Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ օտարերկրյա որդեգրումների գործընթացում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առք և վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր խումբ: Քննության տվյալներով՝ խմբի անդամների մի մասն օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում փաստացի իրականացրել է օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչի գործառույթներ, մի մասը` նրանց մատուցել ծառայություններ, որի դիմաց 2005-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև՝ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից ընկերությունների ներկայացուցիչների փաստացի գործունեություն իրականացնող անձանց, նրանց մտերիմների բանկային հաշիվներին ՀՀ քաղաքացի հանդիսացող առնվազն 114 երեխայի որդեգրման գործընթացում փոխանցվել են ավելի քան 1.800.000 եվրո և 26.000 ԱՄՆ դոլար գումարներ, իսկ 2007թ. սկսած, որպես արտերկրից գումարների փոխանցման նպատակ, նշվել են օտարերկրացի որդեգրող ծնողների տվյալները:
Պարզվել է, որ օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչների գործառույթներն իրականացնող անձինք յուրաքանչյուր որդեգրման համար ստացել են առանձին գումար, որի չափն էականորեն ավելին է եղել որդեգրման ընթացքում ՀՀ տարածքում կատարվելիք ծախսերի համար անհրաժեշտ գումարից, ինչի արդյունքում գործընթացի մասնակիցներն ստացել են չարդարացված եկամուտ։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՀՀ տարածքում գործող ծննդատների պատասխանատու աշխատակիցները պայմաններ են ստեղծել, որպեսզի երեխաների կենսաբանական ծնողները, մոլորության մեջ ընկնելով կամ սպառնալիքի ազդեցությամբ, հրաժարվեն իրենց երեխաներից, իսկ խմբում ընդգրկված՝ ՀՀ տարբեր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, նպաստել են, որպեսզի որդեգրման գործընթացն անխոչընդոտ իրականացվի՝ որոշ դեպքերում անգամ կազմելով և համապատասխան մարմիններին ներկայացնելով կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր։
Միաժամանակ, քննությամբ առերևույթ տվյալներ են ստացվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում օտարերկրյա պետությունում հավատարմագրված և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձը, 2010-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, ինչպես նաև՝ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից Հայաստանի Հանրապետությունում առևտրային գործունեություն իրականացնող բանկերից մեկում գործող հաշվեհամարին ստացել է ավելի քան 1.290.000 եվրո գումար՝ ձևակերպելով որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր: Այնուհետև, նպատակ ունենալով թաքցնել հիշյալ գումարների հանցավոր ծագումը, տարբեր անձանց և նպատակներով նշված բանկային հաշվից փոխանցել է ավելի քան 430.000 եվրո, իսկ ավելի քան 402.000 եվրո գումար կանխիկացվել է նրա կողմից, որի գերակշիռ մասում նշված է եղել նաև նպատակը, այն է՝ անձնական կարիքների համար: Նշված անձի մտերիմ ՀՀ մեկ այլ քաղաքացի նույն գործընթացում իտալական վերոնշյալ կազմակերպություններից ստացել է ավելի քան 55.000 եվրո գումար, որոնք ձևակերպվել են որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր, ինչպես նաև նշված հաշվեհամարին կանխիկ մուտքագրել է տարբեր չափի գումարներ: Նախաքննությունը շարունակվում է:
Նկատենք, որ նախաքննական մարմինը անուներ չէր տվել, թե այս աղմկահարույց գործով ինչ պաշտոնատար անձինք են անցնում: Նախաքննական մարմնի կողմից որդեգրման գործընթացում հանցավոր խումբ ստեղծելու քրեական գործով անցնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Արգամ Ստեփանյանը, որը, ըստ մեզ հասած տեղեկությունների, Հայաստանի Հանրապետությունում չէ եւ գտնվում է Չեխիայում: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հարուցված քրեկան գործով շոշափվում է նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի անունը:
Ի դեպ, Լալա Ղազարյանը վարչության պետի պաշտոնից ազատվել է 2014 թվականին սեփական դիմումի համաձայն: Հավելենք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ քրեական գործով անցնող պաշտոնատար անձանց շրջանակը այսքանով չի ավարտվում, եւ մեր լրագրողական հետաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան