«Լիդիան Արմենիա» ընկերության վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները՝ համապատասխան տեխնիկայով զինված, պատրաստվում են գնալ Ամուլսարի դիմադրական կետեր, որպեսզի այնտեղից հանեն Ամուլսարի պահպանների կացարանները: Այս մասին ահազանգում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը։
«Այս գործողությունները բացարձակ ապօրինի են, հերթական անգամ Լիդիանը իր նոր տերերով հանդերձ պրովոկացիաներ է հրահրում։ Դեռևս մի քանի ամիս առաջ մեր ուղարկած հարցմանն ի պատասխան Ոստիկանությունը հաստատել էր, որ արված չափագրումների համապատասխան Ամուլսարի պահապանների կացարանները Լիդիանի տարածքից դուրս են գտնվում. սա ամրագրված է նաև Ոստիկանության և Լիդիանի միջև դատական գործընթացի փաստաթղթերում, և նույնիսկ Կանադական դատարանում Լիդիանի հետ կապված վարույթի փաստաթղթերում:
Այս պահին տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան բռնի և ապօրինի միջամտություն խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը: Նման գործողությունները նաև սադրանք են և հղի են նոր պահնորդական ընկերության կողմից բռնության հրահրելու փորձերով (մենք արդեն համոզվել ենք, որ նրանք ընդունակ են դրան)», – ասված է ՀԲՃ-ի տարածած հայտարարության մեջ։