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաեւ կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման եւ անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։
Հոդված 181. Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները:
Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետեւյալ որոշումներից մեկը`
1) քրեական գործ հարուցելու մասին,
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին,
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:
Ս. Գ.