ՑՈՐԵՆԻ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը: Այս նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի եւ Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաեւ ցանք կատարելու համար արտադրված եւ/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա եւ/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավրում կամ փոխհատուցում։

 

«Սուբսիադավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին ձեռք բերել որակյալ սերմեր շուկայական գնից առավել ցածր գնով»,- հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը շուրջ 30%-ով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թեեւ ունենք ջրի, սերմացուի, ճանապարհի, պարարտանյութի խնդիրներ, բայց եթե այդ օրակարգի հարցերը լուծվեն, որոնք ժամանակի ընթացքում կլուծվեն, միեւնույնն է, գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց բարեկեցության մակարդակը չի փոխվելու, քանի չունենք բովանդակային փոփոխություն, քանի դեռ չենք փոխել լավ ու վատ այգու, տնտեսության մասին մեր պատկերացումները, քանի դեռ գյուղատնտեսության աշխատանքները չեն պլանավորվում թուղթ ու գրիչով, եւ ավելի լավ է՝ համակարգչով: «Սա ոչ թե այն ծրագրերից է, որ դիզվառելիք ենք տալիս, որի կեսը գնում, չգիտենք, ինչ է լինում, այլ մենք աջակցում ենք արդյունավետության բարձրացմանը, քանի որ ֆիզիկական աջակցությունը ոչ մի բանի չի բերում, պետք է լինի բովանդակային աջակցություն»,- ընդգծել է նա: Վերջինս կարեւոր է համարում արձանագրել այն փաստը, որ աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագրով կառավարությունը ցորենի սերմացու չի տրամադրում գյուղացուն, այլ սուբսիդավորում է սերմացուի ձեռք բերումը:

«Այս ծրագիրը մշտական չի լինելու, այն ունի բովանդակային կարեւոր մի առանձնահատկություն. այսօր մեր գյուղացիները հաճախ ցանում են նախորդ տարի իրենց դաշտից ստացած ցորենը: Դա իր հերթին բերում է բերքատվության նվազման: Դա բացատրվում է նրանով, որ չկան բավարար միջոցներ որակյալ սերմացու գնելու համար: Մենք այս պրոցեսով ուզում ենք ցույց տալ, որ որակյալ սերմացուի դեպքում գյուղատնտեսությունը կարող է լինել շահութաբեր գործունեություն, երկրորդը՝ մենք ուզում ենք գյուղացիական տնտեսություններին բերել ֆինանսական մի ցիկլի, որ արդեն ամեն տարի ստացած իրենց հավելյալ եկամուտներից հաշվարկեն հաջորդ տարվա սերմացուի ձեռք բերումը իրենց հաշվի: Այսինքն՝ մենք 1 տարի, հնարավոր է՝ երկու տարի, այս ծրագիրն իրականացնենք, որ գյուղացիական  տնտեսություններում առաջանա բյուջե, որը կօգտագործվի սերմացու ձեռք բերելու համար: Այս ծրագիրը անիմաստ կլինի, եթե անընդհատ շարունակվի»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ  բերքատվությունը հաճախ ցածր է նաեւ այն պատճառով, որ 10 տարի շարունակ նույն վայրում նույն մշակաբույսն են ցանում։

Թիրախավորված համայնքներում սպանդանոցների համար ձեռք բերվող սարքավորումների լիզինգի  20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը կսուբսիդավորվի:

Կառավարությունը լրացումներ եւ փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար սպանդանոցային ցանցն ընդլայնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է պետական օժանդակություն ցուցաբերել Էկոնոմիկայի նախարարության քարտեզագրած սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում շարժական եւ/կամ շարժական մոդուլային սպանդանոցներ տեղակայելու նպատակով տնտեսավարողներին: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս պահին գործում է 23 սպանդանոց, եւս 36-ը շուտով կսկսի գործել, սակայն կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: Այսպիսով, առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացումներ, որոնցով քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում շարժական եւ/կամ շարժական մոդուլային սպանդանոցներ տեղակայելու նպատակով ձեռքբերվող սարքավորումների լիզինգի համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը կսուբսիդավորվի։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՄԵՔԵՆԱՆԵՐ՝ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Կառավարության երեկվա նիստում ընդգրկված է չզեկուցվող հարցերի թվում մի նախագիծ, որով ՀՀ առողջապահության նախարարությանը ավտոմեքենաներ կտրամադրեն:

 

Ըստ այդմ,  Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պահառությանը հանձնված 2008 թվականի արտադրության «Հյունդայի Էլանտրա 1.6» մակնիշի 172 LL 50 պետական համարանիշի մեքենան (նույնացման համար՝ KMHDU41BP8U580884, սկզբնական արժեք՝ 6.650.000 ՀՀ դրամ, հաշվեկշռային արժեք՝ 0 ՀՀ դրամ) եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 2018 թվականի արտադրության «ՏՈՅՈՏԱ LC 150 4.0 GAS» մակնիշի 672 TT 60 պետական համարանիշի (նույնացման համար՝ JTEBU3FJ005084382, սկզբնական արժեք՝ 26.496.000 ՀՀ դրամ, հաշվեկշռային արժեք՝ 26.496.000 ՀՀ դրամ) մեքենան հետ կվերցնեն եւ  կամրացնեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

Իսկ Առողջապահության նախարարությանը ամրացված «Հյունդայի Տուկսոն 2.7» մակնիշի 001 LO 07 պետական համարանիշի մեքենան (նույնացման համար՝ KMHJN81DP8U757675, սկզբնական արժեք՝ 7.950.000 ՀՀ դրամ, հաշվեկշռային արժեք՝ 0 ՀՀ դրամ) հետ կվերցնեն եւ կտան Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Մեկնաբանության մեջ նշվում է, որ պետական հիմնարկներին ամրացված մեքենաները կրճատելու մասին վարչապետի աշխատակազմի կողմից 2019 թվականին հայտարարված հանձնարարականի շրջանակներում «Հյունդայի Էլանտրա 1.6» մակնիշի 172 LL 50 պետական համարանիշի մեքենան հանձնվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պահառությանը:

«ՏՈՅՈՏԱ LC 150 4.0 GAS» մակնիշի 672 TT 60 պետական համարանիշի մեքենան ամրացված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: «Հյունդայի Տուկսոն 2.7» մակնիշի 001 LO 07 պետական համարանիշի մեքենան ամրացված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

 

 

ՏԱՏԻԿԻ ԴԻՆ ԳՏՆՎԵՑ

ՀՀ առողջապահության նախարարությունից գյումրեցի ընտանիքին այդպես էլ չեն կարողացել պարզաբանել՝ որտեղ է նրանց տատիկը, եւ ինչու է այդպիսի շփոթմունք առաջացել: ArmLur.am-ի հետ զրույցում Մարիամ Մալխասյանը հայտնեց, որ չնայած երեկ լրատվամիջոցներում բարձրացված աղմուկին՝ Առողջապահության նախարարությունից կամ մեկ այլ կառույցից որեւէ արձագանք չեն ստացել:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել էր այն մասին, որ չեն կարողանում գտնել գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին, որը հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել էր կորոնավիրուսից։

«Մենք ենք այսօր փորձել կապ հաստատել Առողջապահության նախարարության հետ, եղբայրս է փորձել, քանի որ նա է այս օրերին փորձում հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել: Նա կապ է հաստատել նախարարության հետ, եւ բանից պարզվել է, որ իրենք նոր ճշտում են, թե որ բրիգադն է տարել տատիկիս, բայց մենք արդեն երկու օր առաջ այդ ամեն ինչը պարզել էինք: Ինֆորմացիան իրենց եղբայրս է տվել, որ այսինչ բրիգադն է տարել», – նշեց Մարիամը՝  հավելելով, որ իրենք նաեւ ոստիկանություն են դիմել:

«Իրենք իրենց այդքան էլ չեն կոտորում այդ հարցում, հա ի՞նչ անենք, եղել է, կորել է, ի՞նչ անենք: Հա, ի՞նչ անենք, տատի է, կորել է: Այդպես են արձագանքում: Մոտ տաս օր է՝ 82 տարեկան տատիս տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։  Եղբայրս երեկ գնաց, որ բերի տատիկիս դին: Գնաց ու դիակը չկա, դիակը կորել է, ոնց թե կորել է, զանգում ենք պարետատուն, ասում ենք՝ կորոնավիրուսով հիվանդի դիակը կորել է, ասում են՝ ոնց թե կորել է։ Ինքը ամսի 29-ին՝ երեկոյան ժամը մոտ 18?30-ին, մահացել է, իրեն հիվանդանոցից ուղարկել են հերձարան՝ Աբովյան քաղաք», -հավելեց նա:

Նկատենք, որ երեկ այս թեմային անդրադարձել էր Առողջապահության նախարարության մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանը՝ գրելով. «Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի՝ ուզում եմ տեղեկացնել, որ մինչեւ իր հայտարարությունը Առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաեւ ոստիկանությունը: Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն: Խնդրում եմ դեռեւս չպարզված հանգամանքների եւ առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Սակայն, ինչպես նշեցինք, տատիկի ընտանիքը որեւէ նորություն չունի:

Ավելի ուշ Նաիրա  Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Գյումրեցի տատիկի դին գտնվեց: Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում, ու հիմա արտաշիրիմում կարվի:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 




Լրահոս