Հերթական արևմտյան ընկերությունը մտադիր է դուրս գալ Ադրբեջանի էներգետիկ շուկայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավային գազային միջանցքի» ոչ բավարար հզորության շուրջ ծավալվող քննարկումների և մտահոգությունների ֆոնին Ադրբեջանը էներգետիկ ոլորտի թիվ 1 պատասխանատուի շուրթերով ի լուր աշխարհի և հատկապես ԱՄՆ-ի և Եվրոպայի՝ հայտարարում է, որ 2020թ․ բնական գազի արդյունահանումն Ադրբեջանում կգերազանցի 38 միլիարդ խմ-ը, իսկ 2022-ին կկազմի մոտ 45 մլրդ խմ։ Եվ սա այն դեպքում, երբ օրինակ 2019թ. Ադրբեջանը, համաձայն «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության հրապարակած տվյալների, արդյունահանել է 24.3 մլրդ խմ գազ։ Ինչպես գիտենք, համաշխարհային այս համավարակի պայմաններում նավթի համաշխարհային շուկայում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել։ Համավարակը խիստ բացասական ազդեցություն է ունեցել նավթի համաշխարհային պահանջարկի վրա՝ արդյունքում խնդիր առաջացնելով նաև նավթի համաշխարհային գների առումով։

Միջազգային էներգետիկ գործակալությունն արդեն իսկ համապատասխան զեկույց է հրապարակել 2020թ. նավթի համաշխարհային պահանջարկի զգալի կրճատման վերաբերյալ՝ միաժամանակ ընդգծելով մի կողմից՝ կարճաժամկետ հեռանկարում նավթի շուկայում տիրող իրավիճակի և մյուս կողմից՝ շահագրգիռ կառավարությունների կողմից համավարակի հետագա բռնկումը զսպելու ջանքերի արդյունավետության միջև եղած հետադարձ կապը։ Եվ ինչքան էլ Ադրբեջանը հրապարակայնորեն հայտարարի երկրում վերահսկելի իրավիճակի և խնդիրների շուտափույթ կարգավորման մասին (օրինակ վերջերս ադրբեջանական քարոզչամեքենան բավականին ակտիվորեն առաջ է մղում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի տարեկան զեկույցը 2019թ․ համար, որում նշվում է, որ 2001-2019թթ․ եկամուտները կազմել են 159,4 մլրդ դոլար, որից 72,8% օգտագործվել է, իսկ մնացածը՝ կուտակվել, իսկ միջոցների մեծ մասը տրանսֆերների տեսքով ուղղվել պետական բյուջե)՝ այդուհանդերձ նավթի շուկայում մասնագետները լուրջ խնդիրներ են տեսնում։

Պատճառների թվում ըստ երևույթին նաև այն է, որ արդեն իսկ բավականին մեծ են մտահոգությունները կորոնավիրուսի համավարակի 2-րդ ալիքի առնչությամբ, որը «խոստանում» է նավթի համաշխարհային շուկան հերթական ցնցման ենթարկել, չէ՞ որ բավականին մեծ կլինի նավթի համաշխարհային գների հետագա նվազման ռիսկը, քանի դեռ առաջարկն ու պահանջարկը կշարժվեն հակառակ ուղղություններով։ Եվ ահա այս իրավիճակում Ադրբեջանն ըստ էության հերթական հարվածի ալիքի տակ է ընկնում։ Դեռ 1994թ․ կնքված «դարի պայմանագիրը» Ադրբեջանի համար բավականին մեծ տնտեսական և քաղաքական օգուտներ ապահովեց։ Եվ բավականին հետաքրքրական է, որ այս համաշխարհային պանդեմիայի, նավթի համաշխարհային գների անկման և շուկայի ապագայի անորոշության պայմաններում Արևմուտքի մի քանի «էներգետիկ ծանրքաշայիններ» լրջորեն սկսել են մտածել 1994թ․ «Դարի պայմանագրում» իրենց մասնաբաժինների վաճառքի վերաբերյալ: Էներգետիկ «հսկաներից» «Chevron»-ը արդեն իսկ վաճառել է իր մասնաբաժինը հունգարական ընկերությանը, իսկ ահա «ծանրքաշայիններից» օրինակ «ExxonMobil»-ը, համաձայն ակտիվորեն շրջանառվող լուրերի, մտադիր է հետևել նրա օրինակին՝ այս անգամ սակայն Կասպից ծով ապահովելով նոր մասնակիցների մուտքը՝ այդ թվում նաև Չինաստանի ժողովրդական հանրապետությունից։ Դեռևս պաշտոնական հայտարարություն չկա, սակայն նույնիսկ դրա հավանականությունը այսպես ասած «հարվածային ալիք» է առաջացնում տարածաշրջանում։

Ընդ որում, ընկերության պաշտոնյաներն արդեն իսկ համապատասխան մեկնաբանությամբ են հանդես եկել՝ նշելով, որ իրենք ստուգում են Ադրբեջանում իրենց ակտիվների վերաբերյալ շուկայի շահը, և որ եթե այլ ընկերություններ ավելի մեծ արժեք կտեսնեն ակտիվում, իրենք կվաճառեն։ Իհարկե «ExxonMobil»-ի մասնաբաժինը Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրում այդքան էլ մեծ չէ (6.79%), հետևաբար այն ձեռքբերող ընկերությունը գերակշիռ վերահսկողություն չի կարողանա ունենալ տարածաշրջանում, սակայն այն հետագայում կարող է օգտագործվել որպես «տրամպլին» ավելի լայն ներգրավվածության և վերահսկողության համար։ Եվ հենց այս հանգամանքն էլ մտահոգություններ է առաջացնում ՌԴ-ում, որն ըստ էության առանցքային խաղացող է կովկաս-կասպյան տարածաշրջանում։

Իսկ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ադրբեջանական շուկայում արևմտյան ընկերությունների ներգրավվածության թուլացումն ու շուկայում ասիական դերակատարների մասնակցության ընդայնումը: Այսպես ասած «ռենտային» պետությունները, որոնք իրենց ռեսուրսները վարձակալության են հանձնում վերազգային ընկերություններին, ունենում են տնտեսական շահագրգռվածություն և որ ավելի կարևոր է, ակնկալում հատկապես քաղաքական աջակցություն իրենց համար առանցքային հարցերի շուրջ։ Ժամանակին, երբ իրականություն էր դառնում «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» ծրագիրը, Ալիևը ի լուր աշխարհի հայտարարում էր, որ խողովակաշարով հոսելու է ոչ թե նավթ, այլ՝ քաղաքականություն։

Եվ տարիներ շարունակ էներգակիրների գործոնը Ադրբեջանը փորձել է օգտագործել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում իր քաղաքական նպատակների իրականացման ուղղությամբ հաջողությունների հասնելու նպատակով։ Իհարկե հասկանում ենք, որ լայնորեն շրջանառվող այս լուրերը դեռևս փոքր մասնաբաժինների վաճառքին են վերաբերում, և որ տարածաշրջանն արևմտյան պետությունների համար բավականին մեծ կարևորություն է ներկայացնում, այդուհանդերձ հանուն ճշմարտության պետք է նշենք, որ ընդամենը մի քանի տարի առաջ, երբ Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալների կրճատման և գների շարունակական անկման պայմաններում «Statoil» և «Total» ընկերությունները որոշեցին հեռանալ Ադրբեջանի նավթային համակարգից, միջազգային էներգետիկ քաղաքականությամբ մասնագիտացած գիտա-վերլուծական շրջանակները կասպյան ավազանից վերազգային էներգետիկ ընկերությունների հետագա դուրս գալը համարում էին անհեռանկարային։

Այս պայմաններում հնարավոր է, որ Ադրբեջանը նաև վերը նշված հայտարարությամբ փորձում է ընդգծել իր կարևորությունը եվրոպական պետությունների տնտեսաքաղաքական շահերի բավարարման գործում՝ կապված ԵՄ-ի համար այդքան կարևոր «Հարավային գազային միջանցքի» լիարժեք իրականացման իր ներուժի հետ՝ թեկուզ և ժամանակավորապես օգտագործելով բնական գազի գործոնն ու փորձելով այդ կերպ հակակշռել նավթի շուկայում առկա խնդիրներին ու հնարավոր անցանկալի զարգացումներին։ Թե ինչքանով կհաջողվի Ադրբեջանին գազի արդյունահանումը հասցնել հայտարարված մակարդակին և ավելի մեծածավալ գազի արտահանման հնարավորություններ ընձեռել, ժամանակը ցույց կտա։

Բայց այս փուլում կարծում ենք՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կարգավորել իրավիճակը նավթային ոլորտում՝ ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող «Հարավային գազային միջանցքի» առանցքային դերակատարության համար կոնկրետ հայտ ներկայացնելով: Ինչ վերաբերում է տարածաշրջանում Չինաստանի ներգրավվածությանն ու հնարավոր հետևանքներին, պետք է նշենք, որ Չինաստանը տարածաշրջանում ամենևին էլ նորեկ չէ։

Այն բավականին ակտիվորեն և նշանակալիորեն ներգրավված է ինչպես ծովի հանքավայրերի զարգացման, այնպես էլ՝ ծովից իրականացվող էներգամատակարարումների կոնկրետ ծրագրերում։ Ներկայում հարավկովկասյան տարածաշրջանի տարանցիկ ներուժի իրացման գործընթացում առաջընթացի ձեռքբերմանը, ինչպես գիտենք, կարող է նպաստել կասպյան արևելյան ծովեզրյա գազի՝ տարածաշրջանով տարանցումը: Սակայն, չինական լայն սպառման շուկա կասպյան էներգապաշարների արտահանումը, տարածաշրջանում չինական ներգրավվածության ընդլայնումը նպաստում է կասպյան պետությունների բազմակողմանի արտահանման քաղաքականության ծավալմանը՝ բազմազանեցնելով էներգակիրների արտահանման ուղիները: Կասպից ծովի տարածաշրջանում Չինաստանի ներգրավվածությունը Անդրկասպյան նախագծերի իրականացման դժվարությունների պայմաններում նպաստելու է չինական ուղղությամբ տարածաշրջանի պետությունների էներգետիկ քաղաքականության հետագա զարգացմանը՝ էլ ավելի «հեռացնելով» Հարավային Կովկասի տարանցիկ ներուժի իրացման տեսանկյունից հեռանկարային այս պետություններին եվրոպական պետությունների հետ խողովակաշարային ծրագրերի շրջանակներում էներգետիկ գործակցության զարգացումից:

Էներգակիրների լայն սպառման չինական շուկայի առկայությունը, իր էներգապահանջմունքի բավարարման և ներգրավվածության՝ Չինաստանի ակտիվ քաղաքականությունը Կասպից ծովի տարածաշրջանում, Չինաստանի հետ կնքված պայմանագրերով մեծածավալ կասպյան գազի մատակարարումները, երկկողմ համագործակցության փոխշահավետությունը հեռանկարում «խոստանում» են խոչընդոտել Հարավային Կովկասով և Թուրքիայով եվրոպական շուկա կասպյան գազի մատակարարման հարցի վերածմանը կասպյան պետությունների համար օրակարգային խնդրի: Այս պայմաններում Ադրբեջանի համար օրակարգային խնդիր է դառնում հայտարարված չափաքանակի արդյունահանմանը հասնելու հարցը։ Հակառակ դեպքում «Հարավային գազային միջանցքի» գործիքայնացմամբ իր քաղաքական շահերի սպասարկման Ադրբեջանի հնարավորությունների շրջանակը խիստ նեղացվելու է:




Լրահոս