Ի՞ՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴՈՒՍՏՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է,  օրերս դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը (ԱԱԾ) եւ երկու ամսով կալանավորել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին։

 

Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաեւ Գագիկ Ծառուկյանն է անցնում։

64-ամյա Վանիկ Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ։

ArmLur.am-ը զրուցել էր նրա փաստաբան Էմին Բեգլարյանի հետ, որը նշել էր.«Ասատրյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում. խոսքը վերաբերում է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, որի ընթացքում վերջինս Լոռու մարզից ընտրվել էր որպես Ազգային ժողովի պատգամավոր:

Փաստաբանից հետաքրքրվել ենք՝ կա արդյոք կոնկրետ անձ, որը ցուցմունք է տվել Վանիկ Ասատրյանի դեմ: «Զուտ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ ես չեմ կարող ամբողջ ծավալով ինձ հասու տեղեկությունը բացահայտել, սակայն ընդամենը կասեմ, որ առաջադրված մեղադրանքի եւ մեզ ներկայացված նյութերի համաձայն՝ կա, ով ցուցմունք է տվել, սակայն մենք անմիջապես միջնորդել ենք, որ առերես հարցաքննություն իրականացվի, մեզ հրավիրել են հարցաքննության շաբաթ օրը, 5-6 ժամ սպասել ենք, սակայն այն այդպես էլ տեղի չի  ունեցել: Սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ այն անձը, որը ցուցմունք է տվել Վանիկ Ասատրյանի դեմ, արդեն իսկ առկա հակասությունն է վերացել, եւ հիմքերը վերացել են, քանի որ հակասություն չկա: Դա զուտ մեր ենթադրությունն է», – հավելեց նա:

Նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի փաստաբան Էմին Գալստյանը հայտնեց, որ վերջինիս տանը դեռեւս հունիսի 26-ին խուզարկություն էր կատարվել, բայց կոպիտ խախտմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց  Վանիկ Աստարյանի դստեր՝ Օֆելյա Ասատրյանի հետ, որն իր հայրիկի կալանավորումից մանրամասներ հայտնեց. «Այնպես չէ, որ իրեն եկան ու միանգամից կալանավորեցին, նման բան չի եղել, խուզարկության թույլտվությամբ եկել են իմ հայրիկի տուն, իսկ   խուզարկության փաստաթղթի մեջ տան հասցեն սխալ է եղել, այդ իսկ պատճառով խուզարկությունը ապօրինի է եղել: Այսինքն՝ թղթի վրա մայրիկիս ցույց են տվել հասցեն, մայրս ասել է, որ սա մեր հասցեն չէ, բայց դա չի խանգարել, իրենք չեն լսել մորս հորդորները, որ իրենք մտել են տուն  եւ  իրականացրել են խուզարկություն: Այդ ժամանակ հայրս գտնվում եր Երեւանում՝ իմ տանը, քանի որ  առողջական խնդիրներ ուներ եւ համապատասխան բուժում էր ստանում: Այդ խուզարկության ժամանակ հայրս եղել է  հիվանդանոցում  եւ հիվանդանոցում է իմացել, որ մտել են տուն՝ խուզարկության»:

Ըստ մեր զրուցակցի՝ այդ դեպքից հետո իրենք չեն անհանգստացել  կամ աղմուկ չեն բարձրացրել. «Մենք շատ վստահ էինք, որ նա նման բան չէր արել:  Այդ օրը, երբ պետք է  դատարանը  հայրիկիս որոշումը հրապարակեր, հայրս առավոտյան երեխայիս տարավ մանկապարտեզ՝ խոստանալով, որ կվերադառնա ու որդուս  մանկապարտեզից հետ կբերի, բայց այդպես էլ չեկավ, ես անգամ հայրիկիս  հրաժեշտ չտվեցի, քանի որ վստահ էի, որ նա հետ է վերադառնալու»:

Օֆելա Ասատրյանի  խոսքով՝ գործով որոշակի հանգամանքներ այնպես չեն. «Հայրս իր դեմ ցուցմունք տված  անձի հետ առերեսում է  ուզել, հաջորդ օրը առավոտյան կանչել են հայրիկիս  առերեսման, բայց առերեսում այդպես էլ տեղի չի ունեցել, հայրս ու  փաստաբանները դրսում տեսել են հորս դեմ ցուցմունք տված անձին, թե նա ինչպես է դուրս գալիս այդ տարածքից, բայց առերեսման այդպես էլ տեղի չի ունեցել»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀՐԱՑԱՆՈՎ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է

Նախօրեին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով 30-ամյա տղամարդուն բերման ենթարկելու նպատակով Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի ժամանակ վերջինս դիմադրել է ոստիկաններին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, իր մոտ գտնվող հրացանով սպառնացել է՝ պահանջելով չմոտենալ, սակայն ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են նրան եւ նշված ավտոմեքենայի վարորդի ու ավտոմեքենայի հետ միասին բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին: 30-ամյա քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,45 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված, իսկ ավտոմեքենայի սրահում՝ «Ֆ-1» նռնակին նմանվող առարկա եւ պայթուցիչ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տղամարդը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու կասկածանքով:

 

 

ԱՆԿԱԽ Է

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի գնահատմամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի բազմաթիվ դատական որոշումներ ապացույցն են նրա, որ դատական համակարգն այսօր անկախ է: Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն  մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Կարգապահական վարույթի հարուցումից հետո իրավաբանական համայնքը ֆլեշմոբ էր սկսել սոցիալական ցանցերում` իր աջակցությունը հայտնելով Ազարյանին:  Նշենք, որ Մխիթար Պապոյանը այն դատավորն է, որը երեկ բեկանեց Գագիկ Ծառուկյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը` այն ուղարկելով նոր քննության:

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՆ

Երեկ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին։ Ոստիկանության պետը ներկայացրել է նաեւ ոստիկանության շտաբի նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանին։ Քննարկվել է հանրապետության օպերատիվ իրավիճակը։

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՉԻ ՀՐԱՎԻՐՎԵԼ

2020թ. մարտի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել եւ հայտնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Սակայն նրա փաստաբան Հրանտ Անանյանը հայտնում է, որ Գագիկ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը, նա գտնվում է արտասահմանում բուժման մեջ 2019թ. սեպտեմբեր ամսից եւ տեսականորեն անգամ չէր կարող ԱԱԾ քննչական դեպարտամենտի հրավիրվելով գալ Հայաստան՝ որպես մեղադրյալ հարցաքննության, մեկ օր առաջ ընտանիքի անդամին հանձնված ծանուցագրով: Այս մասին ահազանգում է Գագիկ Բեգլարյանի պաշտպանը՝ Հրանտ Անանյանը։

Նա ArmLur.am-ին մանրամասներ է հայտնել ստեղծված իրավիճակից.«Նշված գործով քննչական մարմինը նախկինում որեւէ անգամ որեւէ կարգավիճակով նրան հարցաքննության չի հրավիրել, թեեւ, ըստ մեզ հասած նյութերի, սույն գործը քննել է 2019թ. մայիս ամսից: Քննչական մարմինը առանց հիմքերի անտեսել է պաշտպանի նախօրոք ներկայացված գրությունը՝ նրա չներկայանալու պատճառների վերաբերյալ, ուստի նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը չի կարող լինել օրինական, այն բողոքարկվելու է օրենքով սահմանված կարգով իմ կողմից:

Որպես մեղադրյալ ներգրավելու որոշման կապակցությամբ պետք է նշեմ, որ մեղադրանքը անհիմն է, դրանում նշված է, իբր, 23.12.2008 թվականին Կենտրոն համայնքի ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամներից 8-րդը՝ Դավիթ Դավթյանը, չի մասնակցել, իբր, բացակայել է Հայաստանից, սակայն պաշտպանության կողմը հենց կալանավորման միջնորդության քննարկման միջանկյալ հատվածում ձեռք է բերել եւ ներկայացրել է անհերքելի փաստեր ու ապացույցներ, որ տվյալ ավագանու անդամը գտնվել է Հայաստանում, տվյալ անձի սահմանահատումների վերաբերյալ տեղեկանքում առկա է առնվազն խոտան, դրանում նշված սերիա եւ համարով անձնագիր նա անգամ չի ունեցել, 2011 թվականը օգտագործված անձնագիրը ներկայումս առկա է, եւ դրանում առկա գրառումների համաձայն՝ տվյալ անձը գտնվել է Հայաստանում: Եվ, ահա, երեկ մեզ հետ զրույցում Հրանտ Անանյանը նշեց, որ այս գործով միջնորդություն են ներկայացրել դատախազություն:

 




Լրահոս