«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրային քննարկման կդրվի սեպտեմբերին: Ինչպես հայտնի է, վարչապետի որոշմամբ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետք է փոփոխությունների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը ներկայացնի դեկտեմբերին, իսկ մինչ այդ էլ պետք է հանրային քննարկում տեղի ունենա: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այս օրերին նաեւ քննարկումներ են ընթանում, թե ինչպես պետք է կազմակերպվի հանրային քննարկումը՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը: Մենք տեղեկացանք՝ այս պահին երկու տարբերակ է քննարկվում՝ կա՛մ հանրային քննարկումը կազմակերպել մի քանի փուլով տեսակապի միջոցով, կա՛մ բաց տարածության մեջ, որը մեծ կլինի, եւ հնարավոր կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը: Իսկ մինչ վերջնական որոշումը «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները շարունակում են ինտենսիվորեն աշխատել սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ: Ընդ որում, այս հանձնաժողովի անդամները եւս հեռավար են նիստեր անցկացնում: Նկատենք՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում անցկացնելու կարեւորության մասին հենց մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հուլիսի 7-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի, որքան հնարավոր է, շուտ, նույնիսկ մինչեւ այդ փաստաթուղթն իրավաբանական լեզվով ձեւակերպված լինի», – նշել էր Արմեն Սարգսյանը: Ավելին, վերջինս խոսել էր նաեւ Սահմանադրական դատարանի մասին եւ անդամներ ընտրել-նշանակելու շուրջ իր կարծիքն արտահայտել: «Եվ եթե ինձ հարցնելու լինեք, լուծման ճանապարհը շատ պարզ է՝ հանրապետության նախագահը իրեն հասանելիք երեք Սահմանադրական դատարանի անդամին պետք է նշանակի, եւ ապագայում Բարձրագույն դատական խորհուրդը՝ երեք հոգու էլ իրենք պիտի նշանակեն, երեք հոգու էլ՝ Ազգային ժողովը, երեք հոգի էլ՝ Կառավարությունը», – նշել էր Արմեն Սարգսյանը: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ Սարգսյանի արտահայտած կարծիքը եւս առաջիկայում քննարկման առարկա դառնա հանձնաժողովում, չնայած մենք տեղեկացանք, որ այս հարցում ոչ միանշանակ մոտեցում է առկա, եւ ոչ բոլորն են կողմ այս տարբերակին:
Մինչ Սահմանադրական դատարանի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը երեկ նեղ միջավայրում նշում էր իր ծննդյան 50-ամյակը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշեց չկիրառել միջանկյալ միջոցը, որ պահանջել էին Թովմասյանը եւ ՍԴ երեք նախկին անդամներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը ՀՀ Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ: ՄԻԵԴ որոշումն իսկապես անակնկալ ու այս դեպքում ոչ ցանկալի նվեր է եղել նախկին նախագահ Թովմասյանի համար: Թե՚ նա, թե՚ մյուս անդամները սպասում էին, որ ՄԻԵԴ-ը պետք է սահմաներ միջանկյալ միջոց, եւ դրա համար արել էին ամեն հնարավորը, անգամ օգտագործել իրենց կապերն ու ծանոթությունները, սակայն այս անգամ այն արդյունք չտվեց: Եվ երեկ նրանք տհաճ անակնկալի են եկել` չիմանալով՝ ինչ անել: Հավելենք, որ, որպես մերժման հիմք, ՄԻԵԴ-ը նկատել է, որ սահմանադրական փոփոխություններով այդ անձանց համար կոնվենցիայում ամրագրված որեւէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ առկա չէ: Ըստ էության, ՄԻԵԴ այս որոշումը ապտակ էր ՍԴ նախկին անդամների համար:
Ազգային Անվտանգության ծառայությունը կարծես թե որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորների նկատմամբ: Երեկ հայտնի դարձավ, որ ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է խուզարկություններ իրականացրել նախկին եւ ներկա պատգամավորների տներում կամ գրասենյակներում: Մեզ հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ներկայիս պատգամավոր եւ «Ծառուկյան» դաշինքի նախկին պատգամավոր Տիգրան Ստեփանյանը նշեց, թե խուզարկություն եղել է իր գրասենյակում: «Գրասենյակը չի աշխատում, ընտրություններից հետո անմիջապես փակվել է: Տարել են թերթիկներ, որտեղ կուսակցությանը անդամակցված անձանց անուններ են եղել: Միայն դա է եղել մեզ մոտ», – հայտնեց Ստեփանյանը՝ ընդգծելով, թե չի վախենում ԱԱԾ-ի գործողություններից: Պարզվում է՝ արդեն «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորներ Մելիք Մանուկյանն ու Հրանտ Դավթյանը եւս մտավախություններ չունեն, որ ԱԱԾ-ն կարող է նրանց հետեւից եւս գնալ: «Կգան, աչքիս վրա գան, չեն գա, իրենց ինչ ասեմ», – նշեց Մանուկյանը, իսկ, ահա, Հրանտ Դավթյանը հայտնեց, թե իրեն չեն հարցաքննել՝ նշելով, թե չի արել մի բան, որի համար իրեն կարող են կալանավորել: Հավելենք, որ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին երեկ մեղադրանք էր առաջադրվել 154.2 հոդվածով՝ ընտրակաշառքների հետ կապված:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018-ին հոգեբանական ծառայությունների գնման համար ծախսել է 4 մլն 295 հազար դրամ, իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ նպատակով ծախսվել է 1.8 մլն դրամ: Սակայն Հաշվեքննիչ պալատի նախորդ վերահսկողության արդյունքում արձանագրվել էր, որ ԴԱՀԿ չի սահմանել հոգեբանական ծառայության միավորի գին, չի վարել մատուցված հոգեբանական ծառայութունների քանակի հաշվառում եւ պայմանագրերով վճարումները կատարել է առանց հաշվարկային հիմքի: Օրինակ, 2018 թվականի հունիսի 22-ին ԴԱՀԿ-ն հոգեբանական փորձագիտական, դիագնոստիկ եւ խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար առանց մրցույթ իրականացնելու անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքել է պայմանագիր, որով յուրաքանչյուր ծառայության գին է սահմանվել 75 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոգեբանական ծառայությունների գնման մրցույթ է հայտարարվել ԴԱՀԿ-ի կողմից, ներկայացվել է 4 հայտ, սակայն դարձյալ մրցույթի հաղթող է ճանաչվել նույն անհատ ձեռնարկատերը: Պարզվել է, որ գնման մրցույթային հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել համեմատել եւ գնահատել մասնակիցների գնային առաջարկները, սակայն կայացրել է որոշում եւ հաղթող է ճանաչել նախորդ տարիներին այդ ծառայությունը մատուցած անհատ ձեռնարկատիրոջը: