ԽՈԶԵՐԸ ԿՍԱՏԿԵՆ, ԵԹԵ ՎԱՐԿ ՉՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Արարատ Դանիելյանը հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Կամարիսցի Արարատ Դանիելյանը տեւական ժամանակ է՝ խոզաբուծությամբ է զբաղվում, ունի մոտ 100 գլուխ խոզ, սակայն այսօր լուրջ խնդրի առաջ է կանգնած. խոզերը կեր չունեն: Այս խնդրով արդեն երկու ամիս է՝ քաղաքացին դիմում է էկոնոմիկայի նախարարություն, սակայն առարկայական օգնություն չկա:

 

Անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացին ստիպված դիմել է «Ժողովուրդ» օրաթերթին  եւ խնդրել աջակցել իրեն՝ բարձրաձայնելով խնդիրը:  «Դիմել եմ առեւտրային բանկերին, խնդրել եմ գրավադրել ֆերման ու տունը, գնահատվել է 30 մլն դրամ, չնայած որ մենք բանկից պահանջում ենք ընդամենը 8 մլն դրամի չափով գյուղատնտեսական վարկ: Մերժում են անհիմն պատճառներով: Հիմա ես այդքան գումար չունեմ, որ բոլոր բանկերին դիմեմ, որովհետեւ ամեն անգամ իրենց գնահատողներին 25-30 հազար դրամ գումար եմ տալիս: Այդ վճարումներն անում եմ, բայց հետո մերժվում եմ բանկի կողմից:  Վարկային պատմության ոչ մի խնդիր չունեմ: Ոչ մի խնդիր բանկերի հետ չունեմ»,- իրավիճակը ներկայացրեց քաղաքացին: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Արարատ Դանիելյանը դիմել է ՀՀ կենտրոնական բանկ, Էկոնոմիկայի նախարարություն, վարչապետի աշխատակազմ: Արձագանք չկա: Միայն Էկոնոմիկայի նախարարությունից քաղաքացուն փոխանցել են, որ չեն կարող միջամտել: Ասել է թե՝ չեն կարող բանկերին ստիպել գյուղացուն վարկ տալ:

«Այ մարդ, եթե այդպես է, բա ինչո՞ւ են ամեն օր հեռուստացույցով հաղորդում, հայտարարում, ամբողջ օրը ելույթ են ունենում, թե գյուղացուն աջակցում են: Ոչ մի աջակցություն չկա: Ես ներկայացրել եմ իմ պահանջը, նշել եմ, որ այս շրջանում հացքաղի շրջանն է, եւ ես ուզում եմ մեծ քանակությամբ հացահատիկ գնել, անասնակեր: Բացի այս, 5-6 ցուլ եմ ուզում գնել, մեծ ֆերմա է, տեղ ունեմ: Այսօր ես մեծ խնդրի առաջ եմ կանգնել մոտ 100 գլուխ խոզ սովի է մատնվել… Ես իրենց ասում եմ՝ այսօր կերը 100 դրամ արժե, ցորեն քաղելու ժամանակն է, աջակցեք՝ գնեմ մեծ քանակությամբ, ձեր գումարն, այ մարդ, մեկ տարում կարող եմ փակել»,- ներկայացրեց Արարատ Դանիելյանը:

Փոխարենը Էկոնոմիակայի փոխնախարար Արման Խոջոյանը օրեր առաջ հայտարարել է, որ գյուղատնտեսական անտոկոս վարկերի տրամադրման գործընթացը կշարունակվի մինչեւ 2020 թվականի վերջը:

Ի դեպ, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու 2-րդ միջոցառման շրջանակներում արդեն տրամադրվել է 15 000 վարկ 21 մլրդ ծավալով: Իսկ տարեսկզբին արդեն տրամադրվել էր 2000 վարկ մինչեւ կորոնավիրուսով պայմանավորված 2-րդ միջոցառում հայտարարելը: Բացի այս, պետական աջակցության 1-ին եւ 2-րդ ծրագրով ընդհանուր գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 34 մլրդ դրամ վարկ: Մոտ 12 հազար հայտ մերժվել է: Այս տարվա առաջին կիսամյակում հատկացված վարկերը եռակի գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հատկացումներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԿԴԻՄԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայտնել էր, թե  իր տեղեկություններով՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը դիմելու է կառավարությանը եկեղեցիներում ծեսեր անելու հնարավորություն ստանալու համար։ Քաղաքագետը նաեւ ընդգծել է, թե  խոսքը պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիների մասին է: ArmLur.am-ը փորձել է հասկանալ՝ արդյոք կրոնական կազմակերպությունն իսկապես պատրաստվում է նման քայլ անել: Մեզ հետ զրույցում «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը նշեց, որ իրենք նման դիմում կառավարությանը չեն ներկայացրել: «Ինչպես բոլորը, այնպես էլ մենք, սպասում ենք մինչեւ համաճարակային իրավիճակը նորմալանա, եւ երբ կառավարությունը թույլ տա հավաքներ անցկացնել, այդ ժամանակ էլ մենք մեր հավաքները կանցկացնենք, իսկ քանի դեռ կա սահմանափակում եւ արգելք, մենք՝ որպես օրինապահ եկեղեցի, շարունակում ենք պահպանել բոլոր համաճարակային կանոնները»,- ասաց մեր զրուցակիցը:

 

 

ԱՊՕՐԻՆԻ

Ապօրինի անտառահատումների եւ դրանց հետ կապված կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը շարունակվում է։ Միայն ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո քննվում է ապօրինի ծառահատումներին տարբեր կոռուպցիոն սխեմայով առնչվող Ոստիկանության ծառայողների վերաբերյալ 3 քրեական գործ։ Նշված գործերից 2-ով որպես մեղադրյալ է ներգրավվել 4 անձ: Եվս մեկ քրեական գործ՝ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից երեք անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հ? Մ-ն եւ նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա.Չ.-ն, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, դիմել են հակաօրինական գործողությունների ապօրինի ծառահատման, փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի հանգամանքները խեղաթյուրելու, թաքցնելու եւ ենթադրյալ ապօրինի ծառահատում իրականացրած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով։

 

 

ՈՐՈՇԱԿԻ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով բացառություններ է սահմանել դիմակի կրման հետ կապված։ Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաեւ 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:

 

 

ՈՒՂԻՂ ԱՎԻԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մերձբալթիկայի երկրների հետ, իսկ առաջին չվերթերը կսկսեն իրականացվել օգոստոսից Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն երթուղով: Միջազգային հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանի փոխանցմամբ՝ Վրաստանն առանց որեւէ նախնական պայմանների բացում է իր սահմանները Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Ֆրանսիայի համար: «Լյութհանզա» ավիաընկերության հետ մենք արդեն համաձայության ենք հասել 2020 թվականի օգոստոսից Մյունխենի ուղղությամբ շաբաթական երկու անգամ կանոնավոր չվերթեր սկսելու շուրջը»,- ասել է նա:

 

 

ԿԱՆԳԱՌԻ ՏԵՂՈՒՄ՝ ՆՈՐ ՇԵՆՔ

Բարեկամավանը Նոյեմբերյանի  տարածաշրջանի ամենահեռավոր գյուղն է: Այն Նոյեմբերյան քաղաքից գտնվում է 33 կմ, Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքից՝ 58 կմ հեռավորությամբ։ Խորհրդային տարիներին Բարեկամավանից արտագաղթ  է եղել, որը մեծ թափ է առել  Հայաստանի անկախանալուց հետո։

2016թ. սեպտեմբերից  խոշորացված  Նոյեմբերյան համայնքի մաս կազմող Բարեկամավան  գյուղի  բնակչությունը  ներկայումս շուրջ  400  է։ 2020թ. հուլիսի 3-ին Բարեկամավանում  քանդել են գյուղի կենտրոնում գտնվող կանգառի շենքը։  Դա համայնքի բնակիչների  շրջանում  բուռն քննարկումներ է առաջացրել։ Համայնքի բնակիչներից ոմանք նշում են, որ Նոյեմբերյան համայնքի զարգացման ծրագրում նշված է, որ պետք է վերականգնվի  Նոյեմբերյան քաղաք-Բարեկամավան երթուղով հասարակական տրանսպորտի աշխատանքը, սակայն Բարեկամավանի կանգառը  քանդել են։  Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը (ում հայրը ծննդով Բարեկամավան գյուղից է), հայտնեց, որ Բարեկամավանի կանգառը  չէր օգտագործվում, այն վերածվել  էր  աղբանոցի, անասունների  ապաստանի։  Համայնքապետն ասաց, որ կանգառը իրենից ենրկայացնում էր միահարկ  անպաճույճ կառույց։ Նա  ասաց, որ  Բարեկամավանում գործում  է Հայփոստի բաժանմունք, որը բավական մեծ տարածք  է զբաղեցնում, այն սպասարկելու, ջեռուցման ծախսերը  մեծ են:

Հայփոստի ղեկավարությունը տնտեսապես նպատակահարմար չի գտել այդ տարածքը  նորոգելու  եւ  որոշել  է  Բարեկամավանի կենտրոնում  ոչ  մեծ, սակայն  հարմարավետ  փոստի բաժանմունք  գործարկել,  ու դրա շինարարության համար հարկ է եղել գյուղի կենտրոնում  գտնել այնպիսի տարածք, որը հակառակորդի ուղիղ նշանանառության գոտում չլինի,  եւ նման  հարմար տեղ է համարվել կանգառի տարածքը։ Կարեն Աբազյանն ասաց, որ Կոթի գյուղ -Նոյեմբերյան հասարակական ուղերթի վարորդը  2 անգամ որոշակի տեւողությամբ  փորձել  է  իր ուղերթում ընդգրկել նաեւ Բարեկամավանը, այդ նպատակով մեքենայով մտել է Բարեկամավան գյուղ, սակայն այդտեղից  շատ քիչ ուղեւորներ են  եղել, ինչի պատճառով  տնտեսապես աննպատակահարմար է Բարեկամավանը ներառել այդ ուղերթում։ Բարեկամավանի բնակիչները նախընտրում են, մի քանի հոգով նախապես պայմանավորվելով,  մի տրանսպորտային միջոցով  միասին մեկնել  Նոյեմբերյան, Իջեւան։

Նոյեմբերյան համայնքի ղեկավարն ասաց, որ Հայփոստը պատրաստակամ է փոստի հին շենքի ընդարձակ տարածքը անհատույց տրամադրել համայնքին, եւ նպատակ կա այդտեղ  վերանորոգման աշխատանքներից հետո գործարկել գյուղի հանդիսությունների սրահ։ Արտերկրում գտնվող բարեկամավանցիները ցանկություն են հայտնել ֆինանսապես աջակցել այդ ծրագրի իրականացմանը։

Ոսկան Սարգսյան

Տավուշ

 

 




Լրահոս