«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմության՝ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած քննիչ հանձնաժողովը, որ պետք է կորոնավիրուսով պայմանավորված համավարակի հանգամանքներն ուսումնասիրի, ըստ երեւույթին, չի ձեւավորվի:
«Իրատեսի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նշեցին, որ Ազգային ժողովի մեծամասնությունը տրամադրված չէ հանձնաժողովին միս ու արյուն տալու: Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ քննիչ հանձնաժողովը կարող է ձեւավորվել օրենսդիրի հերթական նստաշրջանի ժամանակ` պատգամավորների քվեարկությունից հետո:
«Մենք, իհարկե, տրամադրված չենք, որ այդ հանձնաժողովը ձեւավորվի, այլապես կստացվի, որ կառավարության մեր գործընկերների աշխատանքը հարցականի տակ ենք դնում: Այո, ոչ ոք չի հերքում, որ եղել են թերացումներ համավարակի դեմ տարվող աշխատանքներում, բայց հարցը բերել հանրային քննարկման դաշտ, չենք պատրաստվում»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի նախաձեռնությունն իրականում ոչ թե հետազոտելու, ուսումնասիրելու ու հանգամանքները պարզելու խնդիրն է լուծելու, այլ քաղաքական PR-ի ձեւ է. «Գալու են ասեն՝ տեսաք, մեզ չլսեցիք, մեր ասած քայլերին ականջալուր չեղաք, ու ամեն բան թարս գնաց: Իսկ մենք, պարզից էլ պարզ է, ո՛չ Թորոսյանին, ո՛չ Ավինյանին, ո՛չ, առավել եւս, Փաշինյանին կենտրոն դարձնել չենք պատրաստվում»: