«ԵՍ ԽՆԴՐԵԼ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ». ԱՐԱՄՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն խոսել է տեւական դադարի, կորոնավիրուս համավարակով պայմանավորված մշակութային ճգնաժամի եւ այլ հարցերի մասին:

 

-Արամո՛, արդեն տեւական ժամանակ է՝ Ձեզ հեռուստաէկրաններին չենք տեսնում թե՛  երգի, թե՛ ֆիլմերում նկարահանվելու տեսքով: Ինչո՞վ է պայմանավորված այս դադարը:

-Անկեղծ ասած, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, լավ կլինի այդ հարցն ուղղել ռեժիսորներին, թե ինչու ես չկամ: Դադարը կա, եւ ես շատ ուրախ եմ, որ այդ ժամանակավոր դադարը կա: Երգարվեստում դա չի նշանակում, որ ասելիք չկա, ոչ իհարկե, քանի որ  ես ապրում եմ, ստեղծագործում եմ, նոր մտքեր, մտահղացումներ կան, նոր նախագծեր կան, որոնք պետք է կյանքի կոչեմ: Համաճարակային այս իրավիճակը, կարծում եմ, լավ ժամանակ էր ստեղծագործելու համար: Կարծում եմ՝ աշխարհ կգան նոր ստեղծագործություններ, երգեր: Մի կողմից էլ այդ ամենը ճգնաժամային է: Ասում ենք` ստեղծագործենք լավ, նոր երգեր, նոր սցենարներ գրենք, բայց դրա հետ միասին ամեն ինչ խառնվել է իրար, կարծես թե առանձնացած ինչ-որ կղզյակների մեջ լինենք: Ասելիքներ կան, եւ ես սիրում եմ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում լինել, եւ այս պաուզային էտապները կարեւոր են: Ես չեմ սիրում շատ հեղեղված եթերների մեջ լինել, անդադար տալ: Պետք է թողնես, որ քեզ սիրող եւ գնահատող հանդիսատեսն այն, ինչը որ տալիս ես, մարսի, եւ հետագայում պարբերաբար դու մատուցես այն երգերը, որոնք կան քո մեջ, կամ այն ներկայացումներն ու ֆիլմերը, որոնք պետք է լինեն: Իրականում մի քիչ ճգնաժամային, ներվայնացնող է եւ կարող է անգամ դեպրեսիայի տանել: Կարծում եմ՝ շուտով դուրս կգանք այս իրավիճակից:

-Արամո՛, կորոնավիրուս համաճարակով պայմանավորված՝ ամենաշատը տուժել է հենց արվեստի բնագավառը…

-Այո, տուժել են արվեստի գրեթե բոլոր ճյուղերը` նույն կինոաշխարհը, թատրոնը, օպերան… Չգիտեմ, թե այս ամենի հետեւանքներն  ինչպիսին են լինելու, եւ այդ օնլայն համերգներ հասկացությունն, օրինակ, թատրոնում ընդունելի չէ, քանի որ բաց շփումներ են պետք: Ֆիլմերի եւ տեսահոլովակների դեպքում այլ է, քանի որ նկարում ես, եւ ժապավենի տեսքով հեռարձակվում է եթեր: Հիմա ես չգիտեմ, թե հետագայում ինչ է լինելու: Ես  հիշում եմ՝ մեր երիտասարդութան տարիներին կար հիանալի հեռուստաներկայացումներ: Ներկայացումներ բեմադրելն էլ է այս իրավիճակում խնդիր, բեմադրության ժամանակ ինչպես կարող ես պահպանել սոցիալական հեռավորությունը, կամ դահլիճում չեն կարող աթոռներն այնպես դնեն, որ պահպանեն հեռավորությունը: Կարեւորում են այն հանգամանքը, որ սկսեն մտածել բացօթյա դահլիճների մասին: Թող Մշակույթի եւ Ֆինանսների նախարարությունները մտածեն, կառավարության հետ միասին ստեղծեն մշակութային օջախներ, հիմա շատ նոր տեխնոլոգիաներ կան: Արվեստում առկա ճգնաժամը շատ մտահոգիչ է, եւ եթե այսպես շարունակվի, ես չգիտեմ, թե ինչ է լինելու արվեստի բնագավառի եւ արվեստագետների հետ:

-Արամո՛, խոսեցիք նաեւ ռեժիսորների կողմից հրավերներ չլինելու մասին: Ըստ Ձեզ՝ ի՞նչն  է պատճառը:

-Ամեն ռեժիսոր ունի իր նախընտրած արտիստը, ցավոք սրտի, եւ ես էլ խնդրել չեմ սիրում: Ռուսաստանից հրավերներ ունեմ ֆիլմերում նկարահանվելու, տա Աստված, շուտ ավարտվի այս համավարակը, եւ կսկսենք աշխատանքները: Քավ լիցի, ես ոչ մեկից խնդրանք չունեմ: Ես կերպարներ մարմանավորելու հետ կապված ոչ մի ամբիցիաներ չունեմ, առաջնային կամ գլխավոր դեր չլինի, չեմ նկարվի, որովետեւ գիտեք՝ ես ով եմ: Ես նման ամբիցիաներ չունեմ. եթե կլինեն առաջարկներ, մեծ սիրով: Արվեստագետի համար աշխատանքը շատ կարեւոր է, քանի որ ստեղծագործելուց հետո պետք է տալ այդ ամեն ինչը, ներսիդ կուտակվածը: Հիմա ճգնաժամային է, բայց հուսանք՝ ամեն ինչ շուտով կավարտվի:

-Հայկական երգարվեստում երգեցողության կատարման եւ ոճի ցածր որակի մասին միշտ եք խոսել։  Այսօր խնդիրները դարձյալ նո՞ւյնն են, թե՞ կան նաեւ այլ խնդիրներ։

-Մենք ազգովի երգում ենք եւ ունենք շատ սիրուն ձայներ, բայց ես առաջնայնությունը դնում եմ կրթական օջախի վրա, թե որտեղից ես սկսում դու եւ հետո ուր ես գնում: Շատ ցավալի է, որ այդ լկլկան մռմռոցները երգում են, կամ երիտասարդները երգում են տառապած սիրո մասին: Այն, ինչը որ ես լսում եմ, ինձ դա հաճույք չի պատճառում, այն, ինչ որ լսում ենք խնջույքների սեղանին, պետք է մնա այդ հարթակում եւ այդտեղից դուրս չգա:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

«ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ». ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ` ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻ ՄԱՍԻՆ

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում բուռն քննարկումներ են գնում այն մասին, թե ինչու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես հարկն է, չի շնորհավորել եւ ուղերձով հանդես չի եկել հայ ազգի մեծն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

 

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշեց՝ բարձրացած աղմուկը պարզապես  արհեստականորեն ստեղծված խոսակցություններ են:

«Այն, ինչը որ անում է նախարարի տեղակալը, դա, ըստ էության, նույն նախարարի մանդատներն ու ֆունկցիաներն են, եւ եթե ոլորտը համակարգող տեղակալը մասնակցում է ինչ-որ միջոցառման կամ արարողության, ապա նա այդ պահին ներկայացնում է նախարարությունը եւ  նախարարին: Ես կարծում եմ, որ սա արհեստական խոսակցություններ են: Ինչո՞ւ նախարարը չէ, տեղակալն է: Յուրաքանչյուր ոլորտ ունի իր համակարգող նախարարի տեղակալը, եւ նախարարի տեղակալը ներկայացնում է նախարարության դիրքորոշումը»,- նշում է Արա Խզմալյանը՝ նկատելով, որ նախ եւ առաջ  հանգուցյալներին շնորհավորական ուղերձ չեն հղում, այլ մատուցում են  հարգանքի տուրք:

«Մենք հոբելյարի ծննդյան օրը Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ այցելել ենք պանթեոն, ծաղիկներ ենք խոնարհել, խունկ ենք վառել, եւ  նախարարության կայքեջում տեղադրվել է Մհեր Մկրտչյանի մասին իմ գնահատանքի խոսքը ներկայացնող տեսանյութ»,-ընդգծում է ԿԳՄՍ փոխնախարարը:

Արա Խզմալյանի դիտարկմամբ` այս համաճարակային պայմաններում, երբ  տեսնում ենք, թե ինչ համաճարակ է մոլեգնում մեր շուրջ, ավելին անել չէին կարող:

«Ի՞նչ կարող էինք անել, իսկ պարզ չէ՞, որ Մհեր Մկրտչյանն այն անունն է, որ եթե ոչ այսօր, ապա առաջին իսկ հնարավորության դեպքում, եթե մենք կարողացանք իրականացնել միջոցառումներ, ապա մենք դա անելու ենք»,-հավելում է փոխնախարարը:

Հավելենք, որ հուլիսի 4-ին Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակի առթիվ Գյումրու քաղաքապետարանը մեծ արտիստի տուն-թանգարանին է հանձնել Գյումրու պատվավոր քաղաքացու շքանշանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՎԵՐՀԻՇԵԼ Է

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը վերհիշել է ընթացիկ մրցաշրջանի սկզբում «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումներից մեկից անմիջապես հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի զանգն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին: «Իհարկե, դատապարտելի է հանդիպման ավարտից անմիջապես հետո ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին զանգահարելը: Նման քայլերով Պերեսը կարող է ճնշման ենթարկել VAR համակարգը սպասարկող մրցավարներին»,- Տեբասի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կասկած էր հայտնել, որ VAR համակարգն աշխատում է միայն մեկ ակումբի օգտին, եւ այդ ակումբը «Ռեալն» է: Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ռեալն» առաջատար է 77 միավորով: «Բարսելոնան» ունի 73 միավոր եւ երկրորդ տեղում է:

 

ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀ Է

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ ակումբին կհաջողվի համաձայնության գալ Միլանի «Ինտերի» հետ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխության հարցում: Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» ու «Ինտերը» շարունակում են բանակցությունները, սակայն դեռեւս չեն կարողացել համաձայնության գալ գործարքի ֆինանսական կողմի վերաբերյալ: 22-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքի դիմաց «Ինտերը» «Բարսելոնայից» պահանջում է 90 միլիոն եվրո եւ 1 ֆուտբոլիստի: «Բարսելոնան» արդեն համաձայնության է հասել Լաուտարո Մարտինեսի հետ, որը ցանկանում է կարիերան շարունակել իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմում։

 

ԿՈՆՖԼԻԿՏԻ ՄԱՍԻՆ

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Էվերտոնի» դեմ խաղում իր թիմի ֆուտբոլիստների՝ Սոն Հընգ Մինի եւ Ուգո Լյորիսի կոնֆլիկտի մասին: «Ես շատ խիստ զրույց եմ ունեցել Սոնի եւ Լյորիսի հետ: Դրվագներից մեկում նրանք պարզապես չհասկացան միմյանց, եւ այդտեղից առաջացավ կոնֆլիկտը: Թիմում առաջացած ցանկացած անհամաձայնության մեղավորը մարզիչն է: Այս կոնֆլիկտի համար ես մեղավոր համարում եմ միայն ինձ»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ:

 

 

 




Լրահոս