Մեկ օրվա մեջ երկու ահազանգ, ահաբեկված քաղաքացիներ, դեպքի վայր շտապող ոստիկաններ: Ի՞նչ կատարվեց հուլիսի 6-ին Երեւան քաղաքում: Արդեն մի քանի օր է՝ կեղծ ահազանգերը մեկը մյուսի հետեւից հաջորդեցին միմյանց: Նախ՝ առաջինը «Մեգամոլ»-ում ռումբի մասին ահազանգ հնչեց, որից հետո պարզվեց, որ ահազանգը կեղծ է եղել:
Բանն այն է, որ դեպքի վայր շտապած Արտակարգ իրավիճակների նախարարության եւ ոստիկանության աշխատակիցները որեւէ վտանգավոր բան չէին հայտնաբերել: Կարճ ժամանակ անց կրկին ահազանգ հնչեց, որ այժմ էլ «Դալմա Գարդեն մոլ»-ում է ռումբ տեղադրված, կրկին դեպքի վայր շտապեցին Արտակարգ իրավիճաների նախարարության եւ ոստիկանության աշխատակիցները, եւ կրկին պարզվեց, որ ահազանգը կեղծ է: Ռումբի մասին կեղծ ահազանգերը հասարակության շրջանում վախի մթնոլորտ են ստեղծում, որպեսզի մարդիկ այլեւս չգնան առեւտրի կենտրոն գնումների, քանի որ միգուցե այդ կեղծ ահազանգերը մի օր էլ իրականություն դառնան:
Ու մինչ իրավապահները փնտրում են մեկ օրվա մեջ երկու անգամ կեղծ ահազանգի մասին տեղեկություն տվող անձին, Armlur.am-ը լրագրողական հետաքննություն իրականացրեց` հասկանալու համար, թե մինչ այս դեպքը կեղծ ահազանգ իրականացրած քաղաքացիներն ինչ պատասխանատվության են ենթարկվել:
Այսպիսով, ուսումնասիրելով դատարանում ավարտված քրեական գործերի ընթացքը՝ արձանագրեցինք, որ, օրինակ, դեռեւս 2017 թվականին Էդգար Վիրաբյանը զանգահարել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն եւ նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել էր սուտ հաղորդում` հայտնելով, որ Ավանի հոգեբուժարանում ռումբ է տեղադրված եւ 3 ժամից այն պայթելու է: 2017 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ՝ Էդգար Վիրաբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով այն բանի համար, որ նա, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը սուտ է, 2017թ. փետրվարի 6-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հասրաթյան փողոցում գտնվող տաքսոֆոնից զանգահարելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, դիտավորյալ տվել է նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում` հայտնելով, որ Ավանի հոգեբուժարանում ռումբ է տեղադրված, 3 ժամից այն պայթելու է: Քննիչ Կարապետյանի 2017թ. փետրվարի 8-ի որոշմամբ Է. Վիրաբյանի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի թիվ 8 եզրակացության համաձայն` «Էդգար Արսենի Վիրաբյանը տառապել եւ տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձեւ» հոգեկան հիվանդությամբ:
Դատարանի որոշմամբ՝ Վիրաբյանը այս քայլը կատարել էր անմեղսունակության վիճակում, եւ նրան ազատել էին քրեական պատասխանատվությունից եւ պատժից, ու նրա նկատմամբ կիրառվել էր բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` նրան տեղավորելով հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում:
Լիլյա Ավակիմյանն էլ զանգահարել էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ իրենց` Երեւան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 14 շենքի նկուղում ռումբ կա` տալով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում: Ավելին՝ պարզվեց, որ երիտասարդ կինը առողջական խնդիրներ ունի, եւ ազատվեց քրեական պատասխանատվությունից:
2015 թվականին Դավիթ Հակոբյանը զանգահարել էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին եւ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում էր տվել, թե, իբր, ՀՀ պաշտպանության նախարարությունում` Սեյրան Օհանյանի կաբինետում, ռումբ կա տեղադրված: Այս արարքի համար Դավիթ Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակել ազատազրկում՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։
Այսպես, կարելի է շարունակել դեպքերը, եւ ուսումնասիրելով կեղծ ահազանգողների քրեական քրոնիկան՝ պարզ է դառնում, որ նման քայլի դիմած անձանց զգալի մասը առողջական խնդիրներ ունեն, իսկ մի մասն էլ քրեական պատասխանատվության է ենթարկվում՝ առավելագույնը պատժվելով 1 տարի ժամկետով: Չի բացառվում, որ օրենքի ոչ խիստ կիրառելիությունն էլ այսօր շատերին դրդում է վերցնել հեռախոսը եւ ռումբի մասին ահազանգ հնչեցնել: Սակայն տեսակետ կա նաեւ, որ հոգեբուժական կենտրոնները հսկողություն չեն իրականացնում նմանօրինակ քաղաքացիների նկատմամբ, եւ վերջիններս, դուրս գալով հիվանանոցից, թողնվում են բախտի քմահաճույքին՝ վտանգելով հասարակությանը:
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը գտնում է, որ բացը գալիս է ոստիկանությունից: Իսկ, ահա, Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց պատկերը, թե որտեղ խնդիր ունենք:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ
Գյումրիում հուլիսի 4-ին կախված վիճակում հայտնաբերվել էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխովի դին: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Գրել էինք, որ 20-ամյա երիտասարդը ծառայում էր ՈԴ 102-րդ ռազմաբազայում եւ ինքնասպանությունից առաջ գրություն էր թողել:
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ գրություն է թողել երիտասարդ տղան: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս գրել է. «Իմ այս քայլում ոչ մեկի չմեղադրեք։ Ես շատ վատ վիճակում եմ հայտնվել»: Ի դեպ, իրավապահները պարզել են, որ նա խաղատներ այցելելու մեծ հետաքրքրություն է ունեցել եւ շատ պարտքեր է կուտակած եղել:
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպել եւ անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու վերաբերյալ ձեւական աճուրդ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի որդին, ում հետ կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր։ Հիշյալ հողամասի օգտագործման դիմաց կազմակերպությունից ստացել է վարձավճարի տեսքով ընդհանուր 920.000 ՀՀ դրամ շահույթ՝ էական վնաս պատճառելով համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին, համայնքին զրկելով եկամուտ ստանալու հնարավորությունից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Համայնքի ղեկավարը խոստովանական ցուցմունք է տվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին, իսկ պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԱՆԸ
Armlur.am-ի տեղեկություններով՝ իրավապահները խուզարկություն են իրականացրել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի տանը, եւ դեռ ավելին՝ որոշում է կայացվել նրան կալանավորել, սակայն դատարանը մերժել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ղարաքեշիշյանի կալանավորումը սարերի հետեւում չէ, եւ ուշ թե շուտ դատարանը կբավարարի նախաքննական մարմնի որոշումը, ու քաղաքապետ Ղարաքեշիշյանը կկալանավորի:
Armlur.am-ի հետ զրույցում Միքայել Ղարաքեշիշյանը նշեց, որ խուզարկություն չեն արել իր բնակարանում, բայց հաստատեց, որ դատարան են դիմել իրեն կալանավորելու համար: Իսկ ի՞նչ է կատարվում քաղաքապետի շուրջ:
Հիշեցնենք, որ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ 274 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու եւ փաստաթղթեր կեղծելու մեջ։ 2012 թվականից Լոռու մարզի Ստեփանավան համայնքը ղեկավարող Միքայել Ղարաքեշիշյանը մեղադրվում իր նախկին պաշտոնը զբաղեցնելու ժամանակ պետական միջոցները հափշտակելու համար։ Միքայել Ղարաքեշիշյանը մինչեւ քաղաքապետ ընտրվելը 14 տարի ղեկավարել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը։ Ղարաքեշիշյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու մեջ։ Նա չի ընդունում մեղադրանքը:
ՆՈՐ ՕՋԱԽ
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում: Միեւնույն ժամանակ COVID-19-ի ախտորոշմամբ 2 մարդ հաղթահարել է վարակը եւ լքել մեկուսացման վայրը: Մեկուսացված է 82, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 25 քաղաքացի:
Քրոնիկ հիվանդություններ եւ երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երեք հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է: Ընդհանուր առմամբ կատարվել է 2350 թեստավորում: