ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿՍՊԱՍԵՆ ԱԱԾ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորների նկատմամբ: Երեկ հայտնի դարձավ, որ ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:

 

ArmLur.am-ի հետ զրույցում  վերջինիս փաստաբան Էմին Բեգլարյանը հայտնել էր, որ  Ասատրյանն իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում. խոսքը վերաբերում է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, որի ընթացքում վերջինս Լոռու մարզից ընտրվել էր որպես Ազգային ժողովի պատգամավոր.

«Զուտ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ ես չեմ կարող ամբողջ ծավալով ինձ հասու տեղեկությունը բացահայտել, սակայն ընդամենը կասեմ, որ առաջադրված մեղադրանքի եւ մեզ ներկայացված նյութերի համաձայն՝ կա, ով ցուցմունք է տվել, սակայն մենք անմիջապես միջնորդել ենք, որ առերես հարցաքննություն իրականացվի, մեզ հրավիրել են հարցաքննության շաբաթ օրը, 5-6 ժամ սպասել ենք, սակայն այն այդպես էլ տեղի չի  ունեցել»:

Այսպիսով,  ArmLur.am-ը սկսեց լրագրողական հետաքննություն, թե  2017 թվականին Ծառուկյանի դաշինքից ռեյտինգային կարգով ընտրված պատգամավորներից ում դուռն է թակել Ազգային անվտանգության ծառայությունը,  եւ, առհասարակ, նախկին պատգամավորները պատրաստ են արդյոք ընդունել ԱԱԾ-ին:

Եվ այսպես, զրուցեցինք ԱԺ  նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի հետ՝ պարզելու՝ արդյոք իրեն կանչել են ԱԱԾ հարցաքննության կամ խուզարկել են իր բնակարանը, թե ոչ: Ի պատասխան՝ Մելիք Մանուկյանն ասաց. «Ոչ, ինձ չեն կանչել, եւ ես այդպիսի բաների էլ չեմ մասնակցել»:

-Պարո՛ն Մանուկյան, պատրաստվել  ե՞ք ընդունել ԱԱԾ-ին:  Նախկին պատգամավորներին մեկը մյուսի հետեւից կալանավորում են. արե՞լ եք մի բան, որի համար կարող են Ձեր հետեւից գալ:

-Կգան, աչքիս վրա գան, չեն գա, իրեն ինչ ասեմ:

-Այսինքն՝ վախենալու բան չունե՞ք, եթե անգամ թակեն Ձեր դուռը:

-Դուք իզուր եք նման հարց տալիս:

 

ԱԺ «Ծառուկյան Դաշինք»

խմբակցության  նախկին  պատգամավոր Հրանտ Դավթյան

-Պարո՛ն Դավթյան, Ձեզ չե՞ն կանչել հարցաքննության, խուզարկե՞լ են Ձեր բնակարանը:

-Ոչ, նման բան չի եղել:

-Կհիշե՞ք՝ արդյոք այնպիսի բան արե՞լ եք, որի համար Ձեզ կկալանավորեն:

-Ոչ, նման բան չկա:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյան

-Պարո՛ն Ստեփանյան, Ձեզ հարցաքննե՞լ են:

-Չէ, չեն հարցաքննել:

-Իսկ խուզարկություն իրականացրե՞լ են Ձեզ պատկանող բնակարանում կամ գրասենյակում:

-Այո , գրասենյակներում:

-Իսկ տա՞նը:

-Ո՛չ:

– Չե՞ք վախենում, որ  Ձեզ  էլ կկալանավորեն:

-Իհարկե ոչ, խնդիր չկա:

-Իսկ ի՞նչ էին տարել գրասենյակից:

-Գրասենյակը չի աշխատում ընտրություններից հետո, անմիջապես հետո փակվել է: Տարել են թերթիկներ , որտեղ  կուսակցությանը անդամակցած   անձանց անուններ են  եղել, միայն դա   է եղել մեզ մոտ:

Նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի փաստաբան Էմին Գալստյանը հայտնել էր, որ վերջինիս տանը դեռեւս հունիսի 26-ին խուզարկություն էր կատարվել, բայց կոպիտ խախտմամբ: «Դրա վերաբերյալ չեմ ցանկանում շատ բան ասել, սակայն խախտումն այնքան ակնհայտ է, որ հավասար է առանց դատարանի որոշման անձի տունը խուզարկելու: Հայտնաբերվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք, մեր գնահատմամբ, գործի հետ չեն կարող որեւէ նշանակություն ունենալ: Չեմ կարող այդ մասին բարձրաձայնել, բայց դրանք չէին կարող մեղադրանքի հետ նշանակություն ունենալ», – եզրափակեց Գալստյանը:

Հավելենք, որ Վանիկ Ասատրյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2017 թվականին Լոռու մարզից: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված: Հենց այս մեղադրանքն է  առաջադրված նաեւ Վանիկ Ասատրյանին:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

«ԿԳԲ-Ի ՊԱԴՎԱԼ»-ՈՒՄ

Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Ինչպես հայտնի է, ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորված է, իսկ վերջինիս պաշտպան Հրանտ Անանյանը կալանավորման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան: Ի դեպ, Աբրահամ Մանուկյանի դեմ միակ ցուցմունք տված անձը «Երեւանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն է, ավելին ՝ Վազգեն Պողոսյանն ու Աբրահամ Մանուկյանը առերեսվել են, որտեղ Վազգեն Պողոսյանը նշել է, որ ընտրակաշառքի մասին որեւէ խոսակցություն չի ունեցել Աբրահամ Մանուկյանի հետ:

Առերեսումից ArmLur.am-ին այլ մանրամասներ եւս հայտնի են դարձել, սակայն նախաքննությանը չվնասելու համար այս պահին  այն չենք հրապարակի: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Աբրահամ Մանուկյանը գտնվում է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում` «ԿԳԲ-ի պադվալում»: Իսկ ի՞նչ ցուցմունք է նա տվել իրավապահներին:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը. «Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։

 

 

ՀՐԴԵՀ՝ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիավառելիքի պահեստների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել «Զվարթնոց» օդանավակայանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 22։54-ին։ Օդանավակայանի տարածքում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք, հրդեհը տարածվել է օդանավակայանի տարածքից դուրս։ Օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։00-ին, մարվել՝ 23։29-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։

 

 

ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: Կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Փոխնախարարի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո օրինագծում փոփոխություններ են կատարվել, նախագիծը լրամշակվել է: Փոփոխությունները տեխնիկական բնույթ են կրել: Պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն հնչեցվել:

Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու եւ այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Փոխնախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2-ը՝ ծանր հիվանդության հետեւանքով:

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Օրեր առաջ ՀՀ ՊԵԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայր: Գործող ավտոլվացման կետի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով նշված բնակավայրի բնակիչը, չենթարկվելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողների օրինական պահանջներին, խոչընդոտել է նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը. վերջինս, բահով հարվածելով օպերլիազորներից մեկի աջ նախաբազկին, գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, այնուհետեւ, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ, բահով հարվածներ է հասցրել վերոնշյալ ավտոմեքենային եւ պատճառել զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում Բագրատաշեն բնակավայրի բնակիչը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով: Օպերլիազորը ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ:




Լրահոս