Հուլիսի 11-ի առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Այգեստան գյուղի տներից մեկից գողացել են տանտիրուհու ոսկեղենը՝ պատճառելով մոտ 450 հազար դրամի վնաս։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ու փորձաքրեագետները համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզեցին մի շարք հանգամանքներ։ Վարկած առաջ քաշվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինի կարի մեքենան նորոգելու համար տուն եկած տղամարդը։ Վարկածի իսկությունը հավաստող փաստական տվյալներ ձեռք բերվեցին, ինչից հետո Երևանի բնակիչ տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Նա խոստովանական բացատրություն է տվել։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ մատանիներն ու շղթան վաճառել է մայրաքաղաքում։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։