Արդեն երեք տարի է մշակույթ հասկացություն մեր երկրում գոյություն չունի. Գուժ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես անկեղծ ասած չգիտեմ, թե ինչքանով է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան նպատակահարմար դպրոցներերում շարունակել դասավանդել: Ես չգիտեմ, թե դա ինչքանով է նպաստում երեխայի դաստիարակությանը: Կարծում եմ, որ մենք, բուն Քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգը լինելով հանդերձ, մոռացել ենք Քրիստոսին, իսկ առանց նրա ոչինչ գոյություն չունի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանը` անդրադառնալով բուռն քննարկաման առարկա դարձած «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային եւ այլ թեմաների :

«Մենք ավանդական ժողովուրդ ենք, մենք կարող ենք մեր պապերից, հայրերից վերցնել լավը եւ վատը թողնել մի կողմ: Ես մի մտահագություն ունեմ, թե ինչ ենք մենք մատուցում կամ մատուցելու մեր մատաղ սերունդին, իսկ մատաղ սերունդն ունի ճիշտ բաների կարիք, այլ ոչ թե ճնշել երեխային՝ պատմելով, թե այս ինչ դարում, այս ինչ անձը կատարել է այս ինչ սխրագործությունը, մինչդեռ կարելի է անցնել հպանցիկ: Ես կարծում եմ, որ «Հայոց պատմություն» առարկան դպրոցում երեխաները պետք է անցնեն առանձին գրքով, եւ այդ առարկաները չմիավորեն: Ես երբեք քաղաքականության մեջ չեմ եղել, եւ չեմ պատրաստվում լինել, բայց ես կանգնած եմ ցանկացած բարի ցանկության կողիքն՝ վանելով չարին: Ոչ մի բան մարդուն չի խանգարում լինել բարի: Մարդ պետք է իր գործում լինի շիտակ, բարի, ներողամիտ, որպեսզի հաջողի այն: Եվ ես չեմ հասկանում, թե ինչ դժվար բան կա բարի լինելու մեջ»,-նշում է մեր զրուցակիցը:

Գուժ Մանուկյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ այս ժամանակահատվածում իրեն շատ է մտահոգում այն ատելության մթնոլորտը, որը տիրում է երկրում. « Այսօր ես շատ մտահոգված եմ երկրում ատելության մթնոլորտի համար: Այնտեղ, որտեղ տիրում է ատելությունը, սիրո մասին խոսելը դառնում է ավելորդ, քանի որ ատելությունը եւ սերը գտնվում են հակադիր բեւեռներում, եւ որտե՞ղ է գրված, որ այդ երկուսը կարող են միասին քայլել»:

ՀՀ ժողովրդական արտիստը, մեզ հետ զրույցում խոսելով արվեստի, մշակույթի մասին, նկատում է, որ արդեն շուրջ երեք տարի է ինչ երկրում մշակույթ հասկացողությունը բացակայում է:
«Արդեն երեք տարի է մեր երկրում մշակույթ հասկացողություն գոյություն չունի` թատրոն, արվեստ, կարծես թե թթու դրած լինեն ու բերանն էլ փակել են: Մենք ունենք շատ վաստակաշատ մտավորականներ, ովքեր արտահայտվելու իրավունք ունենք, թե՛ փորձի, թ՛ե իրենց տարիների վաստակով: Այսօր մեր երկրում մշակույթ հասկացողություն գոյություն չունի: Այսօր մշակույթում իրենց ներդրումն ունեցած շատ կարեւոր մարդիկ չեն կարողանում հացի խնդիր լուծել»,-նշում է նա:

Հարցին, թե վերջին շրջանում հանդիսատեսը էկրաններին չի տեսնում վաստակաշատ դերասանին, ով այդքան սպասված է նրանց կողմից, Գուժ Մանուկյանը ընդգծում է. «Կորոնավիրուս համավարակով պայմանավորված թատրոնը, արվեստը գտնվում են ճգնաժամում, եւ հիմա ոչ մի արվեստագետ չի երեւում: Ունեցել եմ հեռուստասերիալներում, ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ, որոնք մերժել եմ առողջական խնդիրներից ելնելով, բայց նաեւ եղել են առաջարկներ, որ թեմատիկ առումով չեն համապատասխանել ինձ, նույնիսկ Դրամատիկական թատրոնում կարողացել եմ հրաժարվել մի դերից, որն իմ ներքին աշխարհի հետ կապ չի ունեցել, եղել է արհեստական, իսկ արվեստի հիմքում ընկած է բնականությունը, եւ դա կապ չունի` դրական դեր ես խաղում, թե բացասական: Ես չեմ հասկանում, թե այս ի՜նչ է այս աշխարհը դարձել․ ամեն ինչ արհեստածին, արհեստական, իմիջայլոց է»:

Եվ մեզ հետ զրույցի վերջում Գուժ Մանուկայնն , անդրադառնալով կորոնավիրուս համավարակին, հավելում է, որ համավարակի մասին այնքան տարակարծություններ կան, որ գրեթե ամեն ինչ անորոշ է թվում, չի հասկացվում , թե ինչ է կատարվում եւ ուր է տանում մեզ այս աղետը:

«Ես ինչ գիտեմ, թե սա ինչ խաղեր է, գաղափար չունեմ, միայն մի բան գիտեմ, որ պետք է զգուշանանաք, նորմալ ձեւով հետեւենք բոլոր կանոններին: Ես ինքնս մեկուսացել եմ, աշխատում եմ կատարել բոլոր տեսակի անվտանգության կանոնները»,-եզրափակում է մեծ դերասանը:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս