ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամներ հանդիպել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: ՀՀ նախագահը կարեւորել էր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում անցկացնելը՝ ասելով՝ չպետք է  լինի այնպես, որ հիմնական օրենքը գրվի, գա հասնի Ազգային ժողով, հետո նոր մտածեն հանրային քննարկում անցկացնելու մասին: Այսպիսով, ի՞նչ փոփոխություններ կլինեն հանդիպումից հետո: ArmLur.am-ը այս հարցերի պատասխանները փորձել է ստանալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանից: Վերջինս նշեց, թե հանձնաժողովն աշխատում է ինտենսիվ կերպով, չնայած անձամբ Իոաննիսյանը կցանկանար մի փոքր ավելի արագ գործել: Իոաննիսյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ հնարավոր փոփոխություններ կարող են լինել Սահմանադրության մեջ: Առաջին հերթին խոսքը կայուն մեծամասնության դրույթի վերացման մասին է. այս մասով մասնագիտական հանձնաժողովը վերջնական եզրակացության է եկել: Վերջնական եզրակացություն է առկա նաեւ կառավարման մոդելի փոփոխության մասով. հանձնաժողովը հստակ որոշել է, որ երկիրը պետք է կառավարվի խորհրդարանական մոդելով: Անձամբ Դանիել Իոաննիսյանը պատրաստվում է առաջարկել, որպեսզի իջնի ընտրողների շեմը: Նրա խոսքով՝ կան երկրներ, որտեղ ընտրության են մասնակցում անգամ 16 տարեկանից: Անձամբ ինքը պատրաստվում է առաջարկել շեմի իջեցում  գոնե մինչեւ 17 տարեկան:

 

-Անդրադառնանք նախագահ Արմեն Սարգսյանի հետ մասնագիտական հանձնաժողովի անդամների հանդիպմանը: Ի՞նչ փոխեց հանդիպումը: Հնարավո՞ր է՝ հանձնաժողովի աշխատանքում կամ տեսլականում որեւէ փոփոխություն լինի:

-Ըստ էության, մենք ունեցանք բավականին հետաքրքիր  քննարկում, այդ թվում նաեւ բովանդակային առումով, նաեւ կոնցեպտուալ առումով, փոխանակեցինք մեր պատկերացումները մի շարք հարցերի վերաբերյալ: Եվ, ըստ էության, օրինակ իմ մոտ որոշ գաղափարներ ծագեցին քննարկման արդյունքում: Հուսով եմ, որ այս քննարկումը, ինչպս բաղմաթիվ այլ քննարկումներ, որոնք առաջիկայում կլինեն՝ հանրային, բաց, փակ, տարբեր տեսակի քննարկումներ ունենալու ենք,  մեզ կօգնեն որ մենք առավելագույնս լավ հակեցակարգ, իսկապես լավ նախագիծ կազմենք Սահմանադրության:

-Արդյոք այդ հանդիպումից հետո արդեն հասցրե՞լ եք հանձնաժողովի անդամներով քննարկում ունենալ. նշեցիք, որ Ձեզ մոտ գաղափարներ կան: Արմեն Սարգսյանը խոսեց նաեւ հենց Սահմանադրական դատարանի անդամների նշանակման կամ ընտրության մասին: Արդյոք հանձնաժողովում դա քնարկման առարկա կդառնա՞:

-Ես չգիտեմ, նախ՝ մի գաղտնիք բացեմ. մեր հանձնաժողովը նաեւ քննարկում է սահմանադրական արդարադատության իրականացման հարցը: Ըստ այդմ՝ նաեւ քննարկվում է՝ դատական իշխանությունում պետք է առանձին ատյան՝ սահմանադրական արդարադատություն իրականացնող սահմանադրական դատարան: Եթե մենք գնանք այն երկրների մոդելով, որոնք մեծամասնություն են, նրանք սահմանադրական ատյան չունեն, եւ դատական համակարգի վրա է:

-Խոսքը Գերագույն դատարանի մասի՞ն է:

-Դրա մոդելում վճռաբեկ եւ սահմանադրական ատյանները միավորվում են իրար, եւ ստեղծվում է Գերագույն դատարան: Եվ, ըստ էության, գոնե իմ գնահատմամբ՝ այնպես արդարադատութան էֆեկտիվությունն է բարձրանում, արդարադատության հասանելիությունն է բարձրանում: Եվ մարդիկ շատ ավելի արագ կկարողանան հասնել արդարադատության, քան ներկայիս մոդելում: Բայց դեռեւս հանձնաժողովը վերջնական որոշում չունի: Երբ վերջնական որոշենք՝ այս կողմ ենք գնում, թե այն կողմ ենք գնում, դրանից հետո արդեն կքննակենք՝ եթե Գերագույն դատարան է ստեղծվում, ապա այդ Գերագույն դատարանը ինչ կազմվածք է ունենում, ինչ պալատներ է ունենում, եթե դա Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարաններին առանձին, ապա կորոշենք, թե այդ ատյաններն ինչպես են որոշվում, Սահմանադրական դատարանի ձեւավորման մոդելը փոխում ենք, չենք փոխում: Սրանք հարցեր են, որոնց  դեռեւս չենք անդրադարձել, քանի որ հիմնական հարցը դեռ չենք որոշել:

-Ամեն դեպքում, մինչեւ դեկտեմբեր պետք է նախագիծ ներկայացնեք: Ժամկետների մեջ կհասցնե՞ք:

-Մենք մինչեւ հոկտեմբեր պետք է ներկայացնենք նախնական հայեցակարգ, որը այնուհետ նաեւ քննարկումների ու նաեւ հանրային քննարկումների արդյունքում կհղկվի, եւ մինչեւ տարվա վերջ կունենանք վերջնական հայեցակարգը: Բայց մենք արդեն շուտով պլանավորում ենք հանրային քննարկումները:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԱՎԱՐՏԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ

Խորհրդարանը շարունակել է ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ նախորդ օրը գումարված արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, համառոտ ներկայացնելով նախագիծը, տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առարկություններ եւ առաջարկություններ չեն ներկայացվել:

 

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովի նիստում: Նա նշել է, որ փաթեթն ամբողջովին պատրաստ է կիրարկման: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցումով խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Ըստ հիմնական զեկուցողի` նախագծերի փաթեթը քննարկվել է հանձնաժողովում, եւ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական եւ հարակից զեկուցողներ Վլադիմիր Վարդանյանի ու Արուսյակ Ջուլհակյանի տեղեկացմամբ` օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն. նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծով սահմանվում է լրացուցիչ հնարավորություն` արտահերթ կարգով մրցույթ անցկացնելու եւ դատախազության հաստիքները համալրելու նպատակով: Նա եւս կոչ է արել կողմ քվեարկել: Խորհրդարանը երկրորդ ընթերցումով քննարկել է նաեւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նշվել է, որ փոփոխություններ չեն կատարվել:Ազգային ժողովը քվեարկություններով ընդունել է երկրորդ ընթերցումով քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները: Սպառելով արտահերթ նստաշրջանի օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է աշխատանքը:

 

 

ԾԱՆՐ ՎԻՃԱԿ

Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ակցիաներին զուգահեռ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում է ծանր վիճակ ստեղծվել: Այս ոլորտում արտադրության ծավալների տարեսկզբից սկսած նվազման միտումը շարունակվում է: Պատճառը կորոնավիրուսն է եւ դրա հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը: Նշենք, որ վերջին ամիսներին մեր հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները փակ են եղել, իսկ վերջիններս, ինչպես հայտնի է, օղու, կոնյակի, գինու եւ գարեջրի հիմնական սպառողներն են: Չի բացառվում, որ առաջիկայում բողոքի մեծ ալիք բարձրացնեն նաեւ ալկոհոլային խմիչքների արտադրողները, որոնք վերջին ամիսներին լուրջ խնդրի առաջ են կանգնել եւ ֆինանսական կորուստներ են ունենում: Մեկ տարվա ընթացքում ալկոհոլային խմիչքի արտադրող ընկերությունները զգալի նվազեցրել են ծավալները: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ օղու արտադրության ծավալները հունվար-մայիսին 28 տոկոսով նվազել են, գինին՝ 28.3 տոկոսով: Իսկ, ահա, գարեջրի արտադրության ծավալները այս տարվա հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, նվազել է 16.1 տոկոսով: Անկում արձանագրվել է անգամ հանքային ջրերի ոլորտում 2.4 տոկոսով:

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՄԵՐԺԵՑ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, երեկ մերժեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանի՝ Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը, 2018թ. հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։

 

ԱԶԱՏՎԵՑ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը երեկ որոշում է կայացրել, որով Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր ընտրակաշառք տալու համար, որով մեղադրանք էր առաջադրվել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

 




Լրահոս