ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը Armlur.am-ի հետ զրուցում անդրադարձել է երեք ուժերի՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ «Հայրենիք» կուսակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խմբին ու նշել, որ առաջիկայում իրենք հանդես են գալու հայտարարությամբ:
-Պարո՛ն Մինասյան, ի՞նչ ակնկալիք ունեք Ձեր երեք ուժերի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված դիմումի հետ կապված, դատախազությունն էլ այն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հիմա նյութեր են նախապատսարտվում: Ի՞նչ ակնկալիք ունեք, արդյոք գործ կհարուցվի՞ այս հարցով: -Ակնկալիքն այն է, որ իսկապես պետք է փաստել այն ենթադրյալ հանցագործության փաստերը, որոնք որ մեր գնահատմամբ ակնհայտ են եւ ակնառու են:
-Իշխանություններն ասում են, որ իրենք մտավախություն չունեն, քանի որ ամեն ինչ արել են օրենքի սահմաններում, հակասահմանադրական քայլ չեն արել: Ի՞նչ կասեք:
-Այսքան ժամանակ իշխանության ապօրինությունները, որոնք նույնիսկ հաստատվել են դատարանների կողմից կամ իրավասու մարմիններ կողմից, երբեւէ իրենք ընդունե՞լ են, որ սխալվել են:
-Ոչ, այս իշխանության բնույթն է, որ ամեն ինչ ի սկզբանե փորձել են առաջ մղել, անունը դնել, իբր, համապատասխանում է իրավունքին, օրինականությանը, բայց երբ կանգնում են փաստի առաջ, սկսում են փնտրել նոր մեղավորների եւ մի նոր թեմա են սկսում բացել: Վերադառնալով հարցադրմանը՝ առաջինն ասեմ, որ ակնհայտորեն առկա է առնվազն առերեւույթ հանցագործության տարրեր, որոնք բնորոշվում են առաձնապես ծանր հանցագործությունների բաժնում՝ Քրեական օրենսգրքով դատապարտելի արարքների շրջանակներում: Երկորդ՝ սա համակարգային հիշողության մեջ մնացող մութ գործողություն է, որը վաղ, թե ուշ, եթե այս իշխանության օրոք չլինի այդ դատապարտումը, ապա իշխանափոխությունից հետո անպայման լինելու է, եւ պատասխան են տալու: Երրորդ կարեւոր խնդիրը, տեսեք, իշխանությունը հետեւողականորեն պնդում է, որ 300.1 հոդվածը համապասխանում է իրավական որոշակիության սկզբունքներին եւ հակասահմանադրական չէ: Եվ հետեւաբար հարց է առաջանում. եթե հակասահմանադրական չէ, ուրեմն պետք է կիրառելի լինի նաեւ այսօրվա իշխանությունների նկատմամբ նույնպես, հակառակ դեպքում այն կիրառելի չի կարող լինել ընդհանրապես: Չորրորդ նպատակն այն է, որ ի վերջո հասարակությունը, հատկապես մտավոր մարդիկ պետք է կարողանան տարբերակել իշխանության հանցավոր վարքագիծը օրինական գործողություններից: Շատ հստակ է, որ բոլոր 3 հոդվածներով էլ մեր պատկերացմամբ հանցակազմի առկայությունը բնորոշ է այն գործողությանը, որն իրականացրել կամ ձեռնարկել է իշխանությունը: Մասնավորապես՝ իշխանության յուրացում Քրեական օրեննսգրքի 300 հոդվածի համաձայն բաժանվող երկու գործողության՝ առաջին՝ իշխանության զավթում, երկրորդը՝ իշխանության պահպանում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 73 կողմ ձայնով ընդունեց «ՀՀ ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծի քվեարկությանը չմասնակցեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Դիրքորոշումը խմբակցության պատգամավորները կհայտնեն գլխադասային հանձնաժողովի նիստից հետո:
Նախագիծը զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը տեղեկացրեց, որ օրինագծով հստակեցվելու են ընդերքօգտագործման իրավունք կրող կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման հետ կապված իրավահարաբերությունները, քանի որ ներկայումս լիազոր մարմնին տեղեկացնում են գրավի կնքվելիք պայմանագրի մասին, այնուհետեւ ներկայացվում է նաեւ կնքված պայմանագիրը, սակայն օրենսգրքով սահմանված չէ, թե ինչ նպատակով է իրավունքը գրավադրվում, եւ դրանց օգտագործման ծախսային ուղղությունները:
«Առաջարկվող փոփոխությունները միտված են ընդերքը ռացիոնալ եւ արդյունավետ օգտագործելու նպատակին: Այսուհետ առաջարկում ենք արդյունահանման թույլտվությունը չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ տեղամասի հանքավայրի պաշարներն ուսումնասիրված եւ հաստատված չեն մետաղականի համար վերջին 5 տարվա ընթացքում, իսկ ոչ մետաղականի համար՝ վերջին 10 տարվա ընթացքում»,- ասաց նա: Փոխնախարարը նշեց, որ հանքավայրերը տրամադրվելու են ամբողջ պաշարով:
ՉԻ ՂԵԿԱՎԱՐԻ
Երեկ, ԱԺ խորհրդի որոշմամբ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստանձնել էր Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը: Մինչ այս բարեկամական խմբի ղեկավարն էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Բացի այդ, որոշում էր կայացվել, որ իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այլեւս չի ղեկավարի նաեւ Հայաստան-Թուրքմենստան բարեկամական խումբը: Այն իր փոխարեն կղեկավարի նույն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը:
Եվ, ահա, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ այս փոփոխությունը զարմանալի է եղել նաեւ իշխանական խմբակցության պատգամավորների համար, քանի որ, շատերի կարծիքով, Վարազդատ Կարապետյանը լավ եւ աշխատող պատգամավորներից է, որը կարող էր այս երկու բարեկամական խմբերում բավականին լավ աշխատանք կատարել: Ըստ խմբակցության պատգամավորների՝ վերջին ժամանակահատվածում Վարազդատ Կարապետյանը շատ է մեկուսացել խմբակցությունից, ինչի համար էլ նման որոշում է կայացվել:
Armlur.am-ը տեղեկացավ նաեւ, որ Վարազդատ Կարապետյանը խմբակցության ղեկավարությանը դեռեւս ամիսներ առաջ է տեղեկացրել, որ ինքը զբաղված է ու չի կարող այդ երկու բարեկամական խմբերի աշխատանքներով զբաղվել: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել Վարազդատ Կարապետյանին հեռացնել իր ղեկավարած հանձնաժողովի պաշտոններից: Մենք փորձեցինք այս տեղեկությունների շուրջ զրուցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հետ, սակայն անարդյունք. հեռախոսն անջատված էր:
ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵՑ
ԿԸՀ-ն իր երեկվա նիստում քննարկում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը: Վերջինս պահանջում է ԼՀԿ-ի նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական 18-րդ մանդատը վերադարձնելուն: Ավելի վաղ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ գրությամբ դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Քննարկման ժամանակ, սակայն, դիմումը մերժվեց: