Քիչ առաջ Armlur.am-ը հայտնեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՍԴ նախկին անդամների՝ Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը։ Ստորև ներկայացնում ենք, թե ինչ հիմքերով է ՄԻԵԴ-ը մերժել Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանի և աշխատանքից ազատված դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի ու Ֆելիքս Թոխյանի դիմումը։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որ պահանջել էին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք անդամները երկրի Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ:
Եվրադատարանի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ դատավորների պաշտոններից: ՄԻԵԴ-ը մանրամասնում է, որ 2015 թվականին փոփոխված Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված է ՍԴ դատավորների պաշտոնավարման 12-ամյա և ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետ: Այդուհանդերձ, անցումային դրույթներով նախատեսված էր, որ մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ դատավորները պաշտոնավարելու են հին կարգով՝ մինչև կենսաթոշակային տարիքը, նմանապես՝ ՍԴ նախագահն էլ մինչև կենսաթոշակային տարիքը պետք է պահպաներ իր մանդատը:
Հետևաբար՝ որոշվել է փոփոխություններ կատարել Սահմանադրությունում և ՍԴ դատավորների համար սահմանել պաշտոնավարման 12-ամյա ժամկետ՝ անկախ նրանից, թե երբ են նրանք նշանակվել, ինչպես նաև սահմանափակել ՍԴ նախագահի պաշտոնավարումը 6 տարով: Նշանակվել էր հանրաքվե, որը, սակայն, չկայացավ համաճարակի պատճառով, և փոփոխություններն ընդունվեցին խորհրդարանի կողմից ու հունիսին մտան ուժի մեջ:
Եվրադատարանն այսօր որոշել է մերժել հայցվորների վերոհիշյալ պահանջը որպես Դատարանի՝ միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս գտնվող, քանի որ այն չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ»,-ասված է ՄԻԵԴ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխություններով Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը և աշխատանքից ազատված դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
Իրենց լիազորությունների դադարեցման օրինականությունը վիճարկելուց բացի պահանջում են, որ Ստրասբուրգի դատարանը միջանկյալ միջոց կիրառի Հայաստանի նկատմամբ։ Այսինքն իրենց խախտված իրավունքների վերաբերյալ դիմումը քննելու ընթացքում դադարեցվեն սահմանադրական փոփոխությունները, և իրենք շարունակեն պաշտոնավարել։