ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես խորապես անհանգստացած եմ բռնության աճով, որը մենք նկատեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, եւ կոչ եմ անում անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման:

Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, սերտ կապեր են պահպանում կողմերի հետ՝ փորձելով կայունացնել իրավիճակը: 2019-ի մարտին Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Վիեննայում կայացած իրենց հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստեղծվել են ուղիղ կապի ուղիներ: Ռաման հույս է հայտնել, որ նման մեխանիզմները կարող են օգտագործվել իրավիճակը կարգավորելու համար:

Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու ընկերներին եւ մտահոգություն է հայտնել երկու կողմից տուժածների բարեկեցության վերաբերյալ: «Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվազեցվի հակամարտության ազդեցությունը մարդկանց վրա եւ, որքան հնարավոր է շուտ, վերսկսվեն բուն բանակցությունները»,- ասել է Ռաման՝ ընդգծելով իր աջակցությունը Մինսկի գործընթացին:




Լրահոս