«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգիչ Գեւորգ Մկրտչյանը խոսել է իր եւ դերասանուհի Իրինա Այվազյանի սիրավեպի, նոր տեսահոլովակի եւ այլ հետաքրքիր հարցերի շուրջ:
-Գեւո՛րգ, ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հայտնի լինելը: Դրանից հետո ինչպիսի՞ն դարձաք:
-Հայտնիությունն իմ կյանքում փոխեց միայն մեկ բան՝ ես ուղղակի ձեռք բերեցի ճանաչում, իսկ մարդ տեսակս չի փոխվել, որովհետեւ ես կարծում եմ, որ բոլորս էլ մարդ ենք՝ անկախ մեր մասնագիտությունից:
-Դուք այն երիտասարդ արտիստներից եք, ովքեր ցանկանում են աչքի ընկնել ավելի շատ բեմական կերպարներով, ոճային առանձնահատկություններով, քան ձայնային տվյալներով։
-Ինձ համար ամենակարեւորն արտիստի ճիշտ ներկայանալն է ու աշխատանքը ճիշտ ներկայացնելը: Շատերը կարեւորում են տեսքը, ձայնային տվյալները կամ, ինչպես շատերն են ասում, գումարը. եթե գումար ունեցար, ապա առաջ կգնաս, բայց ոչ: Արտիստը նախ եւ առաջ պետք է կարողանա իրեն ճիշտ ներկայացնել, հետո նոր նաեւ իր աշխատանքը: Երբ նոր էի սկսել, մեծամասնությունը չէր հավատում, ու կոտրում էին՝ ասելով, որ ես երբեք հաջողության չեմ ունենա երգարվեստում, բայց կարճ ժամանակում գտա իմ ոճը եւ սկսեցի հենց այդ ոճի մեջ ներկայանալ, ինչը բերեց ինձ մեծ հաջողություն եւ լսարան:
-Ի՞նչ եք կարծում, արտիստի համար ի՞նչն է ավելի կարեւոր։ Ձեր երգերը բավականին մեծ դիտումներ ունեն յութուբում, այնուամենայնիվ Դուք Ձեզ կայացած համարո՞ւմ եք այդ ոլորտում, թե՞ դեռ կարծում եք, որ երկար ճանապարհ պետք է անցնեք։
-Դեռ անցնելու երկար ճանապարհ ունեմ: Դեռ 22 տարեկան եմ եւ ինձ համարում եմ կայացած այնքանով, որ այս տարիքում արդեն ինչ-որ չափով հաջողության հասել եմ, բայց երբեք չեմ բավարարվում եւ համարում եմ՝ միշտ կայանալու տեղ կա: Երբ ես ինձ համարեմ կայացած եւ էլ կայանալու տեղ չունենամ, դա կնշանակի, որ ես՝ որպես արտիստ, էլ աճելու տեղ չունեմ, եւ իմ մաքսիմալը սա է, բայց ես դեռ աճելու տեղ շատ ունեմ:
-Գեւո՛րգ, կցանկանայի խոսել նաեւ Ձեր եւ դերասանուհի Իռենի սիրային հարաբերությունների մասին, քանի որ Դուք այն զույգերից եք, ովքեր բավականին երկրպագուներ ունեն։ Ինչպե՞ս եք ծանոթացել, սեր առաջին հայացքի՞ց, թե՞…
-Ես եւ Իրինան ծանոթացել ենք 2019 թվականին «Օդս քիչ ա» տեսահոլովակի համար, հերոսուհի էի փնտրում եւ հասկացա, որ Իրինան ամենահամապատասխանն է: Մեզ ծանոթացրել է մեր ընդհանուր ընկերներից Մարիամ Մելիքյանը: Ի սկզբանե Իրինան շատ լավ տպավորություն էր թողել, եւ դեռ այդ ժամանակ էլ նրան հավանում էի, բայց չէի արտահայտվում, եւ քանի որ այդ տեսահոլովակն ունեցավ մեծ հաջողություն, որոշեցինք միասին ներկայանալ նոր տեսահոլովակով: Փետրվարին Սոչի քաղաքում նկարահանեցինք «Lova, lova» երգի տեսահոլովակը, վերադարձանք Հայաստան եւ սկսեցինք ընկերություն անել:
-Ի՞նչ հատկություն պետք է ունենա Գեւորգ Մկրտչյանի ընկերուհին։
-Քանի որ ես հանրային մարդ եմ ու, բնականաբար, գործնական առումով ես շատ եմ առնչվում հակառակ սերնդի ներկայացուցւչների հետ, ամենակարեւոր հատկանիշներից մեկը նա է, որ ընկերուհիս պետք է լինի հասկացող եւ ամեն ինչ չվերագրի խանդի:
-Ձեր սերն ավելի շատ նման է դետեկտիվի՞, մելոդրամայի՞, թե՞ ֆանտաստիկ ֆիլմի հերոսների սիրային արկածների:
-Ռոմանտիկ կոմեդիայի, երբ մենք միասին ենք լինում, կողքից շատ ռոմանտիկ է թվում, բայց իրականում մեր օրը երբեք առանց զավեշտալի դեպքերի չի անցնում:
-Ո՞րն է եղել ամենախենթ բանը, որ երբեւէ արել եք:
– Իրականում շատ-շատ են մեր խենթությունները, եւ չեմ կարող դրանցից մեկն առանձնացնել:
-Պատահականությունների հավատու՞մ եք, թե՞ այն համոզմանն եք, որ պատահական ոչինչ չի լինում:
-Իմ կյանքում ամեն պատահականություն ունենում է իր լավ ավարտը, ինչը պլանավորում եմ, միշտ չի ստացվում: Ըստ այդմ, ես այն համոզմանն եմ, որ պատահական ոչինչ չի լինում:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԲԱՑԻ ՊԱՐԱՊ ԽՈՍՔԵՐԻՑ, ՄԵՆՔ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՎ ՑՈՒՅՑ ԿՏԱՆՔ». ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆ
Արդեն մի քանի օր է, ինչ հանրության եւ մտավորականության շրջանում դժգոհության ալիք է բարձրացրել հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակը Մշակույթի նախարարության կողմից չնշելու հանգամանքը, քանի որ Ալիշանին նվիրված յուրաքանչյուր հոբելյանական տարելից կատարվում է համահայկական ընդգրկմամբ եւ միջազգային տարողությամբ, սակայն այս տարի համավարակը մասնակիորեն խանգարել ու ուշացրել է հոբելյանական 200-ամյակին նվիրված միջոցառումները։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանի հետ։
«Ես ինքս քննադատություններին շատ սառնասրտորեն եմ մոտենում. եթե քննադատություններն իսկապես խորքային են, ապա դրանք շատ օգտակար են, բայց եթե չարակամություն է… Ի՞նչ է նշանակում ուղերձ, կամ ո՞ւմ պետք է ուղերձ հղեինք։ Եթե 200-ամյակ է, դա դեռ չի նշանակում, որ հենց այդ օրը պետք է ինչ-որ բան արվի: Արդեն տեւական ժամանակ է, ինչ մենք պատրաստվում ենք, եւ երբ պատրաստ կլինեն, մեր ֆիլմերը կներկայացնենք։ Բացի պարապ խոսքերից, մենք փաստով, գործնականով ցույց կտանք մեր վերաբերմունքը մեր մեծ հայագետին»,-նշում է Նարինե Թուխիկյանը։
Փոխնախարարի խոսքով՝ դրամաշնորհային ծրագրով պատրաստվում են իրականացնել անիմացիաների, մուլտֆիլմերի շարք՝ նվիրված Ղեւոնդ Ալիշանի 200-ամյակին, որը կբարձրացնի նաեւ Հայաստանի ճանաչողության աստիճանը։
«Փորձելով գրեթե ամբողջությամբ ընդգրկել այն ամենը, ինչով նա հիմնականում զբաղվել է՝ ստեղծել ենք մուլտաշար, որը կլինի շատ հանրամատչելի երեխաների եւ դեռահասների համար, եւ, իհարկե, հայրենաճանաչողական։ Այսինքն՝ մի բան, որով հենց նա է զբաղվել, բոլոր բնագավառներին նվիրված առանձին գրքեր է գրել, թեպետ երբեք Հայաստանում չէր եղել։ Հիմա նախապատրաստական աշխատանքների մեջ ենք. երբ մուլտֆիլմերն ավարտվեն, կկազմակերպենք շնորհանդես, եւ բոլորը կիմանան այդ մասին, կտեղադրվի յութուբում եւ բոլորին կլինի մատչելի, եւ, իհարկե, հասանելի կլինի մեր սփյուռքահայերի եւ օտարերկրացիների համար, քանի որ լինելու է նաեւ անգլերեն տարբերակը։ Սրանով մենք ոչ միայն մեր տուրքն են մատուցում մեծ հայագետին, այլ նաեւ բարձրացնելու ենք Հայաստանի ճանաչողության աստիճանը հետաքրքիր, դիտարժան անիմացիաներով»,-հավելում է մեր զրուցակիցը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի տարբեր պահոցներում սրբությամբ են պահվում ալիշանյան մասունքները՝ ձեռագրերը, Մխիթարյան շքեղ եւ ոսկեզօծ կազմերով նրա գործերը, այդ թվում նաեւ՝ ինքնագիր ընծայականներով:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ յոթանասունինը տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: Նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 9-ին, իսկ վերջին հրաժեշտը՝ հուլիսի 10-ին: Վլադիմիր Աբրահամյանը ծնվել է Կոտայքի մարզի Բջնի գյուղում 1941թ.: 1966-ին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետեւ՝ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:
Արվեստագետի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ թանգարաններում, տարբեր երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան) քաղաքացիների անհատական հավաքածուներում: Վլադիմիր Աբրահամյանը շուրջ 250 գեղարվեստական գրքերի ձեւավորման հեղինակ է։
ՉԻ ՎԱՃԱՌԻ
Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը որոշում է ընդունել թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի ապագայի վերաբերյալ: «Բարսելոնան» որոշել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չվաճառել 29-ամյա հարձակվողին եւ հնարավորություն տալ հաջորդ մրցաշրջանում դրսեւորել իրեն:
Եթե հաջորդ մրցաշրջանում եւս Գրիզմանը չկարողանա արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել, «Բարսելոնան» 2021 թվականի ամռանը տրանսֆերի կհանի ֆրանսիացի հարձակվողին: Անտուան Գրիզմանը Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը 130 միլիոն եվրոյի դիմաց: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրիզմանի ծառայություններով հեետաքրքրված են անգլիական «Նյուքասլը» եւ Փարիզի ՊՍԺ-ն:
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ
Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի անգլիացի կիսապաշտպան Ադամ Լալանայի մասին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից:
«Լալանան «Լիվերպուլի» առանցքային ֆուտբոլիստներից մեկն է: Նա իսկական պրոֆեսիոնալ է, որը դա ապացուցել է ինչպես մարզումների, այնպես էլ հանդիպումների ժամանակ: Լալանան տեղյակ է եղել, որ ակումբը նոր պայմանագիր չի առաջարկելու նրան: Նա դեռ այստեղ է, սակայն ես արդեն կարոտում եմ նրան: Լալանան, իրոք, արդեն իսկ «Լիվերպուլի» լեգենդներից մեկն է»,-ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Ադամ Լալանան «Լիվերպուլում» հանդես է գալիս 2014 թվականից: 32-ամյա ֆուտբոլիստն ակումբի կազմում մասնակցել է 178 հանդիպման՝ դառնալով 22 գոլի եւ 22 գոլային փոխանցման հեղինակ: