Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվության ծառայությունից;
Վարչապետը նշել է, որ դեսպանի գործունեության ժամանակահատվածում Հայաստանի եւ ԱՄԷ-ի հարաբերություններում եղել է ակտիվ եւ արդյունավետ շրջան: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է ԱՄԷ-ի զարգացման ու բարեփոխումների փորձով: «Հույս ունենք, որ առաջիկայում մեր երկիրն էլ ավելի հետաքրքրիր կդառնա ձեր երկրի բիզնեսի համար՝ ներդրումային տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով»,- ասել է վարչապետը՝ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման ու ընդլայնման առումով կարեւորելով միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել նախորդ տարվա աշնանը՝ Երեւանում: Կառավարության ղեկավարը շեշտել է երկկողմ քաղաքական բարձր մակարդարկի հարաբերությունների փաստը եւ շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:
Վարչապետն ԱՄԷ կառավարությանը շնորհակալություն է հայտնել նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում հայկական կողմին ցուցաբերված աջակցության համար եւ վստահությամբ նշեկ, որ համավարակը կհաղթահարվի սերտ համագործակցության արդյունքում:
Իր հերթին, Մուհամմադ Իսա Ալ Զաաբը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին եւ ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար եւ հավելել, որ հետագա գործունեության ընթացքում էլ շարունակելու է ջերմ կապեր պահպանել Հայաստանի ու հայ ժողովրդի հետ: Դեսպանի խոսքով՝ տպավորված է ՀՀ կառավարության րիտասարդ անդամների արդյունավետ գործունեությամբ, ինչի արդյունքում նախոր տարվա ընթացքում երկրում արձանագրվել են մի շարք դրական ցուցանիշներ, իրականացվում են խորը բարեփոխումներ մի շարք ոլորտներում: Մուհամմադ Իսա Ալ Զաաբը խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում աճ է արձանագրվել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններում, ինչպես նաեւ զբոսաշրջանության ոլորտում համագործակցության մեջ: Պարոն Զաաբն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը եւս շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ, այդ թվում՝ տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, առողջապահության, սննդի անվտանգության, զբոսաշրջության եւ օդային հաղորդակցության ոլորտներում: Դեսպանը նշել է, որ ԱՄԷ-ն շարունակելու է Հայաստանում բարեգործական ծրագրերի իրականացումն ու դրանց ընդլայնումը: Նա նաեւ դրվատանքով խոսել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ իրականացվող բարեգործական ծրագրերի մասին:
Զրւցակիցները համոզմունք են հայտնել, որ կորոնավիրուսի հավարակից հետո երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով տարբեր ուղղություններով գործակցությունը կշարունակի զարգանալ ու առաջընթաց ապրել: