ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը հուլիսի 8-ին առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը: Ըստ օրինագծի՝ ընդերքօգտագործման թույլտվություն կտրվի այն արդյունահանողին, որը կներկայացնի պաշարների ուսումնասիրության թարմ տվյալներ: Բացի այդ, նոր փոփոխության համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը կտրվի ոչ թե հիսուն տարով, ինչպես գործող օրենքով է, այլ 25 տարով: Եվ, ահա, երեկ՝ հուլիսի 9-ին, պետք է տեղի ունենար օրենքի երկրորդ ընթերցումը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագծի հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի միջեւ անհամաձայնություն է եղել: Մեր տեղեկություններով՝ պատգամավորը դժգոհել է, որ այս օրենքի մշակման եւ ներկայացման ժամանակ հենց նա չի եղել գլխավոր դերում, եւ ավելին՝ նրա առաջարկներն անգամ չեն ընդունվել:

 

Սակայն քննարկումը բավական հետաքրքիր էր անցել:  «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը նկատեց՝ բավականին ծավալուն եւ կարեւոր օրինագիծ է, որը կարիք ունի մասնագիտական խորը քննարկման, ոլորտի ներկայացուցիչների կարծիքները եւս պետք է լսել, մինչդեռ կառավարությունն այն բերել է հրատապ ռեժիմով: Շուշանյանը պատասխանեց, որ մինչեւ երկրորդ ընթերցումը պատրաստ են նկատողությունները լսել: «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը համաձայնեց Արկադի Խաչատրյանի հետ. «Լավ կլիներ, որ մինչեւ առաջին ընթերցումն ավելի համապարփակ քննարկում անեինք, բայց մինչեւ երկրորդ ընթերցում կփորձենք բացը լրացնել: Եթե կան դրույթներ, որոնք բխում են տնտեսվարողների շահերից, կխնդրեմ ներկայացնել: Կդիտարկենք նաեւ խնդիրներ առաջացնող դրույթների հետաձգման հարցը»:

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց. «Եթե տեսչական մարմինը որոշում է, որ հանքը պետք է փակվի, իսկ տնտեսվարողը դիմում է դատարան եւ դատը շահում, այդ ժամանակահատվածում տնտեսվարողի կրած վնասի հետ ի՞նչ է տեղի ունենում»: Շուշանյանը պարզաբանեց. «Տեսչական մարմնի որոշմամբ հանքի գործունեությունը չի կարող դադարեցվել: Տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կարող են խախտումներ արձանագրվել, հանձնարարական ակտ կարող է կայացվել: Սա կարգավորված է այս օրինագծով: Եթե դադարեցվում է, հնարավոր է, որ դատարանը հետագայում վերականգնի տնտեսվարողի իրավունքը: Ընդունում ենք ռիսկը եւ հասկանում, որ տեսչական մարմնի խնդիրն է զգուշավոր մոտենալ նման որոշումներին: Մի գործիք է նախատեսված այս դեպքում, որ այդ ընթացքում այլ տնտեսվարողի չի կարող տրամադրվել միեւնույն հանքը շահագործելու հնարավորություն»: Այլ հարցերին ի պատասխան՝ փոխնախարարը շեշտեց՝ օրինագիծը ռազմավարական մոտեցում է ցուցաբերում. «Հանքավայրերը չպետք է մասնատվեն, քաղաքական տեսանկյունից բխած մանր-մանր լիցենզիաներ չպետք է տրամադրվեն: Սա ռազմավարական կառավարում է, որը ենթադրում է գրագետ ընդերքօգտագործում եւ ընդունված է աշխարհում»:

Հավելենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության, սակայն ընդդիմադիր ԼՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը, եւ նախագծի վերաբերյալ դիրքորոշումը խմբակցության պատգամավորները կհայտնեն գլխադասային հանձնաժողովի նիստից հետո: Նախագիծն ընդունվեց 73 կողմ ձայնով: Եվ, ահա, երեկ նախագծի երկրորդ ընթերցումը տեղի չունեցավ՝ պատգամավորի եւ փոխնախարարի հարաբերություններից ելնելով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՉԵՂՅԱԼ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ

Մոսկվայի փողոցներում դիմակների պարտադիր կրման ռեժիմը չեղյալ կհայտարարվի հուլիսի 13-ից, բայց սոցիալական հեռավորության պահանջը դեռեւս մնում է ուժի մեջ. հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Ըստ նրա՝ շարունակելու է անհրաժեշտ լինել դիմակներ եւ ձեռնոցներ օգտագործել հասարակական տրանսպորտում, բժշկական հաստատություններում, խանութներում եւ հանրային այլ վայրերում:

 

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔԱՆԻՆԵՐՈՎ

ՊԵԿ-ի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության փոխկապակցված դեպքեր: Աբովյան քաղաքում բնակվող 2 երիտասարդ մի խումբ քաղաքացիների անվամբ փոստային առաքանիներով արտերկրից ստանում են թմրամիջոցներ: Պարզվել են թմրամիջոցի պարունակությամբ առաքանու իրական հասցեատերերը: Նրանց հրահանգով տաքսու վարորդը առաքանիների ներմուծում իրականացնող ընկերության գրասենյակից թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստացել եւ տեղափոխել էր Աբովյան քաղաք. հարուցվել է քրեական գործ:

 

 

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած փաթեթով առաջարկվում է լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ շատ են դեպքերը, երբ մայթեզրերի վրա կազմակերպվում է տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը, եւ կան վայրեր, որտեղ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի շուկայի: Օրինագծով առաջարկում է այդ «շուկաները» տեղափոխել մեկ այլ վայր, որը նախատեսված կլինի համայնքի կամ տնտեսվարող սուբյեկտների կողմից, կլինի օրինագծի չափանիշներին համապատասխան, որտեղ անհատները կամ սուբյեկտներն առավել բարենպաստ պայմաններում կկարողանան կազմակերպել իրենց մեքենաների վաճառքը կամ վարձույթը:

 

 

ԶՐԿՎԵՑ

ՀՀ ֆինանսների նախարարությունը նիստի արդյունքում ուժը կորցրած է ճանաչել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան։ Նկատենք, որ հենց այս ՍՊԸ-ն է շահագործում «Շանգրի լա» խաղատունը։ Որպես հիմնավորում՝ նշվում է այն, որ խաղատունը չի վճարել ս.թ. երրորդ եռամսյակի համար սահմանված պետական տուրքը։

 

 

ՆՈՐՄԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Armlur.am-ը հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՍԴ նախկին անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի ու Ֆելիքս Թոխյանի եւ ՍԴ նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանի՝ Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը։ ArmLur.am-ը փորձել է ՍԴ արդեն նախկին անդամ Ֆելիքս Թոխյանից պարզել, թե ինչ քայլեր են անելու սրանից հետո: Նախ նշենք, որ Թոխյանը չէր ցանկանում այս պահին մեկնաբանություն տալ, սակայն ամեն դեպքում ընդգծեց, որ մերժվել է միայն միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը: «Նրանք մերժել են միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ հայցը, իսկ իրավունքների խախտման մեր դիմումն ընդունել են»,-նշեց նա:

Թոխյանը նշեց, թե որեւէ քայլի չեն պատրաստվում դիմել, եւ սա նորմալ իրավական գործընթաց է գնահատում:

 

ԿԲԱՐԵԼԱՎՎԻ

Կբարելավվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը: Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ միանվագ դրամական աջակցության եւ երեխայի ծննդյան աջակցության ծրագրից կարող են օգտվել նաեւ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները։

Այս դեպքում աջակցության չափը սահմանվում է փաստացի ստացած հիփոթեքային վարկի (եթե վարկը տրամադրվում է փուլային՝ հերթական փուլի) 10 տոկոսը, որին ավելանում է 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս։ Պահպանվում են պետական աջակցության գումարի առավելագույն չափերը՝ 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար 500000 դրամ, միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը (ներառյալ 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար սահմանված հավելումը)՝ 2 մլն դրամ, իսկ մինչեւ 30 տարեկան շահառուի դեպքում՝ 2.6 մլն դրամ։ Գործադիրը հաստատել է նաեւ ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձեւը:




Լրահոս