Հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այսօր պետք է տեղի ունենար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը, սակայն այն անորոշ ժամանակով հետաձգվել է: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ավելի վաղ տարածած հաղորդագրությամբ հայտնել էր, որ գլխավոր քարտուղար, Բելառուսը ներկայացնող Ստանիսլավ Զասը իրավիճակի սրման կապակցությամբ կազմակերպության Մշտական խորհրդի արտահերթ նիստ էր նախաձեռնել:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Այսօր առավոտյան կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածում կազմակերպության նպատակների մասին կետում նշված է, որ ՀԱՊԿ-ի նպատակներից է «հավաքական հիման վրա անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը»:
ArmLur.am-ը զրուցել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ: Նա կարծիք հայտնեց, որ նիստի հետաձգումը կապ ունի առկա ինֆորմացիայի ստուգման հետ:
-Պարոն Զատուլին, երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է տիրում: Հետևե՞լ եք իրադարձություններին:
-Ես կարծում եմ՝ դեռ պետք է տեղի ունեցածը պարզել: Եվ որքան հասկանում եմ՝ հենց դա էլ ցանկանում էին անել Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ երկրները: Ես կարծում եմ, որ սա սա միայն սահմանային միջադեպ է, ոչ ավելին: Իսկ թե ով է այդ ամենի մեջ իրականում մեղավոր, պետք է պարզ դառնա քննության արդյունքում: Իսկ ինչ վերաբերում է ում է ձեռնտու, ում՝ ոչ, ապա ես կարծում եմ, որ սա առաջին հերթին ձեռնտու չէ Հայաստանին: Իհարկե, սահմանային լարվածությունը ձեռնտու չէ նաեւ Ադրբեջանին, սակայն մենք գիտենք, որ նրանք ժամանակ առ ժամանակ փորձում են ցույց տալ իրենց ուժը: Ամեն դեպքում, այս դեպքում էլ պետք է ուսումնասիրել իրավիճակը եւ նոր միայն եզրակացություններ:
-Այստեղ ինչ անելիք ունի ՀԱՊԿ-ը, որն այսօր պետք է նիստ գումարեր:
-Նկատենք, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է այդ կառույցին, դա նշանակում է, որ հենց նրանք պետք է այս իրավիճակն ուսումնասիրեն: Հայաստանի սահմանին անմիջական վտանգի պարագայում պետք է արձագանքեն ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները:
-Այսօր նիստը հետաձգվեց, ըստ Ձեզ որն է պատճառը:
-Ես չեմ կարող ասել՝ որն է պատճառը, սակայն իմ կարծիքով նիստի հետաձգումը կապ ունի մի քանի հանգամանքներ ճշտելու հետ, ոչ ավելին: Եթե պարզվի, որ հարցը գնում է հենց Հայաստանի սահմանի վրա հարձակման մասին, ապա միանշանակ բոլոր անդամ երկրները պետք է արձագանքեն: Սակայն ես, ինչպես հասկանում եմ, գործը գնում է միջադեպի, այլ ոչ թե հարձակման մասին: Այդ ամենը պետք է կշեռքի նժարի վրա դրվի եւ, եթե պատճառ կա միջամտության, ապա դա միայն այն դեպքում, երբ անմիջական վտանգ կա հենց Հայաստանի սահմանների համար:
-Բայց դա պետք է լինի ՀԱՊԿ բոլո՞ր անդամ երկրների կողմից:
-Իհարկե, անդամ յուրաքանչյուր երկիր հետագայում կարող է իր համար որոշել՝ մասնակցել թե ոչ, սակայն պայմանագրի համաձայն, նրանց արձագանքը պետք է ընդհանուր լինի: Ի վերջո, խոսքը գնում է ՀԱՊԿ անդամ երկրի սահմանների մասին, բայց որպեսզի բոլոր անդամները արձագանքեն, պետք է առաջին հերթին պարզել՝ արդյոք սա իսկապես հարձակում, պատերազմական վիճակի սպառնալիք, թե արդեն պատերազմ է: Հենց սա պետք է առաջին հերթին պարզվի՝ հետագա քայլերը հասկանալու համար:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը