ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում լրացում կատարվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս փոփոխությամբ արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ կստեղծվի:

 

Նախագծի ընդունմամբ առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորությունները (բացառությամբ Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով եւ լիազորությունների շրջանակով:

Ընդ որում, նախագծով նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Բացի այդ, նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին:

Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով համապատասխան դրույթներ են նախատեսվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելու համար: Սույն իրավախախտման սուբյեկտ հանդես են գալիս միայն բուժաշխատողները, հետեւաբար այն վերաբերելի չէ ո՛չ պացիենտներին, ո՛չ վերջիններիս խնամող անձանց կամ այցելուներին: Սույն իրավախախտումը վերաբերում է թե՛ ռազմական եւ թե՛ արտակարգ դրության ժամանակ համապատասխան հրամանները կամ հանձնարարականները չկատարելուն: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված է. «Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների առողջապահության բնագավառի կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` անկախ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների սեփականության ձեւից՝ բացառությամբ Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների»:

Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական անձինք եւ պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել ռազմական դրություն հայտարարված տարածքում ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի պահանջները, ինչպես նաեւ մասնակցել եւ աջակցել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Ինչ վերաբերում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ապա վերջինս պատասխանատվություն է սահմանում նախագծով սահմանված պարտավորությունների չկատարման համար` տուգանքի ձեւով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով:

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի եւ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Ն.Հ.

 

 

ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ՝ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին։

 

Հարցը զեկուցող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորություններն անցնում են ՀՀ առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնին՝ բացառությամբ ՊՆ զինվորական հոսպիտալների։

Արձագանքելով նախարարին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ նախաձեռնության նպատակը պարզ է, բայց այն կարող է վտանգավոր հետեւանքներ առաջացնել: Կապված գույքային ու ֆինանսական կառավարման հետ՝ հիվանդանոցների սեփականատերերը կարող են հետագայում փոխհատուցման պահանջներ ներկայացնել կառավարությանը: «Եվ մենք կունենանք պոտենցիալ ծախսակույտ ու ստիպված կլինենք համակարգի մասնավոր կառույցներին հատուցել»,- ասել է փոխվարչապետը: Ա. Թորոսյանը հայտնել է, որ նման դեպքերում պետությունը պարտավոր է հատուցել ֆինանսական վնասները, եւ այդ հարցը կարգավորված է այլ իրավական ակտով։

«Այո՛, ծախսերը կհատուցենք, բնականաբար, բայց պոտենցիալ չստացված շահույթի վեճ է առաջանալու, լավ կլինի՝ այսօրվանից պայմանավորվենք, դա ավելի հստակ մեխանիզմ կլինի, քան ապագայում այդ հարցը դառնա քննարկման առարկա։ Կվիճարկվի անպայման չստացված եկամտի հարցը»։ Արձագանքելով Գրիգորյանին՝ Թորոսյանն ասել է. «Ես սկզբունքային տարաձայնություն ունեմ Ձեր առաջարկի հետ։ Ես չեմ կարծում, որ մենք չստացված եկամուտը պետք է փոխհատուցենք։ Նույն տրամաբանությամբ ռազմական կամ այլ արտակարգ դրության ժամանակ բազմաթիվ ռեսուրսներ են ներգրավվում, այդ թվում՝ մասնավոր, ֆիզիկական անձանցից։ Դա, կարծես թե, նրանց պարտականությունն է՝ այս երկրում ապրելով, տնտեսվարելով, արարելով, ստեղծագործելով՝ ներդրում ունենալ այդ երկրի տարբեր խնդիրների լուծմանը»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ պնդել է, որ եթե անշահ փոխհատուցում է, այդ դեպքում ճիշտ կլինի օրենքով դա գրել, որ հետագայում օրակարգում չհայտնվի վնասի հատուցման հարցը։

 

 

 

ՀՆԱՄԵՆԻ ՎԱՆՔԵՐՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ՔԱՆԴՎՈՒՄ ԵՆ

Հարուստ պատմություն, պատմաճարտարապետական նշանավոր  հուշարձաններ, գեղեցիկ բնություն  ունեցող  Հայաստանի զարգացման հեռանկարային  ուղղղություններից է զբոսաշրջությունը։

Տավուշի մարզը հարուստ է  պատմական  հուշարձաններով, սակայն դրանց մի մասը գտնվում է անտառների մեջ՝ հիմնական ճանապարհներից հեռու։ Հայ առաքելական եկեղեցին առնչություն չունի հնամենի այդ եկեղեցիների եւ վանքերի հետ, դրանք գտնվում են պետության պահպանության ներքո։ Թեեւ հռչակված է, որ դրան պահպանվում են պետության կողմից, սակայն Հայաստանի անկախացումից հետո այդ եկեղեցիների եւ վանքերի հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել։ Օրերս պատմական միջավայրի Տավուշի մարզային ծառայության 3-րդ գոտու պահապան, Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ գյուղի  բնակիչ Հովիկ Ալավերդյանը շրջայց է կատարել Իջեւանի տարածաշրջանի Կիրանց համայնքի տարածում գտնվող Կիրանց վանական համալիր, որի ընթացքում նա վանական համալիրի տարածքը մաքրել է աղբից, խոտածածկից։ Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Արկադի Դովլաթբեկյանն այդ ծառայության 5 պահապանների  հետ օրերս այցելել է Իջեւան քաղաքից մոտ 2 կմ հեռավորությամբ գտնվող 13-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցի, որը կիսավեր վիճակում է։ Ծառայության աշխատակիցները կատարել են եկեղեցու շրջակայքի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ։ Մոտ մեկ շաբաթ առաջ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերրձ Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանի ղեկավարությամբ, համայնքի ներդրումով եւ համագյուղացիների աջակցությամբ նորոգվել է գյուղի անտառում գտնվող, 12-13-րդ դարերի Սրվեղի վանք տանող ճանապարհը, իսկ վանքը կարիք ունի հիմնանորոգման։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ նախատեսվում է առաջիկայում նորոգել  Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղից 3 կմ հեռավորությամբ  գտնվող, 12-13-րդ դարերի Մշկավանք վանական համալիր տանող հողե ճանապարհը։ Կիրանց եւ Աճարկուտ գյուղերի անտառներում գտնվող վանքերի վիճակը վատթար է։ 13-րդ դարի կառույց Կիրանցի վանական համալիրի բոլոր կառույցներն աղյուսաշեն են եւ այդ առումով հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից են: Կիրանցի վանքը կանգուն է, սակայն վանքի լանջերին բուսնած ծառեր կան, որոնք քայքայում են պատերը: Առաքելոց վանքը Հայ առաքելական եկեղեցու հին կոթող է, գտնվում է Կիրանց գյուղից 3 կմ արեւմուտք՝ անտառապատ լեռների լանջերին: Սամսոնի վանքը կառուցված է Խնձորկուտ կոչվող անտառապատ սարահարթի վրա 12-13-րդ դարերում: Այն գտնվում է ավերված վիճակում: Ավերված վիճակում է նաեւ 12-13-րդ դարերի Դեղձնուտի վանքը, որը միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս