Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) հետեւանքների չեզոքացման 14-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է բանավոր եւ գրավոր բողոքներ, ինչպես նաեւ իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական մեդիայի մշտադիտարկում: Նշված միջոցառումն, ըստ էության, ուղղված է ՀՀ բարձրագույն եւ հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ՀՀ քաղաքացի ուսանողներին աջակցելուն:
Միջոցառման վերաբերյալ կառավարության որոշումն ընդունվել է 2020թ. ապրիլի 23-ին: Միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն տրամադրվում է՝
ուսման վարձի լրիվ կամ մի մասի փոխհատուցման ձեւով (100% կամ 75%-ի չափով)՝ որոշակի վերապահումներով,
ուսանողական վարկերի կամ դրանց մարման ձեւով:
Ընդ որում, ուսման վարձի փոխհատուցումից կարող են օգտվել կառավարության հաստատած ցանկում ընդգրկված 21 բուհի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։
Ուսման վարձի փոխհատուցումից չեն կարող օգտվել կառավարության հաստատած ցանկում չընդգրկված բուհերի ուսանողները, պետական ու պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները: Ուսման վարձի փոխհատուցումից չօգտվող մնացած ուսանողներին աջակցություն տրամադրվում է ուսանողական վարկերի տեսքով։ Հակաճգնաժամային տնտեսական 14-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությամբ վեր հանված խնդիրները հիմնականում հետեւյալն են՝
բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին չի տրամադրվում ուսման վարձի փոխհատուցում՝ կապված բարձրագույն ուսումնական հաստատությունների տարբերակման հետ,
կառավարության սահմանած բուհերի ցանկում ընդգրկված ուսումնական հաստատություններում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին չի տրամադրվում ուսման վարձի փոխհատուցում հեռակա ուսուցման համակարգում սովորելու պատաճառաբանությամբ,
ուսանողի կամ նրա ընտանիքի անդամների վարկային վատ պատմություն ունենալու պատճառով անհնարին է դառնում ուսանողական վարկերից օգտվելը:
Գործերից մեկով Եվրոպական համալսարանի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքով տեղեկացրել է, որ ունի բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը կազմում է 91%): Ուսանողն իր դժգոհությունն է հայտնել Պաշտպանին, որ չի կարող օգտվել ուսման վարձի փոխհատուցումից այն պատճառով, որ ուսումնական հաստատությունն ընդգրկված չէ կառավարության սահմանած բուհերի ցանկում: Մեկ այլ դեպքում քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ տեղեկացրել, որ սովորում է Երեւանի պետական համալսարանի (ուսումնական հաստատությունն ընդգրկված է որոշմամբ հաստատված ցանկում) հեռակա ուսուցման համակարգում, ունի բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը 90%-ից ավելի է), սակայն հեռակա ուսուցման համակարգում սովորելու պատճառով չի կարող օգտվել ուսման վարձի փոխհատուցումից։
Մարդու իրավունքների պաշտպանին ուսանողներից հասցեագրվել են բողոքներ նաեւ այն մասին, որ ընտանիքի վարկային վատ պատմություն ունենալու պատճառով (անհուսալի վարկառու) բանկերն իրենց չեն տրամադրել ուսանողական վարկեր, արդյունքում չեն կարողացել օգտվել 14-րդ միջոցառումից առհասարակ:
Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի հեռակա ուսուցման համակարգում սովորող 5-րդ կուրսի ուսանող եւ նշել, որ բացի այն, որ չի կարող օգտվել 14-րդ միջոցառմամբ նախատեսված ուսման վարձի փոխհատուցման ձեւով աջակցությունից, նաեւ չի կարողանում օգտվել ուսանողական վարկի ձեւով տրամադրվող աջակցությունից այն պատճառով, որ ընտանիքի անդամն ունի վարկային վատ պատմություն:
Մեկ այլ բողոքով՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողին բանկերը մերժել են ուսանողական վարկ տրամադրել վերջինիս ծնողների վարկային վատ պատմություն ունենալու պատճառով:
Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանին դիմած ուսանողների բողոքները վերաբերում են նրան, որ կառավարության ցուցաբերած տարբերակումները, ուսանողների պնդմամբ, չունեն բավարար հիմնավորում, ինչպես նաեւ նրան, որ շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելիս կառավարությունը հաշվի չի առել այն ուսանողներին, որոնց ընտանիքները նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետեւանքով ունեցել են ֆինանսական դժվարություններ, նաեւ այն ուսանողներին, ովքեր միաժամանակ ե՛ւ աշխատել են, ե՛ւ սովորել: Ըստ բողոքների՝ փոխարենը փոխհատուցման ձեւով աջակցությունը տրամադրելու չափանիշ կառավարությունը դիտարկել է բուհը եւ ուսուցման համակարգը։
Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում նոր կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում նաեւ ուսանողներին աջակցություն տրամադրելու փաստը: Դրա հետ մեկտեղ պարզաբանման է ենթակա այն, թե արտակարգ դրության պայմաններում հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում ուսանողներին աջակցություն տրամադրելիս բարձր առաջադիմություն ունենալու պայմանից ինչու այլ չափանիշներ կամ պայմաններ հաշվի չեն առնվել: Խոսքը վերաբերում է ուսանողների եւ նրանց ընտանիքների ֆինանսական դժվարություններին, բանկերի կողմից վարկեր չտրամադրելու ռիսկերին եւ այլն: Նշված բոլոր հարցերով համապատասխան գրություն է ուղարկվել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
ԱԱՏՄ կասեցումների ցանկում վերջին օրերին կան նաեւ պետական հիմնարկներ։
ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ
Կասեցվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը։ Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցը երեկ կրկին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր. նախորդիվ այստեղ մի քանի անգամ եւս անցկացվել էին խստացված վերահսկողական աշխատանքներ։
Ամեն հերթական դիտարկման արդյունքում արձանագրվող խախտումները կրճատվում են, կասեցման միջնորդությունների թիվը՝ նույնպես։ Վերջին օրերին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից կասեցվողների թիվը եւս զգալիորեն նվազել է։ Վերջիններիս ցանկում նկատվում է խոշոր տնտեսավարողների թվաքանակի անկման միտում. աշխատանքի ժամանակավոր արգելք առավելապես կիրառվում է ԱՁ-ների հանդեպ։
ԿԱՐՃԱՏԵՎ ԱՆՁՐԵՎՆԵՐ
Հայաստանի շրջանների մեծ մասում հուլիսի 10-ի գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները հյուսիս-արեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 25-30 մ/վ արագությամբ: Տեղ-տեղ կարկուտ կտեղա։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի: Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչեւ 20-25 մ/վ:
ՇՈՒԿԱՆ ՓԱԿԵՑԻՆ
«Ասատրյանների ՍԱԽԱ-Լենա» ՓԲԸ-ն կամ գյումրեցիներին հայտնի «Միկրոյի շուկան» երեկ՝ վաղ լուսաբացին, ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պատասխանատուները կողպել, աշխատանքը կասեցրել, առեւտրականներին իրենց գյուղմթերքով հետ են դարձրել: Որոշումը պարետինն է, կասեցումն էլ՝ 24 ժամ: Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ համաճարակային կանոնների խախտումներ էին արձանագրվել օրեր առաջ, արձանագրությունն ուղարկվել է պարետատուն, որոշումն էլ ստացվել է երեկ, եկել կասեցրել են աշխատանքը: