Գիշերը գյուղի եւ դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ չեն եղել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանը:
«Գյուղում ամեն ինչ նորմալ է, գիշերը խաղաղ է անցել»,-ասաց նա։
Իսկ ահա սահմանամերձ Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը մեզ հետ զրույցում հակիրճ տեղեկացրեց, որ այս պահին գյուղում իրավիճակը լարված չէ։
«Իրավիճակը գյուղում նորմալ է, խուճապային տրամադրություններ չկան, գյուղում կյանքն ընթանում է բնականոն հունով»,-նշեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Լիդա Եղիազարյան