Ինչպես հայտնի է, ոստիկանապետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ,«Կոռուպցիոն բացահայտումներ ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության շտաբում նշանակվել է ծառայողական քննություն: Նկատենք, որ այդ հրապարակման համաձայն, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը եւ նրա երկու տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը եւ Հայկ Մհրյանը, որոնք պաշտոնավարում են նաեւ այժմ, 30 միլիոն դրամ են դուրս գրել՝ ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարները համապատասխան մարդկանց չեն հասել:
Իրականացվող ծառայաողական քննության հետ զուգահեռ ArmLur.am-ը որոշեց ներկայացնել ոստիկանության համակարգի պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը:
Այսպիսով, ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանը 2019 թվականի տարեվերջի դրությամբ իր հայտարարագրում նշել է Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում անհատական բնակելի տան եւ նույն մարզի Իջեւան համայնքում արտադրական նշանակության շինության առկայության մասին, սակայն ոստիկանապետը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել: Անդրադառնալով ոստիկանապետի դրամական միջոցներին՝ ընդգծենք, որ նա իր գումարները կանխիկ է պահում, այլ ոչ թե բանկային քարտերի վրա: Նա որպես կանխիկ գումար հայտարարագրել է 11 մլն դրամ եւ 8500 դոլար, իսկ մեկ տարվա ընթացքում եկամուտը եղել է միայն աշխատավարձը՝ 7 մլն 538 հազար դրամ:
Իսկ ահա ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ում մասով ծառայողական քննություն է նշանակված, ունի համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն Արմավիրի մարզի Դողս համայնքում եւ 2016 թվականին գնած FORD մակնիշի ավտոմեքենա: Փոխոստիկանապետի հայտարարագրի համաձայն, նա բանկային հաշիվների վրա գումար չունի, իսկ ահա որպես կանխիկ գումար հայտարարագրել է 7 մլն դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում էլ նրա եկամուտը միայն աշխատավարձն է եղել:
Մյուս տեղակալ Հայկ Մհրյանը, ում մասով եւս ծառայողական քննություն է նշանակված, հայտարարագրի համաձայն, ունի մեկ բնակարան Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում, իսկ 2019 թվականին 12 հազար դոլարով գնել է 2012 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա եւ 3 մլն 500 հազար դրամով էլ վաճառել իր Toyota մակնիշի ավտոմեքենան: Որպես դրամական միջոց Հայկ Մհրյանը հայտարարագրել է բանկային հաշիվների վրա առկա 1 մլն 674 հազար դրամը եւ որպես կանխիկ էլ 45 հազար դոլար եւ 8500 եվրո: Իսկ մեկ տարվա ընթացքում փոխոստիկանապետը որպես վարկ ստացել է 3 մլն դրամ՝ բանկից, 1 մլն 595 հազար դրամ կենսաթոշակ, 212 հազար դրամ «Արմավիր» ՔԿՀ-ից եւ 5 մլն դրամ էլ որպես աշխատավարձ՝ որպես վարչական շրջանի ղեկավար:
Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը 2019 թվականի ընթացքում 82 մլն դրամով բնակարան է գնել Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ժառանգություն ստացել բնակարան եւ ավտոտնակ կրկին նույն վարչական շրջանում, իսկ 87 մլն դրամով էլ վաճառել մեկ այլ բնակարան՝ կրկին Կենտրոնում: Այսպիսով, 2019 թվականի վերջի դրությամբ, փոխոստիկանապետն ունի երկու ավտոտնակ եւ երկու բնակարան: Բացի անշարժ գույքից, պարզվում է փոխոստիկանապետը 2019 թվականին նաեւ ժառանգություն ավտոմեքենա է նվեր ստացել՝ Opel մակնիշի, սակայն ունի նաեւ Nissan մակնիշի ավտոմեքենա: Փոխոստիկանապետը բանկում ունեցել է 457 դրամ, իսկ կանխիկ՝ 35 հազար դոլար: Տիգրան Եսայանը մեկ տարվա ընթացքում ստացել է տարբեր գումարներ փոխառություններից, նաեւ աշխատավարձ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան