ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ: Խոսքը վերաբերում է հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող տվյալներին:
Այժմ որոշման նախագծով նախարարությունն առաջարկում է, որ հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգեբարձության տակ գտնող անձանց, հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը հրապարակելիս որպես բացառություն նախատեսել բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը վճարող կազմակերպության անվանման կամ ֆիզիկական անձի անվան, հայրանվան, ազգանվան համար:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով սահմանվում են եկամտի տեսակները: Այսպես, եկամուտ է համարվում նաև տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը: Սույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ գույքի հայտարարագրման բաժնում ենթակա է հայտարարագրման հանձնված, վերադարձված փոխառությունը (այդ թվում՝ բանկային ավանդը):
Որոշմամբ սահմանված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկում, ի թիվս այլ տվյալների, ենթակա է հրապարակման նաև եկամտի ստացման աղբյուրը, այն է՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը: Նախարարությունը նկատում է, որ այս նորմում սահմանված չեն եկամտի տեսակները: Սակայն բխում է, որ բանկային ավանդի դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում վճարող կազմակերպության անվանումը ևս հրապարակման ենթակա տվյալ է: Միևնույն ժամանակ, հանձնված, վերադարձված փոխառության, այդ թվում՝ բանկային ավանդի գործարքի մյուս կողմի՝ պարտապանի տվյալները՝ անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը, որոշմամբ պաշտպանված են և ենթակա չեն հրապարակման: Եվ ահա նախարարությունը գտնում է, որ միասնական մոտեցման ապահովման տեսանկյունից, անհրաժեշտ է փոփոխել վերոնշյալ կարգավորումը:
Ն.Հ.