Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի՝ 2019թ. հունիսի 1-ի n 668-լ որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
- ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 668-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումը.
1) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«10. Գրասենյակի նպատակներն են՝
1) սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովումը.
2) Հայաստանի Հանրապետության եւ հայկական սփյուռքի գործակցության ապահովումը, կապերի ամրապնդումը.
3) Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների զարգացմանը, հայրենադարձության եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովմանն ուղղված՝ հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքներին աջակցությունը»:
2) 11-րդ կետում՝
ա. 1-ին եւ 2-րդ ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1) սփյուռքի ներուժի թիրախային գնահատումը եւ գործիքակազմի մշակումը, համահայկական ցանցի ստեղծումը, գիտական, մասնագիտական հմտությունների եւ փորձի գնահատման ու դասակարգման նպատակով քարտեզագրումը, ինչպես նաեւ սփյուռքի կառույցների հետ համահայկական օրակարգի ձեւավորումը.
2) Հայաստան-սփյուռք գործակցության, այդ թվում՝ հայրենադարձության ոլորտում ռազմավարական նախաձեռնությունների, ինչպես նաեւ առաջարկությունների մշակումը եւ ՀՀ վարչապետին ներկայացնելը»:
բ. 4-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4) Հայաստան-սփյուռք արդյունավետ գործակցության կառուցակարգի մշակումը եւ զարգացումը, սփյուռքի հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորումն ու զարգացումը»:
գ. Ուժը կորցրած ճանաչել 5-րդ եւ 6-րդ ենթակետերը:
3) 12-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1) մշակում է Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարություններ, իսկ առանձին բնագավառներում՝ Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարական ուղղություններ եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնում հանձնակատարին»:
բ. 2-րդ ենթակետը «նախագծերը» բառից հետո լրացնել «եւ ռազմավարական նախաձեռնությունները» բառերով:
գ. 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3) իրականացնում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը եւ առաջարկություններ ներկայացնում հանձնակատարին տարբեր ոլորտներում համահայկական ցանցերի եւ կառույցների ստեղծման ու զարգացման ուղղությամբ»:
4-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«բ. սփյուռքի համայնքային կյանքի զարգացման, ազգային ինքնության պահպանման եւ համահայկական խնդիրների լուծման գործում համահայկական կառույցների դերակատարության բարձրացման ուղղությամբ»,
ուժը կորցրած ճանաչել 4-րդ ենթակետի «գ» եւ «դ» պարբերությունները,
7-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«7) սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման նպատակով՝ ըստ տարածաշրջանների չափագրում եւ քարտեզագրում է սփյուռքի ներուժը բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ աջակցում է սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում»,
8-րդ ենթակետում «համախմբում է գիտական, մասնագիտական, կրթամշակութային, տնտեսական ներուժի» բառերը փոխարինել «համախմբում է սփյուռքի ներուժի» բառերով:
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) կառուցվածքում՝
1) դադարեցնել Եվրոպայի հայ համայնքների վարչության, Ամերիկայի հայ համայնքների վարչության, ԱՊՀ հայ համայնքների վարչության, Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության, Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության, հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության, համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության գործունեությունը.
2) ստեղծել օրենսդրական նախաձեռնությունների եւ ռազմավարությունների մշակման վարչություն.
3) սփյուռքի ներուժի հաշվառման եւ տեղեկատվական վերլուծությունների վարչությունը եւ սփյուռքում տեղեկատվական ռազմավարության մշակման եւ իրականացման վարչությունը միաձուլել՝ ստեղծելով սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչություն.
4) համահայկական ծրագրերի վարչությունն անվանափոխել ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչության:
- Այդ կապակցությամբ հավելվածի 23-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«23. Գրասենյակի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչությունը.
2) ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչությունը.
3) օրենսդրական նախաձեռնությունների եւ ռազմավարությունների մշակման վարչությունը»,-ասված է որոշման մեջ:
ՉԵՆ ԱՅՑԵԼԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐ
Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը եւ նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները՝ կենսաթոշակների եւ նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:
Այսպիսով, եթե կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ խնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակի եւ խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին, նոր դիմումը կարող եք ներկայացնել մինչեւ 2020 թ.-ի սեպտեմբերի 1-ը:
Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, այն կերկարաձգվի մինչեւ 2020 թ.-ի սեպտեմբերի 1-ը:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում գրանցված բոլոր ընտանիքները, որոնց փաստագրման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, կարող են փաստագրվել մինչեւ 2020 թ.-ի սեպտեմբերի 1-ը: Մինչ այդ օրը նպաստի վճարումը չի դադարեցվի՝ փաստագրման ուշացման հիմքով:
ՇԵՆՔԸ ԿՊԱՅԹԵՑՎԻ
Այսօր՝ 17:00-ին, «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երեւանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։ Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց-Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց-Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց-Սեւանի փողոց- Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթեւեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ շտապօգնության մեկ բրիգադ կիրականացնեն հերթապահություն։