ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ԸՆԴՀԱՏԱԿԻՑ» Է ԳՈՐԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ գույքահարկի բարձրացման շուրջ հայաստանյան հասարակական-քաղաքական գործիչները ֆլեշմոբ են սկսել եւ քննադատության են ենթարկում իշխանությանը, տարօրինակ լռություն է պահպանում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ: Ընդհանուր հաշվով ընդհուպ մինչեւ 8 անգամ բարձրանալու է Հայաստանում բնակարանների եւ առանձնատների գույքահարկը: Ընդ որում` այդ բարձրացված գումարները ուղղվելու են համայնքային բյուջե: Այսինքն` Երեւանի հատկապես Կենտրոնի բնակիչների համար շեշտակի բարձրացված գույաքահարկի գումարները մտնելու են Երեւանի քաղաքապետարանի բյուջե: Ու քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ հայտնել են, որ այդ գումարը իրենց շատ է անհրաժեշտ:

Հետաքրքիր է` ինչ է մտածում այս օրինագծի ու դրա հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե, ի վերջո, ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, արդյոք այն փոխելու առաջարկությամբ հանդես կգա՝ հաշվի առնելով հատկապես երեւանցիների դժգոհությունները: Ի պատասխան մեր հարցմանը՝ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշել է. «Երեւան համայնքին վերաբերող օրինագծերի վերաբերյալ Երեւանի քաղաքապետի դիրքորոշումը, այդ թվում՝ առաջարկները եւ/կամ առարկությունները սովորաբար օրենսդիր մարմին են ներկայացվում օրենքի ընդունման փուլում՝ համաձայն սահմանված ընթացակարգի»: Ստացվում է՝ ընդունված օրենքը նախապես Երեւանի քաղաքապետի հետ համաձայնեցվել է, ու Մարությանը համաձայնել է լրացուցիչ սոցիալական բեռ դնել երեւանաբնակների ուսերին: Ուղղակի դա անում է ոչ թե իր դեմքով` երեւանցիների դեմ դուրս գալով, այլ իր ենթակաների ու ԱԺ պատգամավորների ձեռամբ:

 

 

 

Դեռեւս հունիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը կոչով դիմել էր քաղաքացիներին, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հայտարարությունից հետո ուժային կառույցում քաղաքացիների կողմից դիմումների տեղատարափ է: Խոսքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շուրջ տարածված հայտարարությանն է վերաբերում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարություններին: «Ազգային անվտանգության ծառայությունն ակնկալում է ստանալ նաեւ հանրության աջակցությունը ու հորդորում է ՀՀ քաղաքացիներին սույն դեպքի վերաբերյալ որեւէ տեղեկություններ տիրապետելու դեպքում անմիջապես իրազեկել վարույթն իրականացնող մարմնին», – նշել էր ԱԱԾ-ն: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հայտարարությունից հետո բոլոր մարզերից աննախադեպ մեծ թվով մարդիկ են գալիս եւ ցանկանում հաղորդում ներկայացնել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է՝ կարծես քաղաքացիները կազմակերպված են հաղորդում տալիս: Ընդ որում, մեր տեղեկություններով՝ այդ մարդիկ անգամ կոնկրետ անուններ են տալիս, եւ հենց դա է պատճառը, որ օրեր առաջ կալանավորվել էր «Ծառուկյան» խմբակցության նախկին  պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Սակայն  գործընթացն այսքանով չի սահմանափակվելու, եւ քաղաքացիների հաղորդումների հիման վրա կարող են նոր բացահայտումներ եւ կալանավորվածներ լինել: Սակայն նկատենք, որ կաշառք տալու եւ վերցնելու հանցակազմերը հավասար են, եւ պետք է պատժվեն ինչպես ենթադրյալ  կաշառք տվողները, այս դեպքում՝ ԲՀԿ-ականները, այնպես էլ այն վերցնողները, այս դեպքում՝ քաղաքացիները:

 

 

Ազգային ժողովը հուլիսի 8-ին առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը: Ըստ օրինագծի՝ ընդերքօգտագործման թույլտվություն կտրվի այն արդյունահանողին, որը կներկայացնի պաշարների ուսումնասիրության թարմ տվյալներ: Բացի այդ, նոր փոփոխության համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը կտրվի ոչ թե 50 տարով, ինչպես գործող օրենքով է, այլ 25 տարով: Եվ, ահա, երեկ՝ հուլիսի 9-ին, պետք է տեղի ունենար օրենքի երկրորդ ընթերցումը, սակայն երեկ՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որոշում կայացվեց հետաձգել հարցի քննարկումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով մասնագետների մտահոգությունները: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում շան գլուխն այլ տեղ է թաղված, եւ պատճառներից մեկը նաեւ նախագծի հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի միջեւ անհամաձայնությունն է եղել: Մեր տեղեկություններով՝  պատգամավորը դժգոհել է, որ այս օրենքի մշակման եւ ներկայացման ժամանակ հենց նա չի եղել գլխավոր դերում, եւ ավելին՝ նրա առաջարկներն անգամ չեն ընդունվել:  Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ի դեպ, Գալստյանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ընկերուհին է:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 5.1 տոկոսով նվազել են: Նույն պատկերն է նաեւ խոզի եւ ոչխարի մսի դեպքում. այս տարվա հունվար-մայիսին խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 4.8 տոկոսով, իսկ ոչխարինը՝ 4.7 տոկոսով: Փոխարենը՝ ավելացել են թռչնամսի արտադրության ծավալները 11.5 տոկոսով: Ստացվում է, որ կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը եւս չեն փրկում ոլորտը, հակառակը՝ մսամթերքի արտադրության ծավալները նվազում են: Միաժամանակ նշենք, որ անկում արձանագրվել է նաեւ երշիկեղենի արտադրության ոլորտում 10.1 տոկոսի չափով:   Միեւնույն ժամանակ նկատենք, որ Հայաստանում ավելացել է գլխաքանակը: Եվ եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256: Սակայն, մյուս կողմից, պակասել են տավարի, խոզի եւ ոչխարի մսի արտադրության ծավալները:

 




Լրահոս