Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձեւաչափով, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են ՊՆ-ի լրատվության ծառայությունից։
Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը:
Կողմերը նշել են հայ-չինական հարաբերությունների եւ ռազմաքաղաքական երկխոսության բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ՝ պաշտպանական բնագավառում: Քննարկվել են համագործակցության հետագա զարգացման եւ ընդլայնման ուղիները: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու համար: