Ռեստորանային ոլորտի աշխատակիցների բարձրացրած հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
ՄԻՊ-ի հանրային կապերի բաժինը, մասնավորապես, հայտնում է.
«1. Նախ, անհրաժեշտ է նշել, որ ավելի վաղ՝ դեռ մայիսի 20-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիայի ընթացքում նրանց բարձրացրած խնդիրներն արձանագրվել են եւ Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել Պարետին: Այդ գրության հիմքում դրվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրված բողոքները:
Մասնավորապես, բողոքի ակցիայի մասնակիցները, ինչպես նաեւ Պաշտպանին բողոք ներկայացրած անձինք խնդրել են թույլատրել նաեւ բացօթյա տարածքներ չունեցող ռեստորանների եւ սրճարանների ամբողջ ծավալով գործունեությունը՝ անվտանգության կանոնները պահպանելու պայմանով։
Ըստ բողոքների՝ իրենց մտահոգությունները պայմանավորված են ռեստորանային ոլորտի սեզոնային շահութաբերությամբ: Դրանից բացի, ռեստորանները ստացել են նաեւ կանխավճարներ եւ գործող սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն կանխատեսելու իրենց հետագա գործողությունները:
Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասեցագրվել այն մասին, որ ռեստորանների եւ սրճարանների չգործելու հետեւանքով տուժում են ոչ միայն տնտեսվարողները, այլեւ դրանց հետ փոխկապակցված այլ ծառայություններ՝ շղթայական ազդեցությամբ (հարսանյաց զգեստների սրահները, դիմահարդարման, վարսահարդարման, տեսաձայնագրման ծառայությունները, պարային խմբերը, երաժիշտները, երգիչները, հանդիսավարները, խոհարարները եւ այլն):
Կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիան գտնվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման ներքո: Նկարագրված հարցերի առնչությամբ այսօր եւս մեկ գրություն ուղարկվել է Պարետատուն։
2. Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու առնչությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության բաժին։
Տեղի են ունեցել առանձնազրույցներ վարչական ձերբակալման ենթարկված եւ Ոստիկանության բաժնում գտնվող քաղաքացիների հետ: Ուսումնասիրվել են նրանց Ոստիկանություն բերելու, վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը»։