Չպետք է սպասենք՝ ով ինչ կասի, պետք է պատրաստ լինենք ամեն ինչի. Մանվել Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, իսկ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտնում է արդեն 11 զոհի մասին:

ArmLur.am-ը զրուցել է Երկրապահ կամավորական միության փոխնախագահ Մանվել Եղիազարյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, թե մշտապես կապի մեջ են գտնվում եւ անհրաժեշտության դեպքում միանշանակ օգնության կգնան, սակայն միաժամանակ նկատեց, որ հիմա նման անհրաժեշտություն չկա:

-Պարո՛ն Եղիազարյան, հետեւո՞ւմ եք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Ինչի՞ հետեւանք եք համարում ադրբեջանական կողմի ագրեսիան:

-Այս փուլում ադրբեջանական կողմը կրկին ագրեսիայի դիմեց, քանի որ տարիներ շարունակ չլուծված հանգույցը պետք է կամաց-կամաց լուծում ստանա: Մենք պետք է պատրաստ լինենք նման զարգացումների եւ Արցախի խնդիր պետք է միայն ու միայն հաղթանակով ավարտենք: Մենք ուրիշ ճանապարհ չունենք: Ցավալի է, որ արդեն երկու զոհ ունենք, հրաշալի անձնավորություններ: Սակայն մենք պետք է ոչ թե ողբանք դրա համար, այլ վրեժով լցվենք: Ապրիլյան պատերազմի դեպքերի ժամանակ պետք էր մեկին հինգ, մեկին յոթ, մեկին տասը պատասխանել, ոչնչացնել, որպեսզի նրանք հասկանային, քանի որ իրենք մենակ այդ լեզուն են հասկանում: Պետք է հասկանալ՝ մենք գործ ունենք քնած մարդու գլուխը կտրող մարդկանց հետ: Այդ մարդիկ են դրանք, կիսավայրենիներ եւ քոչվորներ, իսկ նրանց պետք է ոչնչացնել, երբ նրանք ձեռք են բարձրացնում մեր զինվորների վրա: Ես այդ  կարծիքին եմ, իսկ այդ դեպքերը լինելու են, մինչև խնդիրը չլուծվի, դրանք շարունակական են լինելու: Արցախյան խնդիրը դարձել է խոց, անընդհատ մեծանում է եւ մի օր պայթելու է: Եթե մի օր այդ խոցը որոշի պայթել, մենք ոչինչ չենք կարող անել, պարզապես պետք է պատրաստ լինենք, որ այդ խոցը մեզ չվտանգի, այլ կարողանանք տեր կանգնենք մեր հողերին:

-Այս օրերին կրկին խոսվում է միջազգային հանրության, եւ հատկապես ՀԱՊԿ-ի անհամարժեք արձահանքի մասին: Արդյոք պետք է սպասել արձագանքի, թե պետք է հույսներս մեր վրա դնել:

-Գիտեք՝ դեպքերը տեղի են ունենում Տավուշում եւ ոչ թե Արցախում: ՀԱՊԿ-ը պետք է պարտադիր իր կարծիքն արտահայտի, դատապարտի եւ կոչ անի, որպեսզի դադարեցնեն կրակը: Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք ի վերջո եւ դեպքերը տեղի են ունեցել Տավուշում: Եթե դեպքերը տեղի ունենային Արցախում, կարող էին նրանք չխառնվել, բայց Հայաստանն ի վերջո այդ կառույցի անդամ է: Ես կարդացել եմ, որ արձագանքել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ասել է ՝ վերջ տվեք: Բայց մենք պետք է դրան չսպասենք, մենք պետք է ազգովի ելնենք ոտքի, ով ինչ ունի, վերցնի եւ պատրաստ լինի ամեն ինչի: Այդպես  պետք է անենք, թե ինչ կասի Մինսկի խումբը, ՀԱՊԿ-ը կամ Եվրամիությունը, երկրոդական է, մենք պետք է ազգովի պատրաստ լինենք: Պետք է ամեն ինչ ավարտենք միայն ու միայն հաղթանակով:

-Պարո՛ն Եղիազարյան, հիմա կառույցը տեսնում  է անհրաժեշտություն օգնելու ՊՆ-ին: Քննարկումներ եղե՞լ են:

-Մենք միշտ պատրաստ ենք այդպիսի զարգացումների: Մենք ինչպես կթողենք՝ ադրբեջանցիները մտնեն մեր երկիր: Մենք ոտքի վրա ենք, պատրաստ ենք ամեն ինչի: Բայց առայժմ խնդիրներ չկան, մենք բոլորի հետ կապ ենք պաշտպանում, տղաներին զանգահարել ենք, բոլորը ոտքի վրա են: Բայց դեռ ոչինչ չի ասվել, ոչնչի կարիք չկա, քանի որ մեր զորքերը, մեր զինվորները սահմանները պաշտպանում են դեռ:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս