7-8 օր շատ ծանր ենք տարել. պատգամավորը թեստի պատասխանին է սպասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը և իր կինը վարակվել են կորոնավիրուսով: Արեն Մկրտչյանից Armlur.am լրատվականը փորձել է պարզել, թե ինչ վիճակում են պատգամավորն ու իր կինը:

«Հատկապես սկզբնական շրջանում՝ 7-8 օր, շատ ծանր ենք տարել։ Հիմա արդեն մի քանի օր է՝ ոտքի վրա ենք։ Այսօր թեստ ենք հանձնել, 16-րդ օրն ա։ Սպասում եմ պատասխանին»,-հայտարարեց իմքայլական պատգամավորը:

Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք հոսպիտալացվել են ու ի՞նչ ախտանիշներ են ունեցել, մեր զրուցակիցն ասաց. «Սկզբում ես էլ, կինս էլ հոսպիտալացված ենք եղել։ Կրկնակի ԿՏ հետազոտությամբ թոքաբորբ չունեինք, որոշեցինք բուժումը տանը շարունակել՝ այդ երկու մահճակալներն ազատ պահելով այլ վարակակիրների համար, ովքեր թոքաբորբ ունեն։ Ախտանիշները եղել են բարձր ջերմություն, դող, սուր գլխացավ ճակատի, աչքերի հատվածում, մկանային ցավ, թուլություն, համի ու հոտի կորուստ»:

Իշխանական խմբակցության պատգամավորը հավելեց նաև. «Նշեմ, որ բուժող բժշկի հետ անընդհատ կապի մեջ ենք եղել։ Կինս նույնպես բժիշկ է, ով մինչ վարակվելը մեր տասնյակ վարակակիր քաղաքացիների է ոտքի կանգնեցրել ու ԱՆ կողմից պարգևատրվել պատվոգրով։ Էնպես որ, բժշկական երկկողմանի հսկողության տակ եմ եղել»:

Սոնա Գրիգորյան




Լրահոս