Ես միայն մի բան կարող եմ ասել, որ հարկավոր է բոլորս միասին միավորվենք եւ սիրով ապրենք: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գեւորգյանը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին:
«Ապրենք իրար սիրելով, իրար ներելով, որ կարողանանք հանկարծակի այս տեսակ արհավիրքների դեպքում դիմակայել, երբ հանկարծ ինչ-որ մեկը համարձակվի հարձակվել մեր սահմանի վրա, բոլորս կարողանանք ուս-ուսի տված գնանք եւ մեր զինվորի կողքին կանգնենք: Մենք պետք է միմյանց հետ սիրով լինենք»,-ասում է նա:
Արա Գեւորգյանի խոսքով՝ նա շատ մտահոգված է մեր ժողովրդի համար, քանի որ մեր ազգը պառակտվել է, ամենուրեք հայհոյանքներ են տեղում:
«Ինձ դուր չի գալիս, վաղը չենք կարողանալու սահմանին իրար կողք-կողքի կանգնել: Դրա համար ես կոչ եմ անում միավորվենք, միասին լինենք, իրար սիրենք, խաղաղ ապրենք , չփնովենք, չթերագնահատենք, իրար շատ չգնդակահարենք հայհոյանքներով: Ապրենք իրար սիրելով, որ միախմբված կանգնենք մեր զինվորի կողքին, միայն այս դեպքում որեւէ թշնամի չի համարձակվի հարձակվել մեր սահմանի վրա, եթե զգա մենք կանգուն ենք եւ միասին: Ես միայն կոչ եմ անում, որպեսզի ամուր լինենք, պինդ լինենք։ Մենք պետք է պարտադրենք խաղաղությունը , մենք պետք է իրենց ստիպենք՝ խաղաղվեն , իրենք մեր ուժին են սովոր, մեր խաղաղ քաղցր լեզուն չեն հասկանում: Ամեն ինչ ուզում են անել , որ մտնեն մեր սահման, մենք էլ պետք է մի բռունցք դառնանք, որպեսզի հարվածը շատ ուժգին լինի»,-հավելում է մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ունենք 4 զոհ:
Լիդա Եղիազարյան