ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԲԱԽՎԵԼ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ-ում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու վարձու աշխատողները բախվել են ֆինանսական դժվարությունների։ Այդ դժվարությունները մեղմելու նպատակով կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային 8-րդ տնտեսական միջոցառումը. տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։ 

 

Միջոցառումն ընդունվել է 2020թ. մարտի 30-ին, որի շահառու են այն անձինք, ովքեր մարտի 13-30-ը եղել են միջոցառումը սահմանող կառավարության որոշման ցանկում ընդգրկված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր եւ համապատասխանել են պահանջվող այլ պայմանների։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ինչպես մյուս, այնպես էլ այս միջոցառման նկատմամբ սահմանվել է մշտադիտարկում, այդ թվում՝ լրատվամիջոցների հրապարակումների միջոցով: Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է 77 դիմում-բողոք, որից 116 թեժ գծին ահազանգերի թիվը կազմել է 28։

8-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությամբ վեր հանված խնդիրները հիմնականում կապված են՝

կառավարության որոշմամբ սահմանված ոլորտների սահմանափակ լինելու հետ,

հարկային հաշվարկներում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ ոչ պատշաճ իրազեկումների պատճառով դասակարգիչը փոխելու համար սահմանված ժամկետի բացթողման հետ:

Ի սկզբանե Կառավարությունը միջոցառման շահառու է դիտարկել տնտեսական գործունեության որոշակի տեսակներ իրականացնող տնտեսվարողների, չնայած ՀՀ պարետի որոշումներով արգելված տնտեսական գործունեության տեսակների մեջ ընդգրկված են եղել տնտեսական գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ եւս, որոնք նույնպես բախվել են ֆինանսական դժվարությունների։

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են նաեւ բողոքներ այն մասին, որ տնտեսվարողները եւ վարձու աշխատողները չեն կարողացել օգտվել  8-րդ միջոցառումից ժամկետը բաց թողնելու պատճառով:

Այսպես, 8-րդ միջոցառմամբ սահմանված են գործունեության այն տեսակները, որոնց առնչվող վարձու աշխատողները եւ անհատ ձեռնարկատերերը կարող են օգտվել միջոցառմամբ սահմանված չափով դրամական աջակցությունից։ Սակայն միջոցառմամբ հաստատված ոլորտներում գործող կազմակերպությունները, թեեւ փաստացի իրականացրել են միջոցառմամբ սահմանված գործունեությունը, սակայն չեն կարողացել օգտվել միջոցառումից այն պատճառով, որ հարկային հաշվարկներում արտացոլել են իրենց փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեության այլ տեսակի դասակարգիչ:

Բողոք ներկայացրած անձինք իրենց դժգոհությունն են հայտնել, որ դասակարգիչը փոխելու համար ունեցել են ընդամենը հինգ օր ժամանակ՝ ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 5-ը: Ավելին՝ բողոքների հեղինակների պնդմամբ՝ այդ կարճ ժամկետի ընթացքում պետությունը չի իրականացրել պատշաճ իրազեկումներ տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղելու համար նախատեսված ժամկետների ու դրանց փոփոխության վերաբերյալ: Արդյունքում, մի շարք սուբյեկտներ զրկվել են 8-րդ միջոցառման շահառու լինելու հնարավորությունից առհասարակ:

Օրինակ՝ անհատ ձեռնարկատերը ՄԻՊ-ին տեղեկացրել է, որ փաստացի իրականացնում է զբոսաշրջային ծառայություն, սակայն հարկային հաշվարկներում արտացոլել է իր փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեություն։ Տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղելու նպատակով անհատ ձեռնարկատերը, իրազեկված չլինելով դասակարգիչն ուղղելու համար սահմանված վերջնաժամկետի մասին, Պետական եկամուտների կոմիտե է դիմել վերջնաժամկետից ուշ, արդյունքում՝ չի կարողացել օգտվել միջոցառումից։ Ըստ բողոքաբերի՝ ժամկետի ուշացման գլխավոր պատճառ են ոչ պատշաճ իրազեկումները եւ կարճ ժամկետը:

ՄԻՊ-ը կառավարություն է ներկայացրել 8-րդ միջոցառման շահառու դառնալու նպատակով նկարագրված հարցերի առնչությամբ դիմելու առավել երկար ժամկետը նախատեսելու եւ դրա հետ կապված պատշաճ իրազեկումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկներ:

Թե՛ մշտադիտարկման, թե՛ բողոքների քննարկման արդյունքները պարբերաբար ամփոփվել եւ համապատասխան առաջարկներով ներկայացվել են կառավարություն կամ պարետատուն՝ ըստ խնդրի կամ առաջարկի բնույթի: Պաշտպանի առաջարկների հիման վրա կատարվել են անհրաժեշտ համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն են տվել վերացնել վերը նշված խոչընդոտները։

Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում միջոցառումների թիրախային ոլորտների ցանկի պարբերական ընդլայնումը: Հատկանշական է, որ միջոցառման սկզբնական շրջանում ընտրվել են թիրախային 5 ոլորտներ, հետագայում թիրախային ոլորտների ցանկն ընդլայնվել է, ներկայում դրանք 32-ն են:

Դրա հետ մեկտեղ, սակայն, Պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ միջոցառումից օգտվելուն ուղղված որոշակի գործողություններ կատարելու համար վերջնաժամկետներ սահմանելիս պետությունը պետք է հաշվի առնի, որ նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) վարակի հետեւանքների չեզոքացմանն ուղղված հակաճգնաժամային տնտեսական եւ սոցիալական միջոցառումները նոր երեւույթ են հանրության համար, ուստի դրանցից օգտվելու կարգի ւե պայմանների առնչությամբ պետությունը պետք է իրականացնի պատշաճ հանրային իրազեկումներ:

Այլ կերպ ասած, ստեղծված պայմաններն ու հատկապես արտակարգ դրության փաստը մեծացնում են մասնավոր կազմակերպությունների կամ մարդկանց նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների աստիճանը եւ իրավական բեռը:

 

 

ՓՈՐՁ ԵՆ ԱՐԵԼ ԹԱՔՑՆԵԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 2019թ.-ի տարեսկզբին հայտնում էր պաշտոնական տվյալների կեղծման մասին։ Այս մասին հայտնում է Երեււանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։ Նրա խոսքով՝ պարգեւատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։

 

«Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգեւատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է։

Փաստորեն, նոր իշխանություններից պահանջվեց ընդամենը մեկ տարի՝ յուրացնելու փորձված մեթոդները, բայց երեսպաշտորեն շարունակելու պնդել մեգաթափանցիկության մասին։

Այսպես, քաղաքապետարանի պաշտոնական կայքից հանված նկարից կարող եք տեսնել, որ հունիս ամսվա հրապարակված կարգադրություններում կա մի բացթողում` 538-Ա կարգադրությանը հաջորդում է 541-Ա-ն։ Երկու կարգադրություն չի հրապարակվել։ Չիմացողի համար սա կարող է թվալ ընդամենը տեխնիկական վրիպակ, իսկ մեր հին նորերին լավ ճանաչողները կենթադրեն, որ մի բան այն չէ։ Ասեմ, թե ինչը այն չէ…

Թիվ 539-Ա չհրապարակված կարգադրության տակ թաքնված է քաղաքապետի կողմից տրված 6.7 միլիոն դրամ պարգեւատրում, որը կարող եք տեսնել իմ կողմից ոչ պաշտոնապես ձեռք բերված երկրորդ նկարում։ Փաստորեն, փորձ է արվել թաքցնել այս փաստաթուղթը, որն ունի մեկ ամսվա վաղեմություն։

Սա է նոր իշխանությունների դիմագիծը՝ եթերով դատարկաբանել, բայց տակից գործել, ինչպես հարմար է։ Թե քանի այսպիսի կարգադրություն չի հրապարակվել այս ընթացքում, միայն կարելի է ենթադրել։

Հ.Գ. Իմ տեղեկություններով՝ սա ընդամենը եռամսյակային պարգեւատրման բաժինն է այն աշխատակիցներին, ովքեր ցանկացել են պարգեւավճարը ստանալ ամիս առ ամիս։ Ինչպես նախորդ 2.3 միլիոնանոց մեկ հոգուն տրված պարգեւավճարը, այս ցանկում աստղաբաշխական թվեր չկան, եւ բուն ֆոնդի կամ տրամադրման մասին ասելիք չունեմ, պարզապես ամոթալի, ոչ թափանցիկ գործելաոճ է, որը, բնականաբար, չի կարող չվերհանվել իմ կողմից»,- գրել է Խաժակյանը։

 

 

ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում մահերի պատճառների գերակշռող մասը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են: Օրինակ՝ այս տարվա հունվար-մայիսին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 6 հազար 398 մարդ: Նկատենք, որ արյան շրջանառության համակարգի հիվանդություննրից մահացության դեպքերը 2019 թվականի հինգ ամիսներին, այս տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ավելացել են 179-ով: Մեկ տարվա ընթացքում այս ցուցանիշն աճել է 2.9 տոկոսով: Հայաստանում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը լուրջ խնդիր է, որի պատճառով երիտասարդ շատ մարդիկ են մահանում։ Ըստ մասնագետների՝ գլխավոր «մեղավորները» զարկերակային բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, ֆիզիկապես ոչ ակտիվ կյանքն ու անառողջ՝ հիմնականում ճարպերի վրա հիմնված սնունդն են։ Մահացության պատճառների ցանկի երկրորդ տեղում են նորագոյացությունները, որից մահացել է 2215 մարդ: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ այս ցուցանիշը 4 տոկոսով պակասել է: Այս կատեգորիային հաջորդում են շնչառական օրգանների հիվանդությունները, որից մահացել է 1067 մարդ: Իսկ, ահա, դժբախտ պատահարներից, թունավորումներից, վնասվածքներից հինգ ամիսների ընթացքում մահացել է 337 մարդ: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 5 ամիսների ընթացքում Covid-19-ից մահացել է 105 մարդ:

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Երեւանի վարչական շրջաններում բնակարանների գները նվազել են. այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսի մետրը մեկ ամսվա ընթացքում 2000 դրամով էժանացել է: Եթե այն ապրիլին արժեցել է 670 հազար դրամ, ապա մայիսին առաջարկվել է 668 հազար դրամ գինը: Երեւանի մյուս բանուկ թաղամասում՝ Արաբկիր վարչական շրջանում, բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քառակուսի մետրը ապրիլին վաճառվել է 465 հազար դրամ, իսկ մայիսին այն կազմել է 463 հազար 500 դրամ: Իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի գինն էժանացել է 5100 դրամով. այս դեպքում ապրիլին բնակարանի մեկ քմ 340 հազար 100 դրամից նվազել է՝ հասնելով 335 հազար դրամ: Երեւանի մյուս վարչական շրջաններում եւս գները նվազել են: Օրինակ՝ Դավիթաշեն վարչական շրջանում բնակարանն էժանացել է 5000 դրամով, Աջափնյակում՝ 3000 դրամով: Անշարժ գույքի մասնագետների խոսքերով՝ բնակարանների գների նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վարձակալների թիվն է պակասել. զբոսաշրջիկներ չկան, որոնք այս օրերին հյուրանոցների փոխարեն նախընտրում էին վարձակալել բնակարաններ: Բացի այս, անորոշ է ուսանողների ուսումնական տարվա ճակատագիրը, որոնք մարզերից գալիս եւ մայրաքաղաքում վարձով էին բնակվում:

 




Լրահոս