ՍԽԱԼ ԷՐ ՍԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՌԱՑԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Ժողոուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների միակ լուծումն այն է, որ իշխանությունները կատարեն սահմանադրական փոփոխություններ: Ըստ Զոհրաբյանի՝ խորհրդարանի միջոցով ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող խնդիրներին հանգուցալուծում տալն իրատեսական չէ:

 

-Պարո՛ն Զոհրաբյան, այս օրերին թեժ քննարկումներ են ընթանում Եկեղեցու պատմություն առարկան դասագրքերից հանելու եւ դպրոցում չդասավանդելու շուրջ: Հանրության մի հատվածը պնդում է, որ իսկապես կարելի է այն Պատմություն առարկայի հետ միացնել, իսկ մյուս  հատվածը պնդում է, որ Եկեղեցու պատմություն առարկան պետք է առանձին դասավանդել: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք:

-Ես կարծում եմ՝ Հայ եկեղեցու պատմություն առարկան պետք է դասավանդել դպրոցում: Այս պահին, երբ հանրապետական կրթության չափորոշչի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, ես կփորձեմ անդրադառնալ իրավական կողմին: Մենք այս պահին առնվազն ունենք 2 օրենքի դրույթ, որի էությամբ այնպիսի կարգավիճակ են տալիս եկեղեցուն, որ կառավարության որոշումը չի կարող այդ կարգավիճակը փոխել: Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանցյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին օրենք ունենք, որի 7-րդ հոդվածի 2-րդ կետը նման ձեւակերպում ունի. «Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսումնական ծրագրի եւ դասագրքի մշակմանը»: Հիմա, տեսեք, օրենքի այս դրույթն ուղիղ  վկայում է այն մասին, որ պետք է դպրոցի կրթական ծրագրերում լինի Եկեղեցու պատմություն առարկան: Հիմա կառավարությունն իր որոշմամբ չի կարող սա փոխել: Առնվազն որպեսզի այդ չափորոշիչը հաստատվի, եւ Հայ եկեղեցու պատմություն առարկան դուրս մղեն, պետք է օրենքի դրույթը փոխել: Դա արդեն առանձին, այլ հարց կլինի նպատակահարմարության եւ այլ տեսակետներից:

Մյուսը՝ մենք ունենք խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին 17-րդ հոդվածը, որտեղ եկեղեցուն՝ որպես ազգային եկեղեցու, տրված է նաեւ հետեւյալ իրավասությունը. եկեղեցին իրավունք ունի նպաստել հայ ժողովրդի հոգեւոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով, կրթական հաստատություններում: Եվ չմոռնանանք, որ այսօրվա «Կրթության մասին» օրենքի մեջ հստակ, որպես կրթության բնագավառում ազգային դպրոցի դերակատարում, նշված է, որ դպրոցի խմբակը մասնագիտական  պատշաճ պատրաստակամություն ունեցող եւ համակողմանիորեն զարգացած հայրենասիրության պետական  հոգով ձեւավորված անձի դաստիարակություն է:

-ՄԻԵԴ-ը դիմել է կառավարություն  Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Ֆելիք Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի մասով, թե ինչու են պաշտոնից զրկվել, ինչ օրենքով, ինչպես է տեղի ունեցել եւ այլն: Ըստ Ձեզ՝ ի՞նչ հետեւանք կարող է ունենալ սա: ՄԻԵԴ-ն ի՞նչ հանգուցալուծում կտա:

-Ես չեմ կարող կանխատեսել, թե ՄԻԵԴ-ն ինչ դիրքորոշում կհայտնի, բայց, որպես փաստաբան, նշեմ, որ այս գործընթացն ի սկզբանե սխալ ռելսերի վրա է դրվել: Նոր իշխանությունն ուզում է Սահմանադրական դատարանի կազմը փոխել: Հասկանալի է, որ իրենք չեն վստահում  նախորդ իշխանության ժամանակ ձեւավորված Սահմանադրական դատարանին, չնայած որ դատական իշխանությունը քաղաքական չեզոքություն ունի, եւ պետք է չեզոք մնան: Իրենք համարում են, որ քաղաքական չեզոքություն չեն ունեցել, եւ ուզում են փոխել. լեգիտիմ ակնկալիք է: Փորձենք էդպես պատկերացնել: Այսօրվա միակ ճանապարհը ՍԴ-ի կազմը փոխելու Սահմանադրության փոփոխության ճանապարհն է: Սահմանադրության փոփոխությունը պետք է լինի դատական իշխանության հանրաքվեի միջոցով, ուրիշ ճանապարհ չի կարող լինել: Իշխանությունն ի սկզբանե սխալ ճանապարհով է փորձել լուծում գտնել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

«ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՆ ԱՆՃԱՇԱԿ, ԱՐԺԵՔ ՉՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ԱԼԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Երգչուհի, դերասանուհի Ալլա Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է Երեւանի կոլորիտային, պատմական դիմագիծ ունեցող շենքերի ոչնչացման խնդրին։

 

Դերասանուհին մեզ հետ զրույցում նշում է, որ երկրում շատ բաներ կցանկանար փոխել, բայց նախ եւ առաջ կցանկանար՝ ինչ որ ունենք՝ պատմությունից կերտված, սրտացավորեն պահպանվեն:

«Կցանկանայի՝ ցանկացած օրենք, որ փոխվում կամ ստեղծվում են, ծառայեն ժողովրդին նրանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար, այլ ոչ թե նրանց նորանոր խնդիրների առաջ կանգնեցնեն՝ է՛լ ավելի դժվարացնելով առանց այդ էլ պայքարով լի կյանքը: Վերջին 30 տարում տեսնում եմ՝ շենքեր են քանդվում, օրինակ՝ հին կինոթատրոնները, «կուկուռուզնիկի» շենքը, փոքրիկ, գողտրիկ փողոցները, դերասանների շենքը, հիմա նաեւ Ֆիրդուսին, դրանք շատ-շատ են, պարզապես կարող եմ անվերջ թվել: Բայց չէ՞ որ այդ ամեն ինչը մեր հիշողություններում են, մեր մանկությունն է, մեր ինքնությունն է, որոնք ոչնչացվում են։ Ցավոք սրտի, տեսնում եմ նաեւ, որ դրանց փոխարեն կառուցվում են անճաշակ, արժեք չներկայացնող շինություններ»,-նկատում է Ալլա Սահակյանը՝ հավելելով, որ այն երկիրը, որը փորձում է իր պատմությունը ջնջել, լավ բանի չի հասնի:

Խոսելով համաշխարհային տարածում գտած Թագավարակի մասին՝ մեր զրուցակիցն ընդգծում է.

«Մենք, իհարկե, համավարակը կհաղթահարենք, պարզապես պետք է լավատես լինել եւ ստեղծված իրավիճակում գտնել լուծումներ: Փառք Աստծո, ես ինքս այդպիսին եմ, եւ իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել` ինչին սրտանց ձգտում ես, անպայման կատարվում է: Միշտ լուծումներ կան, պարզապես պետք է փնտրել, գտնել, իսկ դրանք շատ հաճախ հենց մեր կողքին են, պարզապես ուշադիր նայել է պետք»:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 662-ով՝ հասնելով 27320-ի:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՔՎՈՐՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

Երեկ՝ ժամը 11:00-ին, Սահմանադրական դատարանում պետք է նիստ կայանար, որի ժամանակ քննվելու էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։ Նրան առաջադրված մեղադրանքը, այն է՝ Սահմանադրական կարգի տապալումը, հակասահմանադրական ճանաչելու հարցով դիմումը պաշտպանները ներկայացրել էին նախորդ տարի։ Օրեր առաջ պաշտպանները հայտնեցին, որ հետ են վերցնում դիմումը, սակայն հարցը շարունակում էր օրակարգում մնալ։ «Նիստը չի կայանա. քվորում չկա»,- ասել է Սահմանադրական դատարանի  աշխատակիցը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ նիստը չի կայանա, քանի որ քվորում չկա։ Ազգային ժողովի ընդունած նախագծի համաձայն՝ դատավորներից 3-ի լիազորությունները դադարեցվել են, իսկ 2 դատավոր արձակուրդում է։

 

ԱՐԴԵՆ ԼԱՎ Է

Դեռեւս հունիսի 23-ին Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ստացել էր  կորոնավիրուսի թեստի պատասխանը ու պարզել, որ վարակված է: Իմքայլական պատգամավորը Armlur.am-ի հետ զրույցում նշել էր, որ չի կարող ասել, թե որտեղից է վարակվել, ջերմություն է ունեցել, թույլ է եղել, թեստ է հանձնել, ու այն դրական է եղել:

Armlur.am լրատվականը զրուցել է Պողոսյանի հետ՝ պարզելու համար, թե այժմ ինչ վիճակում է գտնվում նա: Մեր զրուցակիցը նշեց, որ արդեն բավականին լավ է, դեղորայքային բուժում է ստացել. «Արդեն բավականին լավ է ինքնազգացողությունս,  գնացել եմ հիվանդանոց, թոքերի ռենտգեն հետազոտություն եմ անցել, ու ամեն ինչ շատ նորմալ էր: Ժամանակին ու ճիշտ բուժում եմ ստացել, ինչի համար, փառք Աստծո, արդեն ինձ լավ եմ զգում: Այս ժամանակահատվածում որդուս հետ մեկուսացած եմ եղել տանը, պահպանել եմ բոլոր կանոները, որպեսզի ոչ ոքի չվարակեմ: Հիմա արդեն ամեն ինչ անցել է, ինձ լավ եմ զգում»,-նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից կորոնավիրուսով էին վարակվել նաեւ Ծովինար Վարդանյանը, որը, ըստ մեր տեղեկությունների, արդեն բավականին իրեն լավ է զգում, վարակվել էին նաեւ պատգամավորներ Հայկ Գեւորգյանը, Կարեն Համբարձումյանը, Հակոբ Սիմիդյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Լիլիթ Ստեփանյանը եւ Արեն Մկրտչյանը:

 

 




Լրահոս