Այսօր՝ 09:30-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին հարցը: Արտահերթ նիստը գումարվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 11:00-ին: Իսկ ի՞նչ հարցեր են ընդգրկված օրակարգում:
Նախ՝ օրակարգում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը. որպես թեկնածու առաջադրել են Կարեն Սեդրակյանին: Առաջինից երկրորդ ընթերցմամբ պատգամավորներն այսօր կքննարկեն ««Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերի փաթեթով նախատեսվում է կարգավորել մինչեւ իրավունքի գրավադրումը ընդերքօգագործողների՝ լիազոր մարմնից թույլատվություն ստանալու հարցը, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման լիազոր մարմնի որոշման բողոքարկման դեպքում ընդերքօգտագործման իրավունքի հետագա կիրակման հարցը եւ այլն: Քննարկվելիք մյուս նախագիծը ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթն է, որը եւս առաջինից երկրորդ ընթերցում է ունենալու: Որպես հիմնավորում՝ նշվում է, որ 2018 թվականի մարտի 23-ին ընդունվել են ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» եւ «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքները, որոնց համաձայն՝ տեսչական մարմինները սահմանվել են որպես կառավարությանը ենթակա մարմիններ: Եվ այդ առումով ներկայացվող փաթեթում ընդգրկված օրենքներում կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ՝ համապատասխան մարմինների եւ/կամ դրանց ղեկավարների լիազորությունները հստակեցնելու նպատակով՝ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին վերապահելով վերահսկողական բնույթի լիազորությունները:
Փոփոխություն է կատարվելու նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Նշվում է, որ գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով գրավոր քվեարկության հնարավորությունը տրված է միայն Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորների համար: Եվ, ահա, նախագծում ամրագրվում է, որ ողջ աշխարհում տարածված ԿՈՎԻԴ-19 համաճարակը խորհրդարանի գործունեության համար նոր մարտահրավերներ է ստեղծել, եւ այս պայմաններում առաջարկվում է կանոնակարգում ներդնել մի համակարգ, որը հիվանդության պատճառով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին հնարավորություն կտա գրավոր կարգով քվեարկել: Ըստ այդմ, ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորները հնարավորություն կունենան իրենց քվեարկությունն ուղարկել հանձնաժողովների նախագահներին հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ, ԱԺ նախագահին` Խորհրդի կամ ԱԺ նիստերում քվեարկությունների վերաբերյալ:
Մյուս փոփոխությունը կարվի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվում է մրցութային խորհուրդ: Օրենքով կարգավորվում է նաեւ Խորհրդի կազմավորման կարգը: Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Խորհուրդը կազմված է կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից:
Առաջարկվում է Խորհրդի թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովը ներկայացնելու եւ նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն ունեցող անձին` Ազգային ժողովի նախագահին:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՃԱՆԱՉԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սպիտակ տան խոսնակ Քայլի Մաքենանին անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. գրում է The Washington Post-ը: Հուլիսի 6-ի Մաքենանին հիշատակել է Հայոց ցեղասպանությունը. նախկինում ԱՄՆ կառավարությունը հրաժարվում էր ճանաչել այս իրադարձությունը: Հնարավոր է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ խորհրդականը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ուրախ չի լինի այս կապակցությամբ. նշում է գործակալությունը: «Միացյալ Նահանգների կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչել հրաժարվելուց տասնամյակներ հետո, քանի որ դա կվաներ Թուրքիային, Սպիտակ տունը երկուշաբթի օրը հիշատակեց այդ տերմինը՝ չնայած՝ ոչ ուղիղ կերպով»,- նշվում է հոդվածում: Դատապարտելով ցուցարարներին, որոնք պղծում են հուշարձանները հանրապետության ողջ տարածքում՝ Սպիտակ տան խոսնակ Քայլի Մաքենանի վկայակոչել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը՝ հնչեցնելով դրա իրական անունը: «Կարծեց՝ գիտակցման եւ պատմական գիտելիքների պակաս կա, երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը՝ ի հիշատակ մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ նաեւ ստրկության զոհերի»,- ասել է Մաքենանին։
ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Վահագն Մուշեղի Օհանյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար։
ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Չանախ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախի» կաթնաշոռ եւ թթվասեր արտադրատեսակները ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: ՍԱՏՄ-ն կասեցրել է այս ընկերության թթվասեր եւ կաթնաշոռ արտադրատեսակների արտադրությունը, տրվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
ՀՀ ՊԵԿ-ը միջոցառումներ է իրականացնում իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: ՊԵԿ աշխատակիցների հսկողության թիրախում, մասնավորապես, մաքսային կանոնների խախտման փորձերն են: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ: ՊԵԿ-ի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել Վրաստանից ժամանած, ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Տեսազննման արդյունքում բեռնատարի կցորդի ներքեւի հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված նոր հագուստ: Դեպքերի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն:
ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿՎԻ
Այսօր՝ հուլիսի 8-ին՝ ժամը 15:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը: Հիշեցնենք, որ խոսքը մանդատը վերադարձնելու մասին դիմումին է վերաբերում, իսկ ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչն էր լինելու Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: Դիմումի մեջ Մարուքյանը հիշեցրել է, որ ընտրությունների արդյունքներով իրենք ստացել են 18 մանդատ, սակայն այնուհետեւ Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից եւ դարձել որեւէ խմբակցության կազմում չընդգրկված պատգամավոր, եւ նման կերպ ԼՀԿ-ն զրկվել է իրեն տրված 18 մանդատներից մեկից:
ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՀՔԾ
Armlur.am-ը դեռեւս հուլիսի 2-ին գրել էր, որ ՀՅԴ, ԲՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունների ներկայացրած հաղորդումը Գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու նպատակով։ Հիշեցնենք, որ նշված երեք ուժերը գլխավոր դատախազություն էին ներկայացրել հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ՝ կապված խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման հետ:
Armlur.am-ը փորձել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից պարզել, թե ինչ փուլում է գտնվում դատախազության կողմից ՀՔԾ ուղարկված դիմումի քննությունը: «Նյութերի նախապատրաստման փուլում է»,-հայտարարեց մեր զրուցակիցը:
ՄԻՆՉԵՎ ԱՎԱՐՏԸ
Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով մարտի 16-ից մինչեւ արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի, քան արտակարգ դրության ավարտից հետո՝ 30-րդ օրը։