ՄԻԵԴ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՊՏԱԿ՝ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխություններից հետո ՍԴ երեք արդեն նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Սահմանադրական դատարանի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվ, ահա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին օպերատիվ կերպով ՀՀ կառավարությանը հարցաշար է ուղարկել դատավորների մասին: Սա, համաձայնեք, ինչ-որ չափով ապտակ է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ իշխանությունների իրավաբանական թեւին: Ու եթե ՄԻԵԴ-ը որոշի ընդունել հայցի ապահովման միջնորդությունը եւ կասեցնել ՍԴ երեք դատավորների պաշտոնանկության ու նախագահի գահընկեցության գործընթացը, ապա առնվազն երեք անձինք՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ինչպես նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պետք է հրաժեշտ տան իրենց պաշտոններին: Ինչո՞ւ. որովհետեւ հենց նրանք էին պարտավոր ապահովել միջազգային հանրության հետ համագործակցությունն ու հասկացվածությունը, անխոցելի նախագիծ մշակել, ինչը, ըստ էության, չի արվել: Նկատենք, որ ՄԻԵԴ-ի նման օպերատիվ գործելաոճի հարցում մեծ դերակատարում ունի նաեւ Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ մեր երկրի վերաբերմունքը: Որքան էլ աներկբա լինի այն, որ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները չեն կարող նսեմացնել կառույցի դերը եւ չհետեւել տրված խորհուրդներին: Ի վերջո, ՄԱԿ-ի որոշումներն էլ ունեն խորհրդատվական բնույթ, բայց դրանց պարտադիրության մասին բոլորը մշտապես գիտեն: Եւ այս պարզ իրողությունը հաշվի առնելով՝ ԵԽԽՎ-ն չէր կարող թույլ տալ, որ անտեսվի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը` ԵԽԽՎ-ն արժեզրկելով բոլոր 47 անդամ երկրների համար: Իսկ ինչ վերաբերում է ՍԴ դատավորների ճակատագրին, ապա եթե ՄԻԵԴ-ը հայցի ապահովման միջոց կիրառի, նշանակում է կասեցնել դատավորների պաշտոնանկության գործընթացը, մինչեւ բուն գանգատը կքննվի, ինչը կարող է տարիներ տեւել: Եթե առաջիկա օրերին նման զարգացում լինի, ապա Հրայր Թովմասյանը պետք է շարունակի կատարել ՍԴ նախագահի պարտականությունները, իսկ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը պետք է մնան դատավորներ, մինչեւ ՄԻԵԴ-ը վերջնական որոշումը կայացնի: Իհարկե, ՀՀ իշխանությունները կարող են նաեւ չկատարել ՄԻԵԴ կայացրած որոշումը հայցի ապահովման մասով, ինչը կունենա արդեն կոնկրետ քաղաքական հետեւանքներ ԵԽ նախարարների կոմիտեում` առավել բարդ հեռանկարներով: Հաշվի առնելով վերը բերվածը՝ կարելի է եզրակացնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահելի իրավաբանական թեւը հերթական անգամ անհարմար դրության մեջ դրեց կառավարությանը` խորապես չհաշվարկելով իրավաբանական հետեւանքները:

 

 

Վաղը՝ հունիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի է ունենալու Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում պետք է հավանության արժանանա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլ»-ի կողմից թեկնածու առաջադրելու հարցը: Ինչպես հայտնի է, այդ թեկնածուն Հովհաննես Խաչատրյանն է: Սակայն, պարզվում է, իշխող ուժի կողմից նրա առաջադրումը պատահական չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն են Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը առաջարկել, որը նրանց վաղեմի ընկերն է: Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցության անդամները թեկնածուներ ունեցել են, բայց նախապատվությունը տրվել է Սիմիդյանի եւ Փամբուխչյանի առաջադրած թեկնածուին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրական տեղեկությունը: Պատգամավորը հայտարարեց, որ Հովհաննես Խաչատրյանը իր 23 տարվա ընկերն է. «Իմ մանկական ընկերն է, բանկային համակարգում աշխատել է երկար տարիներ, պրոֆեսիոնալ է, ու մենք որոշել ենք առաջադրել իր թեկնածությունը: Թիմը իրեն գիտի այդ ոլորտում՝ որպես լավ մասնագետի, դրա համար որոշում է կայացվել հենց Հովհաննես Խաչատրյանին առաջադրելու համար»:

 

 

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 112 հազար 764 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 114 հազար 175 տոննա հաց: Այսինքն՝ հացի արտադրության ծավալները այս տարվա հինգ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,1.2 տոկոսով է նվազել: Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ՞ որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները։ Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 956 հազար 900 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 962 հազար 100 էր: Այսինքն` 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 5200-ով է պակասել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր լրագրողական հետաքննությունը ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով բավականին ակտիվ գործողություներ են կատարվում, եւ այդ ակտիվությունը պատահական չէ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով բավականին շահագրգռված է վերջինիս հարազատ եղբորորդին, որն իրավապահ մարմիններին տարբեր միջնորդություններ է ներկայացնում, որպեսզի գործով իրավապահները քննեն ամենատարբեր վարկածներ: Մասնավորապես, Հայկ Հարությունյանի եղբորորդին, ուսումնասիրելով գործը, տեսել է, որ իրավապահներն այս կամ այն վարկածը չեն քննել, միջնորդում է, որ քննեն, իսկ իրավապահներին այլ ելք չի մնում, քան նրա միջնորդությունները բավարարել եւ քննության առարկա դարձնել նաեւ առաջարկվող վարկածները: Գրել էինք նաեւ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Հիշեցնենք նաեւ, որ այս գործով հետմահու նշանակվել են փորձաքննություններ, սակայն փորձաքննությունների եզրակացությունները դեռեւս չկան:

 




Լրահոս