Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում
Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։
Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ, պահակակետի տնակի մոտակայքում, հակառակորդի կիրառած զենքերից ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Իսկ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, թե ամեն ինչ կառավարվում է, իսկ զինվորների ծնողներին հորդորեց հանգիստ լինել, իրականացվող գործողություններում ոչ մի պարտադիր ժամկետային զինծառայող ներգրավված չէ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Ն.