ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը պարզաբանումներ է ներկայացրել Երեւանի մի շարք փողոցներում սահմնված առավելագույն արագությունը 60 կմ/ժ դարձնելու որոշման վերաբերյալ։

 

Հուլիսի 18-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում իրականացվում է ճանապարհային երթեւեկության կազմակերպման փոփոխություն։ Երեւանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը իջեցվում է 60 կմ/ժ։ Այդ ճանապարհահատվածներն են՝ Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի փողոց եւ Աշտարակի խճուղի: Թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։

Երթեւեկության կազմակերպման փոփոխության նպատակը երթեւեկության անվտանգության ապահովումն է կամ առավել բարձր անվտանգության մակարդակ ունենալը, քանի որ, ինչպես ցույց են տալիս 2019 թվականի վիճակագրական տվյալների հիման վրա արված վերլուծությունները, այն ճանապարհներին, որտեղ սահմանված է առավել բարձր արագություն, քան բնակավայրերի համար ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված 60 կմ/ժ-ն է, մասնավորապես՝ Երեւանում կան տեղամասեր, որտեղ սահմանված է 70 եւ 80 կմ/ժ արագություն, ապա այդ հատվածներում բավական բարձր է վթարայնության ցուցանիշը։ Խոսքը վերաբերում է հատկապես զոհերով եւ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարներին։ Դրանց նախականխման, առավել ծանր հետեւանքների կանխման ու նվազեցման նպատակով է հենց նախատեսվում իրականացնել նշված փոփոխությունը։

2019 թվականի ցուցանիշներով՝ Երեւանում տեղի է ունեցել 2172 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 86 եւ մարմնական վնասվածքներ ստացել 2801 մարդ։ Երեւանի համար ծանրության գործակիցը կազմել է 2,9 կամ ավելի պատկերավոր ասած՝ պատահարների հետեւանքով յուրաքանչյուր 1000 տուժածի դեպքում 29 զոհ է եղել։ Ինչ վերաբերում է նշված փողոցներին / Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա եւ Սարալանջի փողոց, Աշտարակի խճուղի /, ապա 2019 թվականին այս հատվածներում պատահարները եղել են 227։ Զոհվել է 18 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 318-ը։ Այս հատվածներում ծանրության գործակիցը եղել 5,3, կամ ավելի պատկերավոր՝ պատահարների հետեւանքով յուրաքանչյուր 1000 տուժածներից եղել է 53 զոհ։

Բացի այդ, Երեւանում տեղի ունեցած պատահարների 10,5 %-ը նշված 8 փողոցներում է եղել։ Զոհերի թիվը այդ փողոցներում կազմել է Երեւանի տեղի ունեցած պատահարների հետեւանքով ընդհանուր զոհերի 20 %-ը։ Այսինքն, այս դեպքում եւս, զոհերի թվի հետ կապված, ունենք կրկնակի ավելի ցուցանիշ: Երեւանում կա մոտ 170 քաղաքային նշանակության փողոց, եւ այդ 8 փողոցները կազմում են ընդհանուր ցանցի 4,7 տոկոսը։ 4,7 տոկոս հատվածում ունենք 10,5 տոկոս պատահարներ, 20,9 տոկոս զոհեր եւ 11,3 տոկոս վիրավորներ։ Նման պատկերը ցույց է տալիս, որ այս հատվածներում բավական բարձր է ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքի ծանրության աստիճանը։

Եթե ուշադրություն դարձնենք այդ 8 փողոցներին, ապա բոլոր դեպքերում առավել բարձր արագություն տեղամասերին հաջորդում են սովորական բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ արագությունը։ Տեսականորեն ստացվում է, որ բարձր արագությամբ երթեւեկելու պարագայում, երբ հանդիպում ես առավել ցածր արագության տեղամասի, պետք է նվազեցնես արագությունը։ Ստացվում է, որ ներկա իրավիճակում ավելի մեծ է խցանումների առաջացման հավանականությունը, քան փոփոխությունից հետո, քանի որ կլինի մեկ արագություն՝ 60 կմ/ժ, եւ բոլոր հոսքերը միեւնույն միջին արագությամբ կընթանան։

Ընդանրապես, ճանապարհային երթեւեկության կազմակերպման փոփոխությունը ինքնին ժամանակավոր է, որովհետեւ տարբեր իրողություններում անընդհատ ենթակա է վերանայման։ Այս փոփոխությունն էլ վկայում է այդ մասին. ժամանակին կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բարձրացվել են սահմանված արագությունները, իսկ ներկա ուսումնասիրությունների արդյունքում վերանայվում են այդ արագությունները եւ նվազեցվում։ Բնականաբար, նաեւ այս փոփոխությունը հետագայում կարող է չարդարացվի, եւ այդ դեպքում պետք է կա՛մ այլ միջոցառում իրականացնել, կա՛մ վերադառնալ նախկինին։

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԾՐԱԳՐԵՐԻՆ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերին: «Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար տրամադրվում է մեկ անգամ եւ ուղղվում է հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը: Ծրագրի շահառու եք, եթե`

 

հիփոթեքային վարկով ձեռք եք բերել բնակելի անշարժ գույք մարզային բնակավայրերում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,

ունեք առնվազն 2 անչափահաս երեխա,

ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն. դրամ:

Երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն դրամին ավելանում է եւս 5 մլն դրամ: Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է՝

մինչեւ 1 մլն դրամ, եթե ունեք 30-ից բարձր տարիք: Ընդ որում, երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի դեպքում աջակցությունն ավելանում է մինչեւ 500.000 դրամով (առավելագույն չափը 2 մլն դրամ),

Մինչեւ 2,6 մլն դրամ, եթե ունեք 30-ից ցածր տարիք:

Երեխայի ծննդով պայմանավորված միանվագ դրամական աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին տրամադրվում է երեխա ծնվելու դեպքում եւ ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

Ծրագրի շահառու եք, եթե`

ձեր երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,

առնվազն 12 ամիս կատարել եք հիփոթեքային վարկի մարումներ եւ վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը,

ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն դրամ: Երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն դրամին ավելանում է եւս 5 մլն դրամ:

Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է՝

մինչեւ 500 000 դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք եւ ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,

մինչեւ 2 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք եւ ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան,

մինչեւ 1,5 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք եւ ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,

մինչեւ 4 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք եւ ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան:




Լրահոս