ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ-ում հեշտ չի լինի միասնական տեսակետ ձևավորել, Բելառուսն ընկերական է Ադրբեջանի հետ. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Արտաքին ու պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավար Ֆյոդոր Լուկյանովը ArmLur.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանում նոր լարված գործողությունները, առավել ևս պատերազմի վերսկսումը ձեռնտու չէ ոչ մեկին, այդ թվում՝ ՌԴ-ին եւ նրանք ամեն ինչ կանեն իրավիճակի հանդարտեցման համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանը լարված է. պարբերաբար ադրբեջանական կողմից սադրանքներ են տեղի ունենում: Այս օրվա սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար վերսկսում էր հրետանակոծությունը, որոնք բոլորը թիրախավորվել են ՀՀ ԶՈւ դիպուկահարների կրակով եւ լռեցվել: Երեկ էլ ադրբեջանական ԶՈւ-ն նաեւ 82 եւ 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ է արձակել Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չեն եղել, բայց արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։

Լուկյանովը մեզ հետ զրույցում բնական համարեց, որ չլուծված հակամարտության գոտիներում կարող է ժամանակ առ ժամանակ լարվածություն լինել: «Այդպիսի գոտիներում իրավիճակի լարում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչ քայլեր պետք է կատարի ՀԱՊԿ-ը եւ մյուս կառույցները, ապա դա պարզ է: Նրանք պետք է անեն այն, ինչ անում էին մինչեւ այժմ, փորձեն եւ ձգտեն՝ որքան հնարավոր է շուտ հարթեն իրավիճակը, որովհետեւ լարվածություն կարող է լինել, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի  միջև լայնածավալ պատերազմը ձեռնտու չէ  ոչ մեկին եւ այդ պատճառով բոլորը մաքսիմալ ուժեր կներդնեն՝ իրավիճակի հանդարտեցման համար: Առաջին հերթին այստեղ խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, որի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմն ամենավատ սցենարը կարող է լինել: Ես կարծում եմ՝ դիվանագիտական ջանքեր կներդրվեն՝ թե հրապարակային, թե ոչ  հրապարակային, ինչպես նախկինում էր եւ կարծում եմ՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա», – նկատեց նա:

Նշենք, որ երեկ ի սկզբանե հայտարարվեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի միջև տեղի ունեցած միջադեպերի մասով ՀԱՊԿ-ը պետք է արտահերթ նիստ հրավիրեր, սակայն ավելի ուշ այն հետաձգվեց: Ֆյոդոր Լուկյանովը նկատեց, որ այդ կառույցում իրավիճակը բարդ է՝ հաշվի առնելով անդամ երկրների հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ:  «Ես կարծում եմ՝ դժվար է գտնել բոլորի համար ընդունելի հրապարակային կարծիք: Հայտնի է, որ այդ կառույցում ուշադիր են Ադրբեջանի դիրքորոշման շուրջ, չնայած կառույցի անդամ է հանդիսանում Հայաստանը: Այդ պատճառով ամեն ինչ այնքան էլ հեշտը չէ: Բելառուսի դիրքորոշումը միշտ եղել է ընկերական Ադրբեջանի հետ եւ հիմա ՀԱՊԿ-ը գլխավորում է հենց Բելառուսի  ներկայացուցիչը: Այնպես որ հստակ է՝ հեշտ չի լինի միասնական տեսակետ ձեւավորել, սակայն կարծում եմ՝ հայտարարություն կանեն»:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս