«ԹԱՎՇՅԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՈԶԵՑ ԵՎ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՉԱՍԱՑ». ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ թեժ քննարկվում է այն հարցը, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի նախարարությունը քննարկում է դպրոցներում այլեւս Եկեղեցու պատմություն առարկան չդասավանդելու հարցը: Թե՛ նախկին իշխանությունները, թե՛ կրթության ոլորտի մասնագետները սա համարում են անթույլատրելի ու որակում են խայտառակ որոշում: Armlur.am-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ, պատմբան Էդուարդ Շարմազանովի հետ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի նա այս հարցի հետ կապված:

 

-Պարո՛ն Շարմազանով, քննարկվում է այն հարցը, որ այսուհետ Եկեղեցու պատմություն առարկան այլեւս չպետք է դասավանդվի, ինչը քննադատությունների բուռն ալիք է բարձրացրել: Կասե՞ք Ձեր դիրքորոշումը, որքանո՞վ եք ճիշտ կամ սխալ համարում այս որոշման ընդունումը:

-Դեռեւս 2018թ. հունիս ամսին կառավարությունը ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, ես  ԱԺ-ում հանդես եմ եկել հայտարարությամբ այդ ծրագրի վերաբերյալ եւ ուղիղ հարց եմ տվել կրթության նախարարին, իմ մտահոգությունները հայտնել այն ժամանակ ե՛ւ վարչապետին, ե՛ւ առաջին փոխվարչապետ, այսօր արդեն ԱԺ նախագահին անձնական զրույցի ժամանակ հայագիտական առարկաների ոչ պատշաճ մոտեցման համար: Ես այն ժամանակ Արայիկ Հարությունյանին ուղիղ հարց տվեցի, ասեցի՝ ինչպե՞ս եք կարծում՝ հայագիտությունը պե՞տք է ունենա կիրառական նշանակություն, թե՞ ոչ, հայագիտությունը պե՞տք է ունենա ազգային նկարագիր, թե՞ ոչ: Ուղիղ ասեք՝ կո՞ղմ եք Հայոց եկեղեցու պատմության դասավանդմանը որպես առարկա, թե՞ ոչ: Ի դեպ, նշել եմ, որ ես ոչ միայն կողմ  եմ, այլ գտնում եմ, որ Հայ եկեղեցու պատմությունը պետք է դրվի ավելի բարձր մակարդակի վրա, եւ դասաժամերն էլ պետք է ավելացնեն: Այն ժամանակ, քանի որ դեռ ընտրություններ չկային, թավշա իշխանությունը լղոզեց եւ որեւէ կոնկրետ բան չասեց, հա՛մ մեխին տվեց, հա՛մ նալին: Երկորդ անգամ՝ դեկտեմբերյան ընտրությունների ժամանակ, Արայիկ Հարությունյանի հետ բանավեճի էինք, ես իմ ամբողջ կրթության եւ գիտության զարգացման թեզը դրեցի կրթության դաստիարակության վրա, մեջբերումներ բերեցի մեր ազգային գործերից, որ դպրոցը պետք է լինի հայրենասիրության տաճար, որ մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, եւ էլի ուղիղ հարց տվեցի նախարարին արդեն եթերում՝ կո՞ղմ եք, թե՞ դեմ եք, եւ էլի կոնկրետ բան չասեց: Այսինքն՝ այն ժամանակ արդեն տեսնում էինք, որ այս իշխանությունը չունի գոնե կրթության  ոլորտում ազգային նկարագիր: Ի՞նչ է նշանակում Հայ եկեցեու պատմությունը հանենք: Այստեղ երկու հարց կա. առաջինը՝ մեր Սահմանադրությամբ, չնայած Սահմանադրությունը ոտնահարում են, բայց ըստ Սահմանադրության՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի բացառիկ նշանակություն, որը ամրագրված է Սահմանադրությամբ: Եվ ծիծաղելի է, երբ եկեղեցին փորձում են հավասարեցնել այլ կրոնական կազմակերպություննեին: Մենք Սահմանադրությամբ եկեղեցուն տվել ենք բացառիկ իրավունք: Երկրորդը՝ մասնագիտական առումով ուղղակի ծիծաղելի է Հայ եկեղեցու դասաժամերը մտցնել Հայոց պատմության դասաժամերի մեջ: Չկա նման բան: Հայ եկեղեցու պատմությունը լրիվ առանձին կառույցի պատմություն է, նրա դերն ու նշանակությունը մեր ժողովրդի 2000-ամյա կյանքում, ավելին՝ նրա հոգեւոր դաստիարակությունը, Կաթողիկոսների պատմությունը, նրա դերը ազգային ազատագրական պայքարում, նրանց դերը կրթության մեջ, հայապահպանության գործում: Ավելին,  ի տարբերություն արեւմտյան կաթոլիկ եկեղեցու՝  Հայաստանում գիտությունը եւ դպրությունը զարգացել է եկեղեցիներով: Այսինքն՝ մեր եկեղեցին եղել է դպրության եւ հայրենասիության տաճար:

-Բայց իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են այն հիմքերը, որոնք պատճառ են դարձել նման որոշում կայացնելու համար:

-Նախ գիտականորեն այստեղ որեւէ հիմնավորում չկա, դա ապազգային է: Եկեղեցին հանեն, փոխարենը տրանսգենդեր սարքեն երեխաներին, սեռական փոքրամասնոթյունների կառույց սարքե՞ն: Ամեն ինչին չափ կա: Ես՝ որպես մանկավարժական գիտությունների թեկնածու, շատ հստակ ասում եմ՝ մեր կրթությունը պետք է ունենա ազգային նկարագիր: Էդ որ ասում ենք՝ հպարտ, երջանիկ քաղաքացի, մեր պետությունը քարտեզով գրել է՝ ինչպիսի քաղաքացի պետք է ունենա: Ո՞վ է ասել, որ իմ երկրում իմ քաղաքացին չպետք է ունենա ազգային նկարագիր: Հայ եկեղեցու պամությունը ինչո՞վ է խանգարում, ո՞ւմ է խանգարում:

-Իրենք ներկայացնում են տարբերակներ, ասում են իրենց դիրքորոշումը…

-Իրենց տարբերակները ապազգային տարբերակներ են: Կրկնում եմ՝ առաջինը՝ Սահմանադրության բացառիկության դեպք է, երկրորդը՝ գիտական եւ դաստիարակաության առումով Հայ եկեղեցին ունի եւ ունեցել է շատ բացառիկ դերակատարում, եւ սա ուղղակի հարված է Հայ եկեղեցուն: Ես այստեղ տեսնում եմ հստակ ապազգային  քաղաքականություն Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից: Առաջին իսկ ժամանակահատվածից հենց եղել է հարձակում Վեհափառի վրա, վեհարանի վրա, նաեւ եկեղեցականների վրա է հարձակում եղել: Ես՝ որպես քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցությունը ազգային պահպանողական կուսակցություն է, որի համար հայոց լեզուն, հայոց գրականությունը, հայ մշակույթը, հայ եկեղեցին, հայ ընտանիքը դրանք բացարձակ արժեքներ են: Ե՛վ գիտական, ե՛ւ հայագիտության, ե՛ւ դաստիրակության, ե՛ւ պետականության առումով սա ուղղակի հարված է մեր արժեքային համակարգին:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ «ԴԱԲՐՈ»-ՈՎ՝ ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթն իր հունիսի 4-ի համարում  գրել էր, որ դեռեւս ապրիլի 23-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, որոշվել էր, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Երեւանի մշակույթի պետական քոլեջ» եւ «Երեւանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միաձուլվելու են՝ ստեղծելով ԿԳՄՍՆ «Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն:

 

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանի օգնական Արման Անդրիկյանը միջնորդել է, որպեսզի իր հոր ընկերը ղեկավարի կառույցը, որին էլ իր «դաբրոն» է տվել նաեւ նախարար Հարությունյանը: Մենք տեղեկացանք, որ նախարարը հունիսի 24-ին արդեն Ստեփան Բաբաթորոսյանին նշանակել է քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Armlur.am-ը Բաբաթորոսյանի հետ կապված հետաքրքիր տեղեկություն է ստացել: Պարզվում է` վերջինս մշտապես ցանկացել է այդ պաշտոնը զբաղեցնել, բայց նրան դա չի հաջողվել, ու արդեն Հարությունյանի միջոցով վերջինս կարողացել է հասնել իր նպատակին:

Հետաքրքիր է նաեւ, որ Ստեփան Բաբաթորոսյանը «Այբ» հիմնադրամի ու «Այբ» դպրոցի հիմնադիրներից Տեր Մեսրոպ քահանա Արամյանի ազգականն է, իսկ ինչպես հայտնի է, նախարար Հարությունյանն ու Տեր Մեսրոպ քահանա Արամյանը լուրջ տարաձայնություններ ունեն միմյանց հետ: Ընդ որում, երբ նախարար Հարությունյանի մտերիմները տեղեկացել են այդ նշանակման մասին, զարմացել են, թե ինչպես է վերջինս նման որոշում կատարել:

Ինչեւէ, նշենք, որ այս քոլեջի հետ կապված կրքերը չեն հանդարվում, ու առաջիկայում ասուլիս է սպասվում թե՛ նշանակման, թե՛ այնտեղ կատարվող իրադարձությունների հետ կապված:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ՞

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանությունները ցանկանում են դարձյալ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված եւ մարտի 14-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը: Նկատենք, որ հուլիսի 14-ին ավարտվում է արդեն արտակարգ դրության երկարաձգման երրորդ ժամկետը: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այս օրերին կառավարության անդամները զբաղված են եղել նոր նախագծի մշակման աշխատանքներով, եւ, որոշ տեղեկությունների համաձայն, այն արդեն պատրաստ է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ երկուշաբթի օրը՝ հուլիսի 13-ին, կգումարվի կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ կհաստատվի արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախագիծը, ապա նույն օրը՝ ժամեր անց, կգումարվի նաեւ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նույն հարցով: Ավելին, ըստ այդ նույն տեղեկությունների՝ ընդհանուր առմամբ արտակարգ դրության ժամկետը կարող է այսպես երկարաձգվել մինչեւ դեկտեմբեր: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից այս պահին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, սակայն օրեր առաջ նա նշել էր, թե վերջնական հստակեցումները կլինեն հուլիսի 12-ին:

 

 

ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Մարտունի քաղաքում ավարտվել է տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունը, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող մարտունեցիների ավելի քան 60 տոկոսը: Նախնական արդյունքով՝ քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը,  որը մինչ այդ նախկին քաղաքապետ Հայկ Սարգսյանի տեղակալն էր:

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ

Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 06։17-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.03. եւ արեւելյան երկայնության 44.53. աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Դվին, Մարմարաշեն եւ Ոստան գյուղերում 2 բալ ուժգնությամբ։

 




Լրահոս