Ազգային ժողովը հաջորդ շաբաթ` հուլիսի 14-ին, կրկին արտահերթ նստաշրջան կգումարի: Նախ կան հարցեր, որոնք պետք է քննակվեն երկրորդ ընթերցմամբ եւ վերջնական ընդունվեն, ինչպես նաեւ կան նախագծեր, որոնք անհետաձգելի են համարվել եւ պետք է քննարկվեն արտահերթ ռեժիմով:
Այսպիսով, նախ հուլիսի 13-ին արտահերթ նիստ կանցկացնի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Նիստի օրակարգում «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքն է, որը պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ եւ ընգրկվի արդեն մեծ օրակարգ՝ վերջնական քննարկվելու համար: Բացի այդ, նույն օրը արտահերթ նիստ պետք է գումարի նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, սակայն օրակարգը դեռ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված չէ:
Իսկ ահա հինգշաբթի օրը կառավարության նիստում հավանության էր արժանացել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը եւ համարվել անհետաձգելի: Հենց այս փաթեթը պետք է քննարկվի արտահերթ նստաշրջանի ընթացքում:
Ինչպես հայտնի է, այս փաթեթով ամրագրվելու է, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով եւ լիազորությունների շրջանակով:
Բացի այդ, արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Ն.Հ.