2020թ. հունիսի 20-ին՝ ժամը 20.30-ին, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ֆինանսական ընկերությունում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված ընկերության տնօրենը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև՝ ընկերության մուտքի դիմաց ատրճանակով կրակել է իր ձախ աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ընկերության տնօրենը ներկայացել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին և ինքնակամ ներկայացրել գազային ատրճանակը:
Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 53-ամյա տղամարդու առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ նկատի ունենալով օրգանի ֆունկցիայի կորուստը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:
Քրեական գործով 53-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել: Ընկերության տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: