«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա: Բանն այն է, որ այժմ նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը դարձել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի մրցույթի հաղթող, եւ համապատասխան հրամանից հետո նա պետք է անցնի իր պարտականությունների կատարմանը, եւ այդ դեպքում փոխնախարարի հաստիքը կմնա թափուր, քանի որ պաշտոններն անհամատեղելի են: ՀՀ արդարադատության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց. «Այս պահին արդարադատության նախարարի տեղակալ տիկին Գալյանի անունը ընդգրկված է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածուների ցուցակում։ Նշված երկու պաշտոնները համատեղել հնարավոր չէ», – հայտնեց նա։ Այսպիսով, Արդարադատության նախարարությունում սեպտեմբերին մեկ հաստիք թափուր կլինի, քանի որ հանձնաժողովը կգործի հենց սեպտեմբերից:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչեւ մրցույթն արդեն իսկ «քաղաքական որոշումը» կայացված էր, եւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն էլ պետք է զբաղեցներ այդ կարեւորագույն պաշտոնը, քանի որ այդպես է ուզում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա որոշումները, կարելի է ասել, համակարգում անբեկանելի են: Այսինքն՝ արդարադատության նախարարն արդեն որոշել էր իր մարդուն «գործուղել» դատախազություն եւ անձամբ վերահսկել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթիայսօրվա համարում։